Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ» ՈՒ «ԻՄՊԻՉՄԵՆՏԸ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷԻՆ

Մայիս 08,2007 00:00

\"\"Մեկը գլուխ էր գովում, մյուսն էլ նրա հրաժարականը պահանջում

Շաբաթ օրը «թիկնապահների» մի մեծ բանակով, Հանրապետական կուսակցության ծրագրերը քարոզող էստրադայի աստղերի ուղեկցությամբ, Շիրակի մարզ էր ժամանել հանրապետական վարչապետ Սերժ Սարգսյանը: Նախքան վարչապետի Մարալիկ հասնելը, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները փողոցներում մեծ ավտոբուսներ կանգնեցնելով՝ գյումրեցիներին առաջարկում էին իրենց հաշվին հասնել մայրաքաղաք ու համերգ վայելել: Իհարկե, նրանք այս ձեւով կարողացան Գյումրիից «բալետ անողների» հսկա մի խումբ Մարալիկ տանել ու վարչապետին «բարձր մակարդակով» ընդունել: Սերժ Սարգսյանին չտխրեցրին նաեւ գյումրեցիները, որոնցից շատերն ինքնակամ էին եկել՝ ոչ թե Սերժ Սարգսյանին հանդիպելու, այլ ձրի համերգ լսելու եւ, ամենակարեւորը, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «քեֆ-հալից» տեղեկանալու համար: Նշենք, որ հրապարակում մեծ թիվ էին կազմում դպրոցական երեխաները, որոնք վարչապետի քարոզարշավը սկսելուն պես թողեցին ու հեռացան:

Ի դեպ, վարչապետի պատվին փակել էին բոլոր փողոցները, համերգն էլ սկսել էին նրա ժամանելուց դեռ մեկ ժամ առաջ: Գյումրեցիներն ամենից շատ հուզվեցին հատկապես քաղաքապետին տեսնելիս, ով ելույթ ունեցավ՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, որ կարծես իր հետ ոչ մի վատ բան չէր պատահել: «Աստծո ողորմությամբ ես այստեղ եմ, ինչքան էլ չարերը դավեն, միեւնույն է, ձեզ հետ միասին կառուցելու ենք մեր երկիրը, մեր քաղաքը»,- ասաց քաղաքապետը՝ մեկ անգամ եւս գյումրեցիներին պարզաբանելով, թե ինչու է ինքը համաձայնել դառնալ հանրապետական: Նա չմոռացավ իր ելույթում խայթել վաղեմի հակառակորդին՝ Շիրակի դաշնակցական մարզպետին: «Կան կուսակցություններ, որոնք խոսում են մաքրությունից, արդարությունից ու շիտակությունից, չորս հազար անօթեւանը սարքեցին հազար հինգ հարյուր, եւ մարդիկ անգամ իրենց ոսկուց սարքած ատամներն էին բերաններից հանում ու տալիս կաշառք, որ տուն ստանային, եւ նրանք ասում են՝ գյումրեցիներ, մեզ ձայն պետք է տաք: Ոչ, նրանք իրավունք չունեն այստեղից ձայն տանելու: Այստեղից իրավունք ունի ձայն տանելու այն կուսակցությունը, ով մեր թասիբը քաշում է»,- ասաց քաղաքապետը՝ գովերգելով վարչապետ Սերժ Սարգսյանին: «Ես չեմ ասում, թե մենք ոչնչից չենք վախենում, միայն ապուշը ոչնչից չի վախենում, ուղղակի կան մարդիկ, ովքեր վախի ազդեցության տակ փոխում են իրենց որոշումները, իսկ մենք այդպիսին չենք, ինչքան էլ կրակեն մեր վրա, ինչքան էլ փորձեն պախարակել, շանտաժի ենթարկել, մենք ծառայելու ենք մեր ժողովրդին: Հարգելի գյումրեցիներ, ամեն ինչ պետք է իր տեղում օգտագործել, զենքը պետք է օգտագործել սահմանին՝ հակառակորդի դեմ, խելքը պետք է օգտագործել աշխատանքի ժամանակ»,- ասաց Սերժ Սարգսյանը:

«Ոչ սերժանտացմանը, որ ռոբոտացմանը, իշխանավորները պետք է իրենց աթոռներից պոկվեն ու մեղադրայլի աթոռին նստեն» կարգախոսով էլ հաջորդ օրը՝ կիրակի, նույն հրապարակում հանդես եկան «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչները: Նրանք թեեւ հանրապետականների պես մեծ ծախսեր չէին արել մեծ լսարան ապահովելու համար, այդուհանդերձ, «բալեշչիկների» թվով չէին զիջում իշխանական կուսակցությանը: Սա եզակի դեպք էր, որ մարդիկ ինքնակամ էին եկել հանրահավաքի: Գյումրեցիներն այնպես կլանված էին լսում, որ հանդիպումի ավարտից հետո երկար ժամանակ շրջափակել էին Նիկոլ Փաշինյանին՝ նրան թույլ չտալով հեռանալ: «Դուք էս ի՞նչ օրն եք գցել ժողովրդին, դուք մտածում եք, որ ստրուկ պահեք՝ բանա՞կ եք ունենալու, որ ստրուկ պահեք՝ գյուղացի՞ եք ունենալու, ուզում եք պառլամենտում հավաքել խուժանին, կիսագողականին, ինչի՞ համար, որ պառլամենտում նստեք՝ մենակ կոճակ սեղմեք, մենք ասում ենք այսպիսի իշխանությանը իմպիչմենտ եւ լիարժեք անելու ենք դա»,- հայտարարեցին «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031