Լրահոս
Օրվա լրահոսը

Կշիկանա՞ն կրքերը Զոլաքարում

Ապրիլ 26,2007 00:00

Թռչունիչը շարունակում է բողոքել

Կոմունիստ, թիվ 24 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Խորեն Թռչունի Սարգսյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ ուրբաթ օրը Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում իր եւ ընտրողների հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ (այդ մասին մենք գրել ենք շաբաթ օրվա համարում եւ ներկայացրել էինք նաեւ գյուղապետի տեսակետը կատարվածի մասին) դիմել է ԿԸՀ եւ միջազգային դիտորդներին՝ խնդրելով այս ընտրատարածքում առավել մեծ ուշադրություն կենտրոնացնել: Հիշեցնենք, որ կատարվածի առիթով թեկնածուն դիմել է նաեւ ոստիկանություն եւ այժմ ընթանում է քննություն:

Երեկ Խորեն Սարգսյանը «Առավոտին» ասաց. «Այդ գյուղի աստվածային ժողովրդին այդ 3-4 հոգին (նկատի ունի գյուղապետին, պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանին եւ նրանց մտերիմներին- Մ. Ե.) ահաբեկել են, մեկը Հակոբ Հակոբյանի աներձագն է, որը ուժի զոռով այդտեղ գյուղապետ է դարձրել իր մարդուն: Անցած անգամներում եւս այստեղ ծեծկռտուք եւ հանցագործություններ են եղել, գործ է հարուցվել, սակայն ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, դե, բնական է, որ Հակոբ Հակոբյանի ձեռքի գործն է, եւ նա է կազմակերպել, որ պատասխանատվության չեն ենթարկվել: Այ, եթե օրենքը գործեր եւ սրանք իրենց կատարած հանցագործությունների համար առաջին անգամ կալանավորվեին, նման բան տեղի չէր ունենա: Այս անգամ եւս իրենք ծեծկռտուք սարքեցին խաբեությամբ: Սկզբում հոսանքը չէին տվել, ես ժողովրդի հետ կանգնել էի՝ հազարից ավելի մարդկանց հետ, մինչ մենք խոսում էինք, հանկարծ տղաներին կանչում են, թե՝ եկեք, պետք է հոսանքը միացնենք, իմ տղաներից 4-ը գնում է հոսանքը միացնելու: Գյուղապետարանում դուռը փակում են եւ իմ ջահել տղաներին ծեծում են: Դուք իրենց հետ էլ էիք խոսել եւ գրել էիք, որ գյուղապետարանում ծեծկռտուք է եղել, իրականում դա եղել է կազմակերպված ծեծ, եւ գյուղապետը շտաբի պետի հետ ծեծել է իմ տղաներին: Ընդհանրապես, Մարտունիում բոլոր ընտրատարածքներում կարծես պարտադիր պայման է, որ ՀՀԿ շտաբները լինեն գյուղապետարաններում կամ մշակույթի տներում, այսինքն՝ այն տեղերում, որտեղ տեղավորված են տեղամասային հանձնաժողովները: Փաստորեն, գյուղապետի կաբինետը նաեւ շտաբ է, եւ տղաներին ծեծել են շտաբի բոլոր անդամները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել