Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀՈՂԱԿՏՈՐԻ ՀԱՄԱՐ

Մայիս 01,2007 00:00

Ապրիլի 26-ին Վանաձորում վիճաբանություն եւ արդյունքում նաեւ սպանություն էր տեղի ունեցել: Կատարված ողբերգությունը վանաձորցիները կապում էին ընտրությունների հետ՝ նշելով, թե սպանվածը թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վիկտոր Դալլաքյանի համախոհներից է եղել, իսկ նրան սպանող անձինք՝ Դալլաքյանի մրցակից թեկնածու Վահրամ Բաղդասարյանի թիմակիցները: «Առավոտի» ապրիլի 27-ի համարում մենք արդեն անդրադարձել ենք այդ միջադեպին՝ ներկայացնելով ե՛ւ Վ. Բաղդասարյանի, ե՛ւ Վ. Դալլաքյանի մեկնաբանությունները: Հիշեցնենք, որ Վ. Բաղդասարյանի ասելով՝ վիճաբանությունը տեղի էր ունեցել կենցաղային հողի վրա, եւ վիճաբանող երկու կողմերն էլ եղել էին հենց իր համախոհներն ու նախընտրական շտաբի աշխատակիցները:

Թե ինչից էր ծագել վիճաբանությունը՝ անցյալ ուրբաթ տակավին հայտնի չէր: Սակայն երեկ տեղի ունեցածի վերաբերյալ նոր մանրամասնություններով հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազությունը: Վերջինիս տարածած հաղորդագրության համաձայն եւս պարզվել է, որ վիճաբանությունը ծագել է կենցաղային հարցի շուրջ: Մասնավորապես՝ Վանաձորի Վարդանանց 51 շենքին կից հողատարածքի համար վեճ է ծագել քաղաքի բնակիչ, սպանված Հրանտ Հակոբյանի  եւ նրա համաքաղաքացի Սամվել Դիլոյանի միջեւ (երկուսն էլ հանդիսացել են ԱԺ պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի նախընտրական շտաբի աշխատակից):

Երեկ պատգամավորության թեկնածու Վ. Բաղդասարյանի նախընտրական շտաբից «Առավոտին» հայտնեցին, թե դատելով Վ. Դալլաքյանի այն պնդումից, թե՝ սպանված Հ. Հակոբյանն իր համակիրն է եղել, պետք է եզրակացնել, որ Վ. Դալլաքյանը Հ. Հակոբյանին դիտավորյալ եւ նախապես մտածված կերպով է «գործուղել» Վ. Բաղդասարյանի շտաբ՝ սադրանքներ հրահրելու համար: Այս առնչությամբ ինքը՝ Վ. Բաղդասարյանն ասաց, թե չէր ցանկանա տեղի ունեցածը դարձնել շահարկման առարկա, «սակայն եթե որոշ մարդիկ ցանկանում են ամեն ինչ օգտագործել քաղաքականության մեջ իրենց հաշվին միավորներ գրանցելու համար, ապա դա պարզապես բարոյական չեմ համարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել