Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑ ԿԱ՞

Մայիս 12,2007 00:00

\"\"Իրոք հստա՞կ չէ, թե ինչ է ընտրակաշառքը եւ նախընտրական քարոզչությունը

Մայիսի 9-ին «Ռեգնում» գործակալության մամուլի սրահում հյուրընկալված արդարադատության նախարարը դիտարկում հայտնեց, թե «Ընտրական օրենսգրքի» եւ քրեական օրենսդրության մեջ բավականաչափ հստակ չէ ընտրակաշառքի վերաբերյալ ձեւակերպումը: Ըստ նրա, հստակ ձեւակերպված չէ նաեւ, թե հատկապես ինչն է նախընտրական քարոզչություն: Հայտնեց, թե տարբեր երկրներում տարբեր մոտեցում կա այս խնդրի հանդեպ՝ որոշ երկրներում քարոզչություն չէ անգամ կարգախոսը, եթե նրա վրա չկա տվյալ կուսակցությանը ձայն տալու կոչ, իսկ այլ երկրներում այս խնդիրը կանոնակարգվում է ավելի կոշտ պայմաններով:

Մինչդեռ անգամ մեր տեղական կազմակերպությունները, որոնք հետեւում են ընտրությունների անցկացման ընթացքին՝ զեկույցներ են հրապարակում քաղաքական ուժերի համար քարոզարշավային անհավասար պայմանների, պետական պաշտոնյաների կողմից քարոզչական նպատակներով վարչական ռեսուրսի օգտագործման, օգնությունների տեսքով բաժանվող ընտրակաշառքի, ԶԼՄ-ներում քարոզարշավների լուսաբանման անհամաչափության մասին եւ այլն: Նման կազմակերպություններից մեկն էլ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբի» նախագահ Ռուբեն Թորոսյանն է, որին ԿԸՀ-ն մերժեց գրանցել որպես դիտորդ, սակայն նա շարունակում է դիմում-առաջարկներ ներկայացնել ԿԸՀ-ին, հաղորդումներ՝ դատախազությանը, հրապարակում հայտարարություններ եւ զեկույցներ: Մեր հարցին՝ ուրեմն ի՞նչ խախտումներ եք արձանագրում, եթե օրենսդրությամբ հստակ սահմանված չեն ո՛չ ընտրակաշառք, ո՛չ էլ քարոզչություն հասկացությունները՝ Ռուբեն Թորոսյանը պատասխանեց. «Ընտրակաշառքը հստակ է սահմանված «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 7-րդ կետով: Էլ դրանից ավելին ի՞նչ է պետք»: Ըստ այդ դրույթի՝ «Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին (կուսակցություններին) արգելվում է անձամբ կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: Նշենք, որ ասուլիսի ընթացքում այս հոդվածն արդարադատության նախարարին հիշեցրինք նաեւ մենք, սակայն նա պատասխանեց, թե համարում է, որ այստեղ ամեն ինչ այնքան էլ հստակ սահմանազատված չէ՝ իրավական տեսակետից, եւ առաջարկեց քննարկում կազմակերպել այս թեմայով:

Ինչ վերաբերում է մյուս պնդմանը, թե նախընտրական քարոզչության սահմանումն էլ հստակ չէ՝ Ռուբեն Թորոսյանն ասաց, թե հստակ սահմանված չէ միայն մինչեւ պաշտոնական քարոզարշավի՝ օրենքով սահմանված մեկնարկը՝ տվյալ դեպքում, ապրիլի 8-ն իրականացվող քարոզչությունը: Իսկ մնացածի կապակցությամբ հիշեցրեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 11 հոդվածը, ըստ որի՝ «հանրաքվեների եւ ընտրությունների քարոզչությանը նախորդող ու դրանց անցկացման» ժամանակահատվածում «արգելվում է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակել քաղաքական կամ այլ քարոզչական նյութ՝ տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով։ Նման հաղորդումների սփռումը հեռուստատեսությամբ պետք է ուղեկցվի էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով՝ «քաղաքական գովազդ» կամ «նախընտրական քարոզչական հաղորդում», իսկ ռադիոսփռման դեպքում՝ յուրաքանչյուր հաղորդման ընթացքում, ոչ պակաս, քան 3 անգամ, պետք է հիշեցվի դրա մասին»: Այսպիսով, ըստ Ռուբեն Թորոսյանի՝ «Առնվազն այս հոդվածով մեր օրենսդրությունը հստակ ձեւակերպել է, որ ցանկացա՛ծ քաղաքական հաղորդում ընտրությունների ընթացքում նախընտրական քարոզչություն է»:

Արդարադատության նախարարը նաեւ նշե լ էր, թե ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այս անգամ դատական համակարգը պատրաստվել է ընտրական դատական հայցերին. «Դատավորները քննարկումներ, ուսումնական հանդիպումներ են ունեցել՝ փորձելով քննարկել տարբեր իրավիճակներ, եւ միասնական մոտեցումներ ձեւավորել տարբեր իրավիճակներին արձագանքելու առումով»: Դատելով «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբի» երեկ տարածած նախնական եզրակացությունից՝ դատարաններում իր շուրջ 100 դիմումների քննարկման վերաբերյալ, արձագանքման միասնական մոտեցումը մերժելն է: «Դատարանները կոպտորեն խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, ամենատարբեր անհիմն եւ անհեթեթ պատճառաբանություններով զանգվածաբար մերժում են բոլոր դիմումներն ընտրախախտումների վերաբերյալ»,- նշված է այս եզրակացության մեջ, որտեղ հանգամանալից մանրամասնած են թե՛ դատավորների, թե՛ կուսակցությունների թույլ տված խախտումները: Սակայն դրանք մեջբերելը թերեւս կխախտեր օրենքի դրույթը, ըստ որի՝ քվեարկության նախօրեին արգելված է քարոզչությունը: Չնայած պարզվում է, թե հստակ չէ՝ հատկապես ի՞նչն է քարոզչություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել