Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքը մինչեւ ամսի 25-ը չէ»

Մարտ 29,2007 00:00

Ասել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը 2003 թվականի մայիսի 15-ին՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ:

Վերջերս լրագրողների մի խմբում զրուցում էինք այն մասին, որ այս խորհրդարանական քարոզարշավը սովորականից ավելի ծանր է լինելու, քանի որ ՀՀԿ-ն որոշել է քարոզարշավը սկսել երկու թեւով՝ հանրապետության մի մարզում, նույն օրը, նույն ժամին քարոզարշավ կիրականացնի պաշտպանության նախարար, կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, մյուսում՝ կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Սակայն այս անգամ եւս մեր երկրում շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ հիմա վարչապետի մահով շատ հարցեր այլ կերպ կդասավորվեն: Երեկ ուսումնասիրում էի մեր արխիվը եւ ընթերցում վարչապետին վերաբերող իմ հրապարակումները: Առաջինը, որ աչքի զարնեց, այս մի քանի տողն էր, որ վարչապետը ասել էր 2003-ի մայիսի 15-ին՝ Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Անդրադառնալով ՀՀԿ-ի ուղղությամբ հնչող մի քանի մեղադրանքներին՝ վարչապետն այն ժամանակ ասել էր. «Պատասխանելու ենք ուղղակի քաղաքակիրթ ճանապարհով, իրենց նման գոտիկից ներքեւ հարվածներ չենք տա, պատասխանելու ենք՝ ցույց տալով մեր եւ իրենց տարբերությունը՝ երկրի առջեւ ծառացած խնդիրների նկատմամբ եղած վերաբերմունքի տարբերությամբ։ Պատասխանել՝ չի նշանակում կռվել, չի նշանակում թշնամանալ։ Եվ այդ պատասխանելու հնարավորությունն ավելի շատ մենք տեսնում ենք ոչ թե այս 10-15 օրվա, այլ հետագա տարիների ընթացքում, մեր գործերն ի ցույց դնելով։ Կյանքը մինչեւ ամսի 25-ը չէ»։ Ակամա զուգահեռն ինքնըստինքյան ծնվեց՝ Անդրանիկ Մարգարյանը մահացավ ամսի 25-ին:

Նույն այդ հանդիպման ժամանակ վարչապետը նաեւ ասել էր. «Որ մենք թերություններ ունենք՝ գիտենք, ինքներս ենք ասում, որ կիսատ-պռատ գործեր կան, ոչ ճիշտ կադրային բազայով ենք դա կատարել՝ ինքներս ենք ասում»: Սակայն Անդրանիկ Մարգարյանն այն ժամանակ չխոստացավ, թե անմիջապես, շուտով, հենց այս րոպեին «հակաճգնաժամային ծրագրի» շրջանակներում երկրի վիճակը լավանալու է։

Լուսաբանելով քարոզարշավի այլ մանրամասներ՝ նաեւ գրել էինք. «Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպումների ժամանակ անկեղծորեն խոստովանում էր. «Իհարկե, ժողովրդին խաբելը շատ լավ բան է ընտրությունների ժամանակ, բայց հետո պատասխան տալու ժամանակն է գալու։ Սակայն երբ նաեւ դաշնակցիդ ես հարվածում, դա արդեն անընդունելի է։ Թեպետ առաջինը եւս անընդունելի է, բայց ոնց որ թե ժողովուրդն էլ է ցանկանում խաբվել։ Կցանկանայի ձեզ կոչ անել, որ շատ ավելի իրատես լինեք խոստումների նկատմամբ»։

Իսկ արդեն 2005-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարել էր. «Մենք ընտրությունների հետեւանքով եկել ենք իշխանության, կազմել ենք կոալիցիա, եւ, բնականաբար, եթե կոալիցիան ինքը չի նախաձեռնում, մենք դեմ ենք լինելու իշխանափոխության ցանկացած նախաձեռնության: Եվ եթե ընդդիմությունն ասում է իշխանափոխություն, դա չի վերաբերում միայն ՀՀ նախագահին, դա վերաբերում է եւ ԱԺ նախագահին, եւ կառավարությանն ու վարչապետին: Մենք թիմով ենք եկել եւ թիմով էլ պետք է գնանք՝ մասնակի իշխանափոխություն չի լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել