Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կստեղծվի նոր գործակալություն

Հունիս 05,2007 00:00

Այս անգամ ոչ թե աշխատանքի տեղավորման կամ «միսսերի», այլ՝ կրթության որակի ապահովման գծով:

«Կարեւոր չէ, թե ես ինչ եմ մտածում ձեր երկրի կրթական համակարգի մասին, ավելի կարեւորն է, թե դուք ինչպես եք գնահատում այդ դաշտի թերությունները»,- Կրթության ազգային ինստիտուտում երեկ մեկնարկած «ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացը» թեմայով երկօրյա սեմինարին հայտարարեց Որակի գնահատման գործակալությունների եվրոպական ասոցիացիայի փոխնախագահ, ֆրանսիացի Բրունո Կուրվալը:

Որակի եվրոպական գրանցամատյանում «հայտնվելու» համար հայաստանյան կրթահամակարգը պետք է որոշ չափանիշների համապատասխանի: Երեկ տեղական բուհերի ներկայացուցիչները, որակի ապահովման գծով Բոլոնիայի գործընթացի հանձնաժողովի անդամները, ԵԽ փորձագետները փորձեցին պարզել, թե դրա համար ինչ ճանապարհ պետք է անցնի մեր երկիրը: «Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել որակի արտաքին գնահատմանը, այսինքն՝ բուհերի որակի ինստիտուցիոնալ գնահատման մեխանիզմներին եւ բուհի ներքին գնահատման հարցերին, որոնք առնչվում են ուսանողների, դասախոսների, ուսումնական ծրագրերի գնահատմանը»,- խիստ «խուճուճ» ասելիքը ձեւակերպեց ԿԳ նախարարի խորհրդական Ներսես Գեւորգյանը: Վերջինիս համոզմամբ, որակի ապահովման առաջին քայլը Հայաստանում որակի ապահովման ազգային գործակալություն ստեղծելն է: Նախագիծն այժմ կառավարությունում է:

Բ. Կուրվալն է՛լ ավելի խրթին ու տեսական ներկայացրեց, թե ինչպես պիտի աշխատեն նմանատիպ գործակալությունները. «Կարեւոր է, որ դրանք խոր վերլուծություններ ունենան տվյալ երկրի կրթության որակի վերաբերյալ: Որակի ապահովման միջոցով մենք առնչվում ենք մի նոր մոդելի հետ, որտեղ անկյունաքար է դառնում տվյալ կրթական հաստատությունը: Գործակալությունների արդյունավետ աշխատանքի շնորհիվ բուհերը կունենան որակի նոր մշակույթ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան»: Ենթադրվում է, որ այդ գործակալությունների գոյության դեպքում կգրանցվի գնահատումների անկախ եւ թափանցիկ համակարգ: ԿԳ նախարարության Որակի ապահովման հանձնաժողովի անդամ Սուսաննա Կարախանյանը, որը «ՀՀ բուհերում որակի ապահովման բարեփոխումների հիմնական նպատակները եւ ռազմավարությունը» թեմայով զեկուցում կարդաց, «Առավոտին» ներկայացրեց իրենց կատարած վերլուծությունների արդյունքները: «Չկա հայաստանյան մի բուհ, որը որակի ապահովման բարձր մակարդակ ունենա: Տեխնիկական փոփոխությունների հետ պիտի նաեւ բովանդակային բարեփոխումներ անենք: Օրինակ՝ պետք է ուսումնական պլանները վերանայել: Միանգամից կրեդիտները բաշխեցինք վերջիններիս վրա, ինչը ընդամենը տեխնիկական փոփոխություն էր: Իսկ բովանդակայինը դեռ առկախ է՝ 1965 թվականի դասագրքերով չենք կարող այսօրվա շուկայական հարաբերություններին համապատասխանել»,- պարզաբանեց տիկ. Կարախանյանը: «Գոնե մեր դիպլոմները արտասահմանում կճանաչվեն եւ առաջիկայում կկարողանանք կրթական որակի առումով լավագույն 50 երկրների շարքին դասվել»,- հույս ունի Ս. Կարախանյանը: ԿԳ նախարարության Որակի ապահովման հանձնաժողովը առաջիկայում փաստաթուղթ կուղարկի բուհերին, որտեղ նշված կլինեն համապատասխան չափորոշիչներ ու մեր կրթահամակարգի ներկա վիճակի վերլուծությունը: Դրանց հիման վրա էլ ռեկտորները կստանան իրենց բուհի կրթության որակի առկա պատկերը եւ կաշխատեն հնարավորինս բարձր ցուցանիշներ գրանցելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել