Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ

Ապրիլ 13,2007 00:00

\"\"ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանի որդին՝ Նարեկ Առուշանյանը քոլեջ կղեկավարի անկուսակցական քեռու փոխարեն:

Ապրիլի 6-ին Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի երկարամյա տնօրեն, անկուսակցական Սամվել Պետրոսյանն ազատվել է աշխատանքից եւ նրա փոխարեն տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Նարեկ Առուշանյանը: Վերջինս Ս. Պետրոսյանի քրոջ՝ ԱԺ դաշնակցական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի որդին է: Նա 1,5 տարի է, ինչ աշխատում է նույն քոլեջում: Ս. Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ ուրիշներից է իմացել քրոջ որդու նշանակման մասին եւ անակնկալի եկել, որովհետեւ հիվանդ էր ու աշխատանքի չէր գնում, իսկ Ա. Պետրոսյանն ու Ն. Առուշանյանը իր հետ երբեք չեն խոսել այդ թեմայով: Ըստ մեր զրուցակցի, օգտվելով դաշնակցության այսօրվա նպաստավոր դիրքից, Ալվարդ Պետրոսյանն իր որդուն ուսումնական հաստատության ղեկավար է դարձրել: «Մեր տունը քանդվել է, որովհետեւ դեպուտատը տնից է: Սուտ ու նենգություն կա այս ամբողջ պատմության մեջ, վիրավորված եմ 40-50 տարվա մանկավարժական աշխատանքիս համար: Ո՞նց թե մարդուն օգտագործեն ու դո՞ւրս գցեն: Թող տպավորություն չստեղծվի, թե ես կառչած եմ աթոռից: Գիտեմ, որ 65 տարիս լրանա՝ պիտի գնամ: Բայց սեպտեմբերի 1-ին մեր քոլեջի շենքի բացումն է, որի համար կյանքս եմ տվել, ողջ նախագիծն ինքս եմ արել: Ի՞նչ կլիներ, որ բացմանը մասնակցեի, նոր ազատեին… Կամ եթե 2 ամիս հետո պիտի տնօրենի թափուր տեղի համար ընտրություն լինի, ինչո՞ւ են նորելուկին զոռով խցկում: Փառահեղ ուսմասվար կա քոլեջում՝ Գեւորգյան Ալբերտը, որ տիրապետում է ամեն ինչին, բոլոր երեխաներին անուն-ազգանունով՝ սոցիալական վիճակներն էլ հետը, անգիր գիտի, թող նրան նշանակեին: Հետո՞ ինչ, որ քրոջս տղան է, ախր տարի ու կես է, որ մանկավարժության հետ առնչվում է: Ժամանակին ամբողջ օրը արվեստանոցում պարապ-սարապ նստած էր, ես տեղավորեցի մեր քոլեջում: Մի 3 ամիս աշխատեց՝ թողեց-փախավ: Մայրն էլ գտնում էր, թե դա նրա տեղը չէ՝ ԱԳՆ-ում էր ուզում տեղավորել: Հետո էլի Ալվարդը խնդրեց, որ տեղավորեմ: Տեղավորեցի, ուսումնարանի շնորհքով տղերքին էլ կցեցի, որ իրեն սովորեցնեն… Մի խոսքով, վիրավորված եմ թիկունքումս կատարվածի համար: Սա այն դեպքն է, որ քույր-եղբայրը նշանակություն չունի: Ինքը (Ալվարդ Պետրոսյանը- Գ. Հ.), որ ազգանունը փոխի, ավելի հանգիստ կլինեմ, ախր մեր ընտանիքի մեջ նման արատավոր բան չի եղել երբեք»,- հուզված պատմում էր Սամվել Պետրոսյանը: Նա պնդում է, որ առերես քույր ու եղբայր չեն խոսել, թե Նարեկը պիտի քոլեջի տնօրեն նշանակվի, փոխարենը «առաջին անգամ իմ թոշակի գնալու մասին Ալվարդից եմ լսել հեռախոսով՝ ասում էր դու եւ Սեն Արեւշատյանն եք այդ տարիքի»:

Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի նախկին տնօրենը հայտնեց նաեւ, որ ժամանակին Լ. Մկրտչյանը խոստացել էր մեկ տարով երկարացնել իր պայմանագիրը, ինչը չի արել:

ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը «Առավոտին» պարզաբանեց, որ Նարեկ Առուշանյանը նշանակվել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրենի պաշտոնակատար՝ նախարարի հայեցողությամբ եւ դրա մեջ օրենքի որեւէ խախտում չկա, իսկ առաջիկայում կկայանա նաեւ մրցույթ՝ թափուր պաշտոնի համար. «Ինչ վերաբերում է աշխատանքային պայմանագրի երկարացմանը, այո՛, բանավոր խոսակցություն նախարարի հետ եղել է: Բայց քանի որ ՊՈԱԿ օրենքը նման հնարավորություն չի տալիս, Սամվել Պետրոսյանի պայմանագիրը չի երկարացվել»:

Նարեկ Առուշանյանից հետաքրքրվեցինք՝ իր հնարավոր նշանակման մասին երբեւէ զրուցե՞լ է քեռու՝ Սամվել Պետրոսյանի հետ: «Շատ կարճ, առանձնապես լուրջ խոսակցություն չի եղել»,- ասաց նա: Իսկ պատրա՞ստ է ղեկավարել մի կոլեկտիվ, որն իր քեռուն ավելի շատ է հարգում ու ընդունում, քան իրեն: «Ինչո՞ւ ոչ: Ես ի պաշտոնե գալիս եմ կոլեկտիվ ղեկավարելու, բայց նախեւառաջ իրենց ընկերն եմ, մանկությունից բոլորին ճանաչում եմ ու գիտեմ»,- ասաց Ն. Առուշանյանը՝ չկամենալով այլ բան հավելել ասվածին:

Ն. Առուշանյանի մայրը՝ ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանն էլ հեռախոսով ասաց, որ չի ցանկանում որեւէ մեկնաբանություն անել եւ եղբոր հետ բանավիճել թերթում. «Ես իմ ճշմարտությունն ունեմ, եղբայրս՝ իրենը: Իսկ տնօրենի պաշտոնակատար նշանակված որդիս ոչնչով մեղավոր չէ, որ ես եմ իր մայրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30