Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Խախտելը հանցագործություն է

Հունիս 06,2007 00:00

Կարգազանց վարորդներին հավասարեցրել են քրեական հանցագործներին

Պետավտոտեսչության համակարգում հունվարի 1-ից տեղի ունեցած փոփոխությունները, կարելի է ասել, դեռ ոչ մի դրական արդյունք չեն տվել, միայն ավելացել է ավտովթարների եւ ճանապարհային երթեւեկության խախտումների թիվը: Պատճառն այն է, որ թեեւ օրենսդրական փոփոխություններ եղան, կարգազանզ վարորդների համար սահմանվեցին վարչական տուրքեր, սակայն, ըստ մասնագետների, ճանապարհային ոստիկանները չեն կարող դրանք լիարժեք կիրառել, որովհետեւ պետությունը մինչ նման խոշոր տուգանքներ սահմանելը՝ պետք է հոգ տաներ, պայմաններ ստեղծեր, որպեսզի վարորդները չխախտեին օրենքը: Ներկայումս մեր փողոցներն այնպիսի վիճակում են, որ վարորդը, ուզի թե չուզի, հենց միայն փոսերից խուսափելու համար պետք է խախտում անի: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպության իրավաբան Արկադի Պետրոսյանը, եթե ոստիկաններն օրենքով աշխատեին՝ ստիպված պետք է լինեին ամեն քայլափոխի վարորդներին տուգանել: Ըստ նրա՝ «Միայն Կենտրոնում են քիչ թե շատ կանգառները կահավորված, երթեւեկության նշանները տեղադրված, մնացած տեղերում վիճակը շատ վատ է, եւ այս պայմաններում վարորդներից պահանջել պատշաճ երթեւեկություն՝ սխալ է, պետք է նախ պայմաններ ապահովեն, նոր միայն պահանջեն»:

Ինչ վերաբերում է սահմանված տուգանքներին, ըստ պարոն Պետրոսյանի, դրանք չափազանց բարձր են եւ շատ դեպքերում չեն համապատասխանում զանցանքի ծանրությանը. «Հանցանքներ կան, որոնց համար Քրեական օրենսգրքով նույն գումարային սանկցիան է սահմանված, ինչը կա նաեւ վարորդների վարչական զանցանքի համար, փաստորեն՝ երկուսն էլ բերել-հավասարեցրել են իրար, դա անթույլատրելի է, օրինակ՝ սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը տուգանվում է 50 հազար դրամով: Օրենք գրելուց պետք է հաշվի առնեն ժողովրդի կենսամակարդակը, նրանց նվազագույն զամբյուղը, չէ՞ որ տուգանքների չափերը այդքան կտրուկ մեծացնելը կարող է անդրադառնալ նրանց կենսամակարդակի վրա, օրինակ՝ նախկինում առանց ամրագոտիների երթեւեկելը պատժվում էր տուգանքով՝ մինչեւ 300 դրամի չափով, բայց հիմա այդ գինը հասցրել են 5 հազար դրամի: Այսօր յուրաքանչյուր երկրորդ վարորդը երթեւեկում է առանց ամրագոտիների եւ շատ հանգիստ կարող են նրանց 5 հազար դրամով տուգանել, ինչը վերջիններիս ընտանեկան բյուջեի վրա ծանր կանդրադառնա»:

«Աքիլլես» կազմակերպությունը, մինչ պետավտոտեսչության համակարգի բարեփոխումները, բազմաթիվ դժգոհություններ էր ստանում վարորդներից՝ այն մասին, որ պետավտոտեսուչները կաշառք են ուզել, սխալ են տուգանել եւ այլն: Այսօր, երբ պետավտոտեսուչներին փոխարինում են ճանապարհային ոստիկանները, վարորդները նորից բողոքում են, որ նրանք, միեւնույն է, շարունակում են կամայականություն դրսեւորել ու կաշառք վերցնել: Այսինքն՝ համակարգում տեղի ունեցած փոփոխությունները, փաստորեն, անտեղի էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել