Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴԱԳԱՂՆԵՐԸ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ ՉԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ

Մարտ 16,2007 00:00

\"\"Շատ թաղապետարաններ չգիտեն էլ, որ օրինախախտ դագաղագործներին ու վաճառականներին կարգի հրավիրելու գործն իրենց վրա է դրված:

Անցյալ տարվա փետրվարից ուժի մեջ է մտել «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ արգելվում է փողոցներում բացեիբաց ցուցադրել դագաղներ, ծաղկեպսակներ եւ սգո այլ պարագաներ: Դրանց վաճառքը կարող է իրականացվել միայն վարագուրապատված կամ մգեցված ապակիներով առեւտրի խանութներում՝ բացառելով որեւէ սգո պարագայի արտաքին ցուցադրումը: Մինչդեռ այսօր մայրաքաղաքի բոլոր համայնքներում վաճառողները, չբավարարվելով խանութների վրա նշված «դագաղ», «սգո պարագաներ» եւ նմանատիպ այլ նշումներով՝ շարունակում են նախկինի պես դագաղի կափարիչը, սգո ծաղկեպսակը եւ անցորդների վրա հոգեբանորեն ազդող այլ պարագաներ ցուցադրել բացեիբաց: Վերահսկողությունը, որպեսզի վաճառականները նման խախտումներ չանեն՝ դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա: Սակայն որեւէ համայնքապետարան այդ վաճառակետերի նկատմամբ նորմալ վերահսկողություն չի իրականացնում: Օրինակ, Կենտրոն համայնքի՝ Նար-Դոսի, Աջափնյակի՝ Լենինգրադյան, Մալաթիա-Սեբաստիայի՝ Րաֆֆու փողոցներում, Շենգավիթի համայնքի՝ Գարեգին Նժդեհի անվան հրապարակում տեղակայված սգո պարագաների վաճառակետերն ու խանութները ոչ միայն վարագուրապատված կամ մգեցված ապակիներով չեն, այլեւ իրենց դագաղներով ու ծաղկեպսակներով արդեն գրավել են մայթերն ու դուրս եկել փողոց:

Երբ տարբեր համայնքներից հետաքրքրվեցինք, թե այս մեկ տարվա ընթացքում, ինչ օրենքն ուժի մեջ է մտել, քանի՞ տնտեսվարողի եք զգուշացրել կամ տուգանել, պարզվեց՝ Շենգավիթի թաղապետարանում մեզանից էին լսում, որ իրենք իրավասու են եւ պարտավոր են նման մեխանիզմներ կիրառել օրինախախտների նկատմամբ: Շենգավիթի թաղապետի տեղակալ Անդրանիկ Շահումյանն «Առավոտին» պարզաբանեց. «Մենք ուղղակի վերահսկում ենք, զգուշացնում, բայց օրենքում նման բան չկա, որ եթե վաճառականը ծաղկեպսակը դրսում դնի՝ մենք դրա համար նրան տուգանենք: Այ, հիմա նոր օրենք է մշակվում, որով գուցեեւ մեզ տուգանելու իրավունք վերապահվի»:

Կենտրոն թաղապետարանում տեղյակ էին եւ արդեն մի քանի հոգու նույնիսկ տուգանել էին: Կենտրոնի առեւտրի եւ սպասարկումների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Միքայելյանի ներկայացմամբ՝ իրենք անցյալ տարվա ընթացքում օրենքի խախտման 4 դեպք են գրանցել եւ բոլոր օրինախախտներին տուգանել 30 000-ական դրամով: Իսկ այս տարի դեռ ոչ մի դեպք չի գրանցվել:

Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանը նույնպես տուգանքների միջոցով է դագաղագործներին կարգի հրավիրում: Թաղապետարանի առեւտրի եւ սպասարկումների բաժնի պետ Դավիթ Օհանյանի խոսքերով՝ «մեր համայնքում մեկ խախտում է գրանցվել, որի համար տուգանել ենք 20 հազար դրամով, իսկ այս տարի դեռ ոչ մի տուգանք չի սահմանվել, միայն զգուշացրել ենք»:

Եթե թաղապետարանները նորմալ չեն վերահսկում սգո պարագաների վաճառքի հետ կապված խնդիրները, քաղաքապետարանը պետք է համայնքապետերի նկատմամբ վերահսկողություն սահմանի: Սակայն քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Կարեն Գեւորգյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ քաղաքապետարանը թաղապետարանների նկատմամբ վերահսկում իրականացնելու որեւէ լծակ չունի. «Մենք ընդամենը թաղապետարանների վրա զայրանալով՝ ստիպում ենք նրանց, որ նմանատիպ խախտումների մեկ-երկու արձանագրություն կազմեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել