Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՌՈՒՍՆԵՐԻՆ «ՀԱՆԳՍՏԱՑՆԵԼՈՒ» ՋԱՆՔԵՐԸ ԼՐՋԱՆՈՒՄ ԵՆ

Ապրիլ 23,2007 00:00

\"\"Մոսկվա են մեկնում Ռոբը եւ Կոնդին

ԱՄՆ Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) նոր ծրագիրը, որի շրջանակներում Վաշինգթոնը նախատեսում է ՀՀՊ համակարգի որոշ տարրեր տեղակայել Արեւելյան Եվրոպայի տարածքում, շարունակում է մնալ միջազգային թեժ ու բազմակողմ քննարկումների առարկա: Հիմնական բանավեճը, սակայն, ծավալվում է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ: Ու թեեւ Պետդեպի եւ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ այդ հարցում մտադիր չեն տրվել Մոսկվայի ճնշումներին, որը, ամերիկացիների խոսքերով, իրավունք չունի ԱՄՆ-ին թելադրել, թե ինչպես իր հարաբերությունները կառուցի այլ երկրների հետ, Վաշինգթոնը, այնուամենայնիվ, Մոսկվայի հակազդեցությունը մեղմելու փորձեր է անում: Մեր նախկին հրապարակումներում արդեն նշել ենք, որ, այսպես կոչված, «բացատրական աշխատանքների» շրջանակներում Ջորջ Բուշի վարչակազմը պարբերաբար մասնագետների եւ պաշտոնյաների խմբեր է գործուղում Մոսկվա՝ նպատակ ունենալով ռուսներին համոզել, որ նոր ՀՀՊ համակարգը ոչ միայն թշնամական նախագիծ չէ, այլեւ երկու երկրներին համագործակցելու լայն հնարավորություններ է տալիս:

Իսկ վերջին շրջանում Վաշինգթոնը բավականաչափ լրջացրել է «բացատրող» խմբերի կարգավիճակը: Օրերս հայտնի դարձավ, որ հաջորդ շաբաթ Մոսկվա են այցելելու ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը եւ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը: Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, վերջիններիս ունենալիք հանդիպումների գլխավոր օրակարգային հարցը լինելու է Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ բաղադրիչների տեղակայման ամերիկյան ծրագիրը: Հաղորդումներ կան նաեւ այն մասին, որ ամերիկյան այս երկու Top պաշտոնյաները Ռուսաստան են գալիս խնդրո առարկա ոլորտում համագործակցության շատ կոնկրետ առաջարկներով, Մոսկվայից ակնկալելով նույնքան կոնկրետ պատասխաններ:

Հետաքրքիր է, որ Պենտագոնի եւ Պետդեպի ղեկավարների մոսկովյան այցի նախաշեմին պաշտոնական Վաշինգթոնը որոշել է քողազերծել ՀՀՊ համակարգին առնչվող որոշ ասպեկտներ, հրապարակելով դրա ռազմավարական նշանակությանն ու տեխնիկական նկարագրին առնչվող տվյալներ: Որոշ դիտորդների կարծիքով, այդ քայլով Միացյալ Նահանգները փորձում է Ռուսաստանին ցուցադրել թափանցիկ գործելու իր պատրաստակամությունը:

ԱՄՆ Պետդեպի՝ օրերս տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ արձանագրվում է, որ ներկայումս չափազանց մեծ է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների դեմ միջուկային, կենսաբանական եւ քիմիական զենքի կիրառմամբ հարձակման հավանականությունը: Ընդ որում, այդ զենքերը թիրախներին կարող են հասցվել «բալիստիկ հրթիռների» օգնությամբ: Նշվում է նաեւ «առավել անպատասխանատու ռեժիմներ» ունեցող այն երկրների խումբը, որոնք տիրապետում են այդպիսի հրթիռների: Դրանք են՝ Իրանը եւ Հյուսիսային Կորեան: Այսպիսով, առաջին անգամ Միացյալ Նահանգները պաշտոնապես ազդարարում է, որ Լեհաստանում եւ Չեխիայում տեղակայվելիք հակահրթիռային համակարգերը նախատեսված են հատկապես այդ երկու երկրներից պաշտպանվելու համար: Ավելի վաղ ամերիկացիները միայն թափանցիկ ակնարկներ էին հնչեցնում: Մի քանի տեխնիկական մանրամասներ. Լեհաստանում կառուցվելիք բազան, որում տեղաբաշխվելու է 10 հակահրթիռային կայանք, զբաղեցնելու է 275 հեկտար տարածք, իսկ բազան սպասարկելու է 200 ռազմական եւ քաղաքացիական մասնագետ: Չեխիայում տեղակայվելիք ռադիոլոկացիոն կայանը զբաղեցնելու է 30 հեկտար տարածք, իսկ դրա սպասարկման համար նախատեսվել է 150 հաստիք: Պետդեպի հաղորդագրության մեջ ընդգծված է, որ եվրոպական կայանքները չեն հանդերձավորվելու մարտագլխիկներով. թշնամու հրթիռները ոչնչացվելու են «բախման ժամանակ առաջացած կինետիկ էներգիայի շնորհիվ»: Ընդ որում, հակառակորդի հրթիռների «որսը» տեղի է ունենալու տիեզերքում: Պայթյունից առաջացած բեկորների մեծ մասը, ըստ մտահղացման, այրվելու եւ ոչնչանալու է մթնոլորտի խիտ շերտերի հետ շփման ժամանակ: Հատուկ նշվում է նաեւ, որ Եվրոպայում կառուցվելիք մեկնարկային հորերը զբաղեցնելու են այնպիսի տարածք, որը հնարավորություն չի տա արձակել հարձակողական տիպի հրթիռներ:

Դժվար է ասել, իհարկե, թե որքանով ռուսներին համոզիչ կթվան այս եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների մոսկովյան այցի ընթացքում ներկայացվելիք մյուս փաստարկները: Դիտորդները, սակայն, բավական լարված բանակցություններ են կանխատեսում: Մոսկվան արդեն իսկ համապատասխան ֆոն է ապահովել այդ բանակցությունների համար, երկրի փոխարտգործնախարարի շուրթերով հայտարարելով, որ ԱՄՆ ՀՀՊ ծրագրի պատճառով Ռուսաստանը հարկադրված է վերանայել իր անվտանգության հայեցակարգը, այն հարմարեցնելով «նոր իրողություններին»: Այդուհանդերձ, շատերը կարծում են, որ Մոսկվայում պատրաստ են առեւտրի: Թեկուզեւ՝ ժողովրդավարության վիճակի շուրջ պարբերաբար ներկայացվող պահանջների կամ ԱՊՀ տարածքներում ազդեցությունների հստակեցման հարցերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել