Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» չի քարոզում

Մայիս 01,2007 00:00

\"\"Կուսակցության ղեկավարն անցնում է հանրապետության գյուղերով եւ քաղաքներով՝ ժողովրդի ձեռքը սեղմելու համար:

«Ժառանգություն» կուսակցության այցն Արարատի գյուղերն ու քաղաքները նման էր էքսկուրսիայի, ոչ թե նախընտրական քարոզարշավի: Կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մարզում շրջագայելու ամբողջ ընթացքում կանգնեցնում էր «Ժառանգության» «լոգոյով» ավտոբուսն ու բարեւում անցորդներին, առաջարկում էր նրանց նաեւ ուղեկցել: Գրեթե բոլոր վայրերում նրան օրհնում էին ու հաղթանակ ցանկանում: Կուսակցությունն առաջինը կանգ առավ Խոր Վիրապում: Պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ խնդրանք ուներ Աստծուց, որ նախօրոք Խոր Վիրապի եկեղեցում մոմ վառեց եւ աղոթեց, նա պատասխանեց. «Այն, ինչ դուք եք խնդրում` ե՛ւ անձնական, ե՛ւ համամարդկային առումով»:

«Առավոտի» այն դիտարկմանը, որ «Ժառանգությանը» շատ են համեմատում Միացյալ աշխատանքային կուսակցության հետ` այն առումով, որ նրանք էլ էին 2003-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույն մարտավարությունը վարում, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես այդպիսի համեմատություններից տեղյակ չեմ ու ասեմ, որ մենք նման չենք որեւէ այլ ուժերի ու Ազգային ժողովում մենք մեծամասնություն ենք կազմելու»:

Սուրենավանում հերթական բարեւներից եւ ձեռքսեղմումներից հետո պարոն Հովհաննիսյանը մտավ մի բաց դռնով, պարզվեց՝ այնտեղ Հայրապետյանների ընտանիքը հարսանիքի պատրաստություն էր տեսնում: Նրանք ներկաներին եւս հրավիրեցին մասնակցելու, բայց կուսակցականներին դրսում մի խումբ գյուղացիներ էլ էին սպասում: Սուրենավանցիները մեզ հետ զրույցում բողոքեցին, որ իրենց գյուղում արդեն մի քանի ամիս է, ինչ ջուր չի գալիս. «Չենք կարողանում ձեռքներս լվանալ, հող էլ չենք մշակում»: Արարատ գյուղում «Ժառանգության» ղեկավարը այցելեց սպարապետի մորը՝ տիկին Գրետային՝ նրա օրհնությունը ստանալու համար: Տիկին Գրետան տվեց իր օրհնությունն ու բացեց Վազգեն Սարգսյանի թանգարանը, չնայած այդ օրը թանգարանը չէր աշխատում: Այն հարցին, թե այս նախընտրական շրջանում որեւէ մե՞կն էլ է այցելել տիկին Գրետային, վերջինս պատասխանեց, որ միայն ՀՀԿ-ի կողմից իրենց գյուղում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Մանվել Ղազարյանն է եկել իրենց տուն. «Բայց դա ոչ մի կապ չունի ընտրությունների հետ»: Վեդիում եւ Արտաշատում Րաֆֆի Հովհաննիսյանի այցը համընկավ «Ազգային միաբանություն» կուսակցության այցին: Վեդիում ԱՄ առաջնորդ Արտաշես Գեղամյանը միայն ձեռքով բարեւեց եւ անցավ իր մոլի երկրպագուների հետ զրույցին, իսկ Արտաշատում ԱՄ փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանը, ընդհատելով այդ ժամանակ ելույթ ունեցող Գագիկ Թադեւոսյանին, հայտարարեց. «Ծափահարենք «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին»:

Արարատի Այնթափ գյուղում էլ պարոն Հովհաննիսյանը ծաղիկներ դրեց 1920 թվականի ինքնապաշտպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել