Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական օբյեկտը՝ ծառերի հաշվին

Ապրիլ 13,2007 00:00

\"\"Ըստ բնակիչների, Շենգավիթի թաղապետ Մարտին Սարգսյանի ընկերը թաղապետի անունն օգտագործում է:

Մոտ մեկ ամիս առաջ Շենգավիթ համայնքի Բագրատունյաց փողոցի 14-րդ շենքի կանաչապատ տարածքը՝ Գարեգին Նժդեհի հրապարակի անմիջապես հարեւանությամբ, ինչ-որ մեկը ցանկապատել է ու սկսել շինարարություն իրականացնել: Ըստ որոշ լուրերի, այդ կառուցապատման աշխատանքներն իրականացնում է Շենգավիթի թաղապետ Մարտին Սարգսյանի մոտ ընկերը՝ Արսեն անունով: Այդ իսկ պատճառով, որքան էլ շրջակա շենքերի բնակիչները բողոքում են, որ իրենց բակն ու կանաչ տարածքը ավերվում են, որ շինարարության հետեւանքով իրենց բնակարանների լույսը կփակվի, կառուցապատողը հաշվի չի առնում՝ ասելով, որ ինքը թաղապետի ընկերն է եւ ինչ ուզի՝ կանի, իսկ բողոքելու դեպքում էլ Արսենը զգուշացնում է, որ թաղապետարանում, միեւնույն է, ընթացք չեն տա: Բնակիչները տեղեկություններ ունեն, որ ցանկապատված կանաչապատ տարածքում պատրաստվում են խանութ կառուցել, իսկ այդ դեպքում ծառեր էլ պիտի հատվեն:

Այս առնչությամբ Շենգավիթի թաղապետարանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ, թե ո՞ւմ է պատկանում կառուցապատվող օբյեկտը, եւ շինությունն ապօրինի՞ է, թե՞ ոչ: Փոխթաղապետ Արբակ Աբրահամյանը հարցին տեղեկանալուց հետո պատասխանեց, որ իրենց աշխատակիցները գնացել են ու պարզել, որ այդ հասցեում նորակառույց շինություն չկա. «Շատ հնարավոր է, որ ուղղակի վերանորոգում է իրականացվում եւ միայն փոխում են դուռն ու լուսամուտները: Ձեր մատնանշած կառույցն արդեն մի քանի տարի է՝ կա եւ նոր չի կառուցվել: Ես անգամ տեղյակ չեմ, թե այդ կառույցն ում է պատկանում եւ օրինակա՞ն է կառուցվել, թե՞ ոչ, իսկ դա պարզելու համար ժամանակ է պահանջվում: Եթե այդ կառույցը պատկաներ թաղապետի ընկերներից որեւէ մեկին, ես անպայման տեղյակ կլինեի, այդպիսի բան չկա»: Այդուհանդերձ, փոխթաղապետը խոստացավ, որ այդ խնդրով մանրակրկիտ կզբաղվի եւ կպարզաբանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել