Լրահոս
Օրվա լրահոսը

Պոտսդամյան «խփոցի»

Հունիս 01,2007 00:00

Մեծ ութնյակի արտգործնախարարների պոտսդամյան հավաքին հաջորդած մամուլի ասուլիսին բավական ցայտուն երեւաց, թե որքան հեռուն են գնացել Մոսկվան ու Վաշինգթոնն իրենց հակասությունների մեջ: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն այլեւս իրենց չէին կաշկանդում. դիվանագիտական էթիկետի ընդունելի շրջանակներով եւ լրագրողների ներկայությամբ մի աննախադեպ լեզվակռիվ էին սարքել:

Նախ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ի դեմ անմիջականորեն իր կողքին նստած Քոնդոլիզա Ռայսի, բավական կոպիտ տոնով ԱՄՆ-ին մեղադրեց սպառազինությունների նոր մրցավազք սանձազերծելու մեջ, ապա հայտարարեց, որ իր երկիրը ոչ մի պարագայում չի համաձայնի Կոսովոյի կարգավորման՝ Վաշինգթոնի պաշտպանած տարբերակին: Ետ չմնալով՝ Ռայսն անմիջապես հակադարձեց, որ ցանկացած պարագայում «Կոսովոն չի դառնա Սերբիայի բաղկացուցիչը»: Քիչ ավելի ուշ, երբ խոսք եղավ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու՝ ԱՄՆ-ի ծրագրերի մասին, Ռայսը բացահայտ հեգնանքով փորձեց հանգստացնել ռուսներին, ասելով, թե նրանք մտահոգվելու բան չունեն, քանի որ ռուսական հրթիռները, միեւնույն է, ի վիճակի են «ծակել» ցանկացած, այդ թվում՝ Եվրոպայում տեղակայվելիք հակաօդային պաշտպանության համակարգը: «Աստված չանի, որ հարկադրված լինենք ապացուցել դա»,- ԱՄՆ պետքարտուղարի խոսքը կտրեց ՌԴ ԱԳ նախարարը: Վեճի առարկա է դարձել նաեւ երկու երկրների հարաբերություններն ավանդաբար լարված պահող այնպիսի մի հարց, որն է՝ նախկին ԽՍՀՄ-ի, իսկ այժմ՝ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող մերձբալթյան հանրապետությունների ու Մոսկվայի միջեւ ժամանակ առ ժամանակ առաջացող դիվանագիտական առճակատումը:

Երեկ Լավրով-Ռայս հրապարակային «գոտեմարտին» լայնորեն անդրադարձել են արեւմտյան ԶԼՄ-ները, նկատել տալով, որ Մեծ ութնյակի արտգործնախարարների վերջին հավաքը, ըստ էության, նշանավորեց սառը պատերազմի ավարտից ի վեր ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում արձանագրված ամենաակնառու վեճը: Ըստ որոշ թերթերի, վիճակն այնքան է լրջացել, որ Ջորջ Բուշը որոշել է Ռուսաստանի հետ արդեն «աչք ծակող» անհամաձայնությունները փոքրիշատե հարթելու համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել Տեխասի իր հայրական կալվածքը՝ «մտերմիկ զրույցի»: Արեւմտյան ԶԼՄ-ները, սակայն, բավական հոռետեսորեն են տրամադրված «տեխասյան թեյախմության» արդյունավետության հարցում: Չափազանց խորն են հակասությունները՝ դրանք մեկ բաժակ թեյի ու մի քանի կտոր «բարբիքյուի» շուրջը կարգավորելու համար, նկատում են նրանք:

Ըստ որոշ դիտորդների, Պոտսդամում կայացած այս հավաքը ցույց տվեց, թե որքան ապարդյուն գումարներ են ծախսվում՝ կազմակերպելու համար միջոցառումներ, որոնց արդյունավետությունն արդեն մոտենում է զրոյին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել