Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է կրքեր առաջացնումԸստ ՀԺԿ նախագահի՝ միայն նախագահական ընտրությունները

Մայիս 10,2007 00:00

«Կրքեր առաջացնում են նախագահական ընտրությունները: Մարդիկ փոփոխությունների հույսը մշտապես կապել են նախագահական ընտրությունների հետ»,- երեկ այսպիսի բացահայտում արեց Ստեփան Դեմիրճյանը: ՀԺԿ նախագահը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նաեւ, որ քարոզարշավի եզրափակիչ ակորդը կլինի մայիսի 10-ին, ժամը 17-ին, Մատենադարանում ՀԺԿ հրավիրած հանրահավաքը: ՀԺԿ նախագահի կարծիքով, ՀԺԿ-ն եղել է ամենից ակտիվ կուսակցություններից մեկը նախընտրական քարոզարշավի ընթացքում: Ստեփան Դեմիրճյանն այցելել է գյուղեր, ուր տարիներ շարունակ որեւէ պաշտոնյա ոտք չի դրել, ուր մարդիկ ապրում են, ավելի ճիշտ՝ գոյատեւում են ծայրահեղ անմխիթար, թշվառ վիճակում: Ստեփան Դեմիրճյանը գնահատելով ընտրողների ընդունելության մակարդակը՝ նկատեց, որ շատ բնակավայրերում իրեն ընդունել են նույնքան ջերմ, որքան 2003 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ: Ի տարբերություն իշխանական ուժերի, մասնավորապես՝ Հանրապետականի, որը իր բոլոր հանդիպումներում նշում է, որ ժողովրդի սոցիալական վիճակը անցած ընտրություններից մինչ հիմա ընկած հատվածում լավացել է, որ մարդիկ հիմա ավելի լավ են հագնվում, ուտում եւ ապրում, ՀԺԿ նախագահը հակառակն է տեսել իր այցերի ընթացքում: Ստեփան Դեմիրճյանի տեսած Հայաստանը էապես տարբերվում է Սերժ Սարգսյանի տեսած Հայաստանից. ըստ ՀԺԿ նախագահի, հիմա մարդիկ շատ ավելի վատ են ապրում եւ հուսալքված են, եւ սոցիալական խնդիրներն ավելի են խորացել: Միաժամանակ, իր եւ ընտրողների հանդիպումների ընթացքում ՀԺԿ նախագահը հասկացել է, որ ընտրողները հույսեր են կապում խորհրդարանական ընտրությունների հետ եւ մտածում են, որ դրանց արդյունքում հնարավոր կլինի փոխել իրենց կյանքը, երկրում իրավիճակը եւ բարոյահոգեբանական մթնոլորտը: Այս հույսն արդարացնելու եւ իրականություն դարձնելու համար, ըստ Ստեփան Դեմիրճյանի, հարկավոր է «ամեն ինչ անել»: Եվ այդ «ամեն ինչի» մեջ մտնում է նախ՝ մասնակցությունը ընտրություններին, իսկ եթե ժողովրդի քվեն դարձյալ կեղծվի՝ ՀԺԿ-ն պատրաստ է լինել պայքարողների առաջին շարքերում: Լրագրողներից մեկը քթի տակ նկատեց, որ այդ «առաջին շարքերում» կարծես այլեւս ազատ տեղ չկա:Ստեփան Դեմիրճյանը թվարկելով քարոզարշավի ընթացքում եղած խախտումները՝ նշեց մարդկանց վրա բանեցրած ճնշումները. «Շատ դեպքերում մարդկանց ստիպում են չգնալ հանդիպումների, սակայն մարդիկ այդ խոչընդոտները հաշվի չառնելով՝ գալիս են: Այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ չափազանց լայն թափ է ստացել ընտրակաշառքի բաժանումը: Դա, իհարկե, միշտ էլ եղել է, 2003-ին էլ է եղել, բայց այն, ինչ արվում է այս տարի՝ աննախադեպ է: Սակայն ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը մայիսի 12-ին կմերժի թե՛ ընտրակաշառքը եւ թե՛ ընտրակաշառք բաժանողներին»,- լավատես է Ստեփան Դեմիրճյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել