Լրահոս
Օրվա լրահոսը

Դարչինյան-Արսե մենամարտը հասունանում է

Մարտ 19,2007 00:00

\"\"Թեթեւագույն (մինչեւ 50,802 կգ) քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Վախթանգ (Վիկ) Դարչինյանը (28 մենամարտ, 28 հաղթանակ, որից 22-ը՝ նոկաուտով) 2005 թվականի սկզբից սկսած՝ իր հետ մենամարտել առաջարկում է մեքսիկացի Խորխե Արսեին (50 մենամարտ, 46 հաղթանակ, որից 35-ը՝ նոկաուտով): Անցած այս ամբողջ ընթացքում վանաձորցի բռնցքամարտիկը մշտապես հայտարարել է Արսեի հետ ցանկացած ժամանակ ռինգ մտնելու իր պատրաստակամության մասին: Ավելին, Վիկի պրոումոթեր Գերի Շոուն նույնիսկ մի քանի անգամ բանակցել է Արսեի պրոումոթեր Բոբ Արումի հետ, սակայն մեքսիկացու թիմը խուսափել է մարտահրավերն ընդունելուց: Վերջերս էլ չեմպիոնական գոտին հերթական անգամ պաշտպանելուց հետո Վիկը կրկին ձեռնոց նետեց Արսեին, եթե նա, իհարկե, ապրիլի 14-ին հաղթի առաջին թեթեւագույն քաշային կարգում WBC-ի չեմպիոն Քրիստիան Միխարեսին: Ու մեքսիկացին այս անգամ ընդունեց մարտահրավերը՝ իր հարցազրույցներից մեկում հայտարարելով հետեւյալը. «Վստահ եղեք: Ես անպայման նրա հետ կհանդիպեմ: Վախթանգ, ես պատրաստ եմ քեզ հետ մենամարտել Սիդնեյում եւ քո բարեկամներն էլ թող մրցավար լինեն: Քեզ ոչինչ չի փրկի ծեծից, որ պատրաստվում եմ քեզ տալ: Բարձրագոչ հայտարարություններ անելը հեշտ է եւ ինձ գտնելն էլ դժվար չէ: Պարզապես, խնդրիր քո պրոումոթերին պաշտոնապես դիմել Բոբ Արումին: Դատարկ խոսքերը ոչինչ չեն նշանակում: Ես կասկածում եմ, որ դու դրանք կապացուցես գործով»:

Հետաքրքիր է, որ 27-ամյա Արսեն այսպես չէր խոսում երկու տարի առաջ: Գուցե նա հույսը դրել է այն բանի վրա, որ Վախթանգն արդեն 31 տարեկա՞ն է: Բայց Վիկն իրեն հիմա էլ գերազանց է զգում: Երեւանում եղած ժամանակ, կապված տարիքի հետ՝ նա «Առավոտին» ասել էր, թե պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի համար իր իսկական կարողությունները դրսեւորելու լավագույն տարիներն սկսվում են 30 տարեկանից:

Արձագանքելով Արսեի պատասխան մարտահրավերին՝ Վիկի մենեջեր Էդուարդ Ղումաշյանը հայտարարել է. «Եթե մեքսիկացին մարտի 14-ին հաղթի Քրիստիան Միխարեսին, Դարչինյանը պատրաստ կլինի Արսեի հետ հանդիպել երբ եւ որտեղ նրան հարմար է: Դա աստղերի մենամարտ կլինի, ավելի լավը, քան Վասկես-Մարկես կամ Դե Լա Խոյա-Մեյվեյզեր հակամարտությունները»:

Սակայն Արսեի պրոումոթեր Արումի խոսքերը ինչ-որ չափով չեն համընկնում իր հովանավորյալի ունեցած մարզական սկզբունքներին եւ ցանկություններին: Ըստ նրա, Արսեի նման բռնցքամարտիկները պետք է իրենց համբավին համապատասխան հոնորարներ ստանան: Դարչինյանի հետ մենամարտը կկայանա միայն այն դեպքում, եթե որեւէ հեռուստաընկերություն հեռարձակման համար պատշաճ գումար կառաջարկի:

Աբրահամ-Միրանդա ռեւանշ մրցամարտը հետաձգվո՞ւմ է

\"\"Արտասահմանյան լրատվամիջոցների հրապարակումները ենթադրել են տալիս, որ մարզասերները IBF-ի վարկածով միջին քաշային կարգում Արթուր Աբրահամ-Էդիսոն Միրանդա ռեւանշ մրցամարտին, որ հավանաբար կայանալու էր ամռանը կամ աշնանը, դեռ էլի պետք է սպասեն: Բանն այն է, որ կոլումբիացին հաջորդ մենամարտն անցկացնելու է հուլիսին՝ ամերիկացի Քելլի Պավլիկի հետ, որի հաղթողը WBC-ի եւ WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Ջերմեն Թեյլորի դեմ մենամարտելու իրավունք է ստանալու:

Միրանդա-Պավլիկ առճակատման նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, քանի որ ռինգում միմյանց դեմ են ելնելու երկու նոկաուտյորներ: «Las Vegas Reiew-Jornal»-ը տեղեկացնում է, որ մարտի 3-ին Պուերտո-Ռիկոյում ամերիկացի Ալան Գրինի հետ մենամարտում միավորներով հաղթանակ տարած Միրանդայի մրցելույթը Պավլիկին ամենեւին դուր չի եկել, առավել եւս, որ երկուսն էլ այդ օրը հայտնվել են նոկդաունում:

Նոր անուն՝ պրոֆեսիոնալ ռինգում

Խոսքը Ռուսաստանում ծնված, բայց ներկայումս Ֆրանսիայի Տուլոն քաղաքում բնակվող մեր հայրենակից Լյովա Կիրակոսյանի մասին է: Նա օրերս Պորտուգալիայի Ալգարվ քաղաքում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ «փետուրների» (մինչեւ 47,627 կգ) քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի թափուր տեղի համար հանդիպեց ռինգի տերերից Անտոնիո Ժոաո Բենտոյի հետ: Ի հիասթափություն վերջինիս երկրպագուների, Բենտոն արդեն 3-րդ ռաունդում Կիրակոսյանի հուժկու հարվածից հետո հայտնվեց ռինգի հատակին: Ճիշտ է, նա կարողացավ ոտքի կանգնել, բայց հայազգի բռնցքամարտիկի հարվածների նոր տարափը մրցավարին հարկադրեց անմիջապես դադարեցնել մարտը:

Պատրաստեց ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել