Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ՝ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ

Մարտ 21,2007 00:00

Արոնյանն առայժմ երկրորդն է

\"\"Մոնակոյում շարունակվող «16th Amber Blindfold and Rapid Chess Tournament» շախմատի միջազգային գերմրցաշարի երրորդ տուրից հետո Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մրցաշարային աղյուսակում առաջատարի դերը զիջեց Վլադիմիր Կրամնիկին: Երրորդ տուրում Լեւոնը «կույր» շախմատում պարտվեց իսրայելցի Բորիս Գելֆանդին, սակայն «արագ» շախմատում վրեժխնդիր եղավ նրան: Երեկ կայացած չորրորդ տուրից առաջ, որում Արոնյանի մրցակիցը նորվեգացի Մագնուս Կարլսենն էր, ընդհանուր մրցաշարային աղյուսակը 5,0 միավորով գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկը: Հայաստանցի աշխարհի գավաթակիրը 4,5 միավորով երկրորդն է: Նրան կես քայլ է զիջում լավագույն եռյակը եզրափակող ուկրաինացի Վասիլի Իվանչուկը:

Հետաքրքրական է, որ Արոնյանը «արագ» շախմատում առայժմ ունի լավագույն ցուցանիշը՝ 3,0 միավոր, իսկ «կույր» շախմատում՝ 5-րդը՝ 1,5 միավոր:

Գաբրիել Սարգսյանն առաջատարն է

\"\"Իսպանիայի Սաֆրա քաղաքում մեկնարկել է Ռյուի Լոպեսի անվան շախմատի 15-րդ կարգի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են ութ հայտնի գրոսմայստերներ՝ Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա), Կրիշնան Սաշիկիրանը (Հնդկաստան), Գաբրիել Սարգսյանը (Հայաստան), Իվան Սոկոլովը (Հոլանդիա), Խուլիո Գրանդա Սինուգան (Պերու), Մանուել Պերես Կանդելարիոն (Իսպանիա), Հու Յիֆանը (Չինաստան), Անտոանետա Ստեֆանովան (Բուլղարիա):

Գաբրիելը մեկնարկային տուրում պարտության է մատնել Հու Յիֆանին, այնուհետեւ հաղթել է Ստեֆանովային եւ երրորդ տուրում միավորը բաժանելով Սոկոլովի հետ՝ 2,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաեւ Կանդելարիոն, սակայն նա լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Երեկ չորրորդ տուրում Գաբրիելն ուժերը չափելու էր Սաշիկիրանի հետ:

Բաժանել է 2-9-րդ տեղերը

Գերմանիայում ավարտվել է Բադ-Վյորիսհոֆեն քաղաքի շախմատի բաց առաջնությունը, որում մասնակիցները մրցել են շվեյցարական մրցակարգով (9 տուր): Հայաստանցի գրոսմայստեր Սերգեյ Գալդունցը, հանդես գալով ուժեղագույնների խմբում, 7,0 միավորով բաժանել է 2-9-րդ տեղերը:

Հայուհին գրեթե Ռուսաստանի չեմպիոն է

\"\"Սանկտ Պետերբուրգում երեկ կայանալու էր շախմատի մինչեւ 20 տարեկանների Ռուսաստանի առաջնության վերջին տուրը: Աղջիկների մրցապայքարում գերազանց է հանդես գալիս Լիպեցկի մարզը ներկայացնող մեր հայրենակցուհի Տաթեւիկ Հայրապետյանը: Նախավերջին տուրից հետո Տաթեւիկը 7,5 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ մոտակա մրցակիցներին գերազանցելով ամբողջ մեկ միավորով: Չեմպիոնի կոչումը նվաճելու համար հայ շախմատիստուհուց պահանջվելու էր եզրափակիչ պարտիայում չպարտվել:

Սեւակ Մխիթարյանը՝ Սան Պաուլուի չեմպիոն

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում անցկացված շախմատի բաց առաջնությունում այդ երկրի բնակիչ, հայազգի Սեւակ Մխիթարյանը, յոթ տուրում ցույց տալով 100 տոկոսանոց արդյունք, նվաճել է չեմպիոնի կոչումը: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Սեւակը մինչ այդ, մասնակցելով Բրազիլիայի բաց առաջնությանը, դարձել է երկրորդ մրցանակակիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել