Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՃԻՇՏ ՉԵՆ ԱՍՈՒՄ

Հունիս 01,2007 00:00

\"\"Երեկ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում անճշտություն կար

Մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության վարչական շենքի 2-րդ հարկում գտնվող ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության տարածքում աշխատասենյակներից մեկի պատուհանից վայր ընկնելու արդյունքում մահացել էր մայիսի 9-ին տեղի ունեցած Ստեփան Վարդանյանի սպանության գործով վկա, «Պանդոկ» սրճարանի տնօրեն Լեւոն Գուլյանը: Մահվան պատճառների առնչությամբ երկու հիմնական վարկածներ կային. Գուլյանի հարազատները պնդել էին ու պնդում են, որ նրան ոստիկանության շենքում ծեծել են եւ ցած նետել, իսկ պաշտոնական աղբյուրներն ասում են, որ նա փորձել է դիմել փախուստի, սակայն վայր է ընկել ու մահացել: Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունն է հրապարակել մայիսի 13-ին ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական-գիտագործնական կենտրոնի դիահերձարանում կատարված Լ. Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Փորձաքննությանը ներկա են եղել Լ. Գուլյանի հարազատները եւ փաստաբանը: Տարածված հաղորդագրության համաձայն, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն այս է. «Գուլյանի մահը պայմանավորված է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով, որոնք էլ հետեւանք են համակցված՝ գանգուղեղային բաց, կրծքավանդակի եւ ողնաշարի փակ, բութ վնասվածքներով: Լ. Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված վնասվածքներն իրենց բնույթով եւ տեղակայմամբ բնորոշ են բարձրությունից (շուրջ 7 մետր) վայր ընկնելուն, անկման ընթացքում այլ արգելքներին, իսկ հետագայում նաեւ բութ կարծր մակերես ունեցող ծածկույթին, այդ թվում ասֆալտապատ գրունտին համահարվածվելուն: Լ. Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հետմահու վնասվածքներ չեն հայտնաբերվել»:

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ քննության արդյունքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել են դատաբժշկական եւ դատաբժշկական հանձնաժողովային, դատակենսաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային, դատաքիմիական-մանրաթելային համալիր փորձաքննություններ։ Ստացվել են մատնադրոշմային եւ Լ. Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները:

Եզրակացության առնչությամբ եղած առաջին արձագանքներից մեկն այն էր, որ այնտեղ ոչինչ նշված չէ, թե արդյոք մինչեւ պատուհանից վայր ընկնելու հետեւանքով ստացված վերոհիշյալ վնասվածքներից Գուլյանի մարմնի վրա այլ՝ ծեծի հետեւանքով եղած վնասվածքներ եղե՞լ են, թե՞ ոչ: «Առավոտը» երեկ դիմեց մի անկախ դատաբժշկի՝ եզրակացության առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար: Մեր աղբյուրն ասաց, որ եթե բացի մատնանշված վնասվածքները այլք լինեին, ապա եզրակացության մեջ անպայմանորեն դրանք մատնանշված կլինեին: Եթե նման ընդգծումներ չկան՝ դա արդեն նշանակում է, որ այլ վնասվածքներ՝ բացի ընկնելու արդյունքում ստացվածները, չեն եղել: Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ «դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հետմահու վնասվածքներ չեն հայտնաբերվել»: Ի՞նչ է սա նշանակում: Ըստ մեր աղբյուրի՝ այն, որ դա բացառում է շրջանառվող այն վարկածը, թե Գուլյանին այլ տեղում սպանել, հետո տեղափոխել են դեպքի վայր: Գուլյանի նախկին փաստաբան Արթուր Գրիգորյանը լրագրողներին հայտնել էր, թե Գուլյանի դիակի վրա բռնության հետքեր են եղել, այդ թվում՝ կապտուկներ ոտքերի տակ, ինչը դատաբժշկական փորձաքննությամբ, փաստացի, չի հաստատվել:

Այդուամենայնիվ, հաղորդագրության մեջ մի ապատեղեկատվություն հաստատ կա: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազության ասելով, Լ. Գուլյանին ՀՀ ոստիկանության ՔՀ գլխավոր վարչության 2-րդ վարչությունում հարցաքննել են 1-ին բաժնի պետ Գեւորգ Թադեւոսյանը եւ նույն բաժնի պետի տեղակալ Արայիկ Մգոյանը, որ Լ. Գուլյանը ջուր է խնդրել Ա. Մգոյանից,  եւ երբ վերջինս ջուր բերելու համար դուրս է եկել, նա, միայնակ մնալով բաժնի պետի աշխատասենյակում, փորձել է պատուհանից փախուստի դիմել, սակայն վայր է ընկել ու մահացել: Սակայն իրականությունն այն է, որ Գուլյանը վայր է ընկել ոչ թե բաժնի պետ Գ. Թադեւոսյանի, այլ նրա տեղակալի, փոխգնդապետ Արայիկ Մգոյանի աշխատասենյակից: Դա փաստել են նաեւ լրագրողները, ովքեր ՀՀ ոստիկանության հրավերով եղել են դեպքի վայրում: Թե ինչո՞ւ է դատախազությունն այս հարցում «վրիպել»՝ կարելի է միայն եզրակացնել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ, ըստ մեր հավաստի աղբյուրների՝ Ա. Մգոյանը ՀՀ փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի «կադրն» է եւ նրա մտերիմ ու անբաժան ընկերը:

Երեկ մենք փորձեցինք Գլխավոր դատախազության եզրակացության առնչությամբ ստանալ նաեւ այդ գործի բացահայտմամբ շահագրգռություն դրսեւորած «Քաղաքացիական նախաձեռնություն» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանի մեկնաբանությունը: Վերջինս պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք Գլխավոր դատախազության եզրակացությունն իրենք արժանահավա՞տ են համարում, ասաց, թե՝ դատախազությանը չհավատալու հիմքեր չունեն, եւ որ իրենք երբեք չեն պնդել, թե Գուլյանը մահացել է հատկապես խոշտանգումների արդյունքում: Նա կարեւորեց այն փաստը, որ մահվան դեպքն արձանագրվել է ոստիկանության շենքում, եւ հավելեց, որ դեռ սպասում են նաեւ եվրոպացի փորձագետների եզրակացությանը: Նկատի ունենալով նաեւ այս դեպքը՝ Ա. Կիրակոսյանը կոչ արեց մեր քաղաքացիներին որեւէ գործով որպես վկա, թե մեղադրյալ՝ իրավապահ մարմիններին ներկայանալիս փաստաբան ունենալ: Ա. Կիրակոսյանն ասաց նաեւ, թե իրեն ընկալելի չի եղել Գուլյանների ընտանիքի անդամներից ստացած այն տեղեկությունը, թե՝ Գուլյանն ասել է, որ «իրեն փաստաբան պետք չի, փաստաբանով ավելի վատ»: Ա. Կիրակոսյանը հավաստիացրեց, որ անկախ որեւէ եզրակացության արդյունքից՝ իրավապաշտպան կազմակերպությունը պահանջել եւ պահանջելու է պատասխանատվության ենթարկել Լ. Գուլյանի մահվան մեջ մեղավորներին:

Լ. Գուլյանի հայրը՝ Աշոտ Գուլյանն ասաց, թե չի հավատում դատախազության եզրակացությանը եւ երբեք չի համաձայնի դրա հետ: Նա շեշտեց, որ փորձագետները չեն պահպանել լիարժեք փորձաքննություն ստանալու համար անհրաժեշտ 24 ժամը՝ պարզելու համար, թե իր որդու ստացած վնասվածքները մինչեւ ընկնե՞լն են եղել, թե՞ ընկնելուց հետո: «Ամենամեծ հարցը, որ ինձ մոտ առաջանում է, այն է, որ այդ բոլոր վնասվածքները չէին կարող ստացված լինել միաժամանակ, առանձին-առանձին՝ կարող էին ընկնելու հետեւանք լինել: Իրենց ասելով, դրանք ստացվել են մինչեւ ընկնելը՝ խոչընդոտների հանդիպելիս: Բայց այն, որ, իբր, Լեւոնը մեջքով ընկել է գազի խողովակի վրա, հետո ասֆալտի՝ ֆանտաստիկ բաներ են»,- ասաց Գուլյանի հայրը՝ պնդելով, թե դատախազության եզրակացությունն իրականությանը չի համապատասխանում: Պնդելո՞ւ են Գուլյանի հարազատներն իրենց այն հայտարարությունները, թե Լեւոնը Շենգավիթի ոստիկանության բաժնից վերադարձել էր մարմնի վրա բռնության հետքերով: Լ. Գուլյանի հայրն այս առնչությամբ ասաց. «Այո, ծեծված եղել է, բայց առանձնապես երեւացող բաներ չեն եղել: Ես ինքս եմ մայիսի 12-ին իր հետ խոսել՝ ծեծել են, բայց վնասվածքներ չեն եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել