Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՄԵԿՆԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 13,2007 00:00

Եվրոպայի առաջնությունում ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականները գլխավորապես համալրված կլինեն Գյումրիի մարզիկներով: Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները մեկնում են Ստրասբուրգ, որտեղ կայանալու է մարզաձեւի Եվրոպայի առաջնությունը: Երեկ տղամարդկանց եւ կանանց հավաքականների գլխավոր մարզիչներ Աշոտ Մխիթարյանը եւ Արտաշես Նազարյանը «Առավոտին» հայտնեցին այն ծանրորդների անունները, ովքեր մեկնելու են մրցավայր: Նրանք են: Տղաներ. 62 կգ քաշային կարգ՝ Արսեն Թամրազյան (Գյումրի), 69 կգ՝ Տիգրան Մարտիրոսյան (Գյումրի), 77 կգ՝ Գեւորգ Դավթյան եւ Արա Խաչատրյան (երկուսն էլ՝ Գյումրի), 85 կգ՝ Արսեն Մելիքյան (Երեւան), 105 կգ՝ Ռաֆիկ Չախոյան (Գյումրի) եւ Արթուր Բաբայան (Վանաձոր):Աղջիկներ. 63 կգ՝ Մելինե Դալուզյան (Գյումրի), 69 կգ՝ Նազիկ Ավդալյան (Գյումրի), 75 կգ՝ Հռիփսիմե Խուրշուդյան (գյուղ Քասախ):Ներկայացնելով անունները՝ գլխավոր մարզիչները նաեւ ասացին. «Նշած մարզիկների համար օդանավի տոմսերն արդեն պատվիրված են: Սակայն սպասում ենք Մոսկվայից նրանց դոպինգային ստուգման պատասխանին: Ինչպես գիտեք, վերջին տարիներին Հայաստանում պարտադիր կարգ է սահմանված, որ մարզիկները պաշտոնական պատասխանատու մրցումների մեկնելուց առաջ պետք է պարտադիր դոպինգ-ստուգում անցնեն ժամանակակից հակադոպինգային լաբորատորիաներից որեւէ մեկում: Մենք համոզված ենք, որ հայ ծանրորդները «մաքուր» են ու խթանիչ օգտագործած լինելու հարցում ոչ մի խնդիր չունենք: Պարզապես, մեզի նմուշները Մոսկվայի լաբորատորիա ուղարկելով եւ դրանց պատասխանին սպասելով, կատարում ենք ընդունված կարգի պահանջները»:Ավելացնենք, որ Ստրասբուրգ է մեկնում նաեւ տղաների հավաքականի երկրորդ մարզիչ, աշխարհի կրկնակի ռեկորդակիր Խաչատուր Քյափանակցյանը, իսկ աղջիկների գլխավոր մարզչին կօգնի Հռիփսիմե Խուրշուդյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել