Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՀԱՏՎԱԾԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

Հունիս 06,2007 00:00

ՀՀԿ խորհրդի գործադիր մարմինը երեկ ժամը 20-ից սկսված նիստում քննարկեց կառավարությունում եւ ԱԺ-ում պաշտոնների իրենց թեկնածուների հարցը, որը վերջնականապես կհաստատվի այսօր կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստում:

Իսկ երեկ առավոտյան «Փաստարկ» ակումբին հյուրընկալված ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պաշտոնների կապակցությամբ ասաց, թե առանձին խնդիրներ արդեն իսկ պարզ են: Գալուստ Սահակյանը նաեւ այսպես ներկայացրեց ապագա կոալիցիայի ձեւաչափը. «Հնարավոր է, որ մի քաղաքական ուժի հետ ավելի սերտ համագործակցություն լինի, մեկ ուրիշի հետ՝ հատվածային համագործակցություն»: Խոսքը, բնականաբար, ՀՅԴ-ի հետ հատվածական համագործակցության մասին էր. «Կհամագործակցենք, օրինակ, սոցիալական, արտաքին հարաբերությունների հարցերի շուրջ եւ այսպես շարունակաբար»:

Գալուստ Սահակյանը նաեւ չթաքցրեց իր հիասթափությունը, որ 2008-ի նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն չի պաշտպանելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը. «Աբսուրդ է, որ կոալիցիա լինի, ավելի ամուր կապեր լինեն, ընդհանուր ճանապարհ գնաս, եւ ասի՝ չէ, ես նրան եմ պաշտպանում, մյուսն էլ՝ նրան եմ պաշտպանում: Չի՛ լինի»:

Քանի որ Գալուստ Սահակյանն այնուամենայնիվ պնդեց, թե այս համագործակցության ընթացքում ունեն ծրագրերը համադրելու խնդիր՝ «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՀՅԴ-ի հետ համաձայնության են եկել թոշակները 5 անգամ բարձրացնելու կամ նվազագույն աշխատավարձի չափը հաջորդ տարվանից ավելացնելու շուրջ: Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի՝ այս հարցերի պատասխանը պարզ կլինի, երբ մշակվի կառավարության ծրագիրը. «Բայց սկզբունքը նույնն է, որ թոշակները պիտի բարձրանան: Սա պետական քաղաքականության օրակարգի խնդիր է, ու ե՛ւ ՀՀԿ-ն է ասում, որ թոշակները պիտի բարձրացվեն, ե՛ւ ՀՅԴ-ն: Մնացածը տնտեսական հաշվարկների, հնարավորությունների խնդիր է: Եվ ասեմ, որ երկնքից մանանա չի թափվելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել