Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԵՆԻՍՆ ԱՇԽՈՒԺԱՆՈՒՄ Է

Հունիս 06,2007 00:00

«Master Class» ակումբի հիմնանորոգմամբ թենիսը հանրապետությունում արագորեն վերածնվում է:

Մայիսի 28-ից հունիսի 3-ը «Master Class»-ի ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանող կորտերում անցկացվեց Արթուր Շիլաջյանի հիշատակին նվիրված «Carolina Cup» թենիսի միջազգային պատանեկան ավանդական մրցաշարը, որին մասնակցեցին 12 երկրների (Հայաստան, Ռուսաստան, Էստոնիա, Ավստրիա, Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Մոլդովա, Ուզբեկստան, Բուլղարիա, Իտալիա, Իսրայել) 14-16 տարեկան 120 տղաներ եւ աղջիկներ: Ըստ տարիքային խմբերի՝ հաղթող դարձան. մինչեւ 14 տարեկան աղջիկներ՝ Մարգարիտա Գալստյան (Ռուսաստան), տղաներ՝ Ալեքսանդր Մետրեւելի (Վրաստան): Մինչեւ 16 տարեկան աղջիկներ՝ Դիանա Դավիթայա (Վրաստան), տղաներ՝ Դանիել Պրոսկուրա (Էստոնիա):

Դրան անմիջապես հաջորդել է նույն տարիքային խմբերի պատանեկան մեկ այլ միջազգային մրցաշար՝ «Ավստրիական ավիաուղիներ-Երեւան» գավաթի խաղարկությունը, որին նախորդ մրցմանը մասնակցող երկրներին (բուլղարացիները մեկնել են) ավելացել են նաեւ Լատվիան եւ Թուրքմենստանը:

ՀԹՖ եւ «Master Class» ակումբի մամուլի քարտուղար Արեւիկ Ուդումյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ նման մակարդակի եւ մասնակցության առումով այսքան մասսայական մրցումներ կազմակերպելը հնարավոր է դարձել ակումբը ժամանակակից միջազգային պահանջներին համապատասխանեցնելու շնորհիվ: Ու նաեւ ավելացրեց. «Այս մրցումները ոչ միայն հայաստանցի պատանի թենիսիստներին իրենց մարզական որակավորումը բարձրացնելու եզակի շանս են տալիս, այլեւ հայկական թենիսի դպրոցի հեղինակությունը բարձրացնում են մարզաձեւի աշխարհում: Բացի դա, հաջորդ տարի Հայաստանը, ամենայն հավանականությամբ, 3-րդ կարգի այս մրցաշարերի փոխարեն արդեն 2-րդ կարգի մրցումներ կազմակերպելու իրավունք կստանա: Իսկ ինչ վերաբերում է օգոստոսի 6-13-ը Երեւանում անցկացվելիք «Դեւիսի գավաթի» տղամարդկանց թիմային առաջնության 4-րդ խմբի մրցաշարին, ապա դրան մասնակցող Հայաստանի հավաքականի նախնական կազմն արդեն իսկ հայտնի է: Ճիշտ է, այն դեռեւս վերջնականապես կորոշվի մոտ ապագայում, սակայն որոշ բաներ արդեն հստակեցվել են: Մասնավորապես, ՀԹՖ-ի առաջարկությամբ եւ մեր առաջատար մասնագետների համաձայնությամբ հավաքականի մարզիչ նշանակվել է Վահե Ավետիսյանը, ում գլխավորությամբ մեր լավագույն թենիսիստներն արդեն սկսել են այդ պատասխանատու մրցմանը նախապատրաստվել մարզումների խիտ գրաֆիկով: Նախատեսվում է, որ այս ընթացքում հավաքականի թեկնածուները՝ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հովանավորությամբ, Ֆրանսիայում կմասնակցեն տղամարդկանց միջազգային մրցաշարերի, որի արդյունքներով «Դեւիսի գավաթի» խաղարկությունից 21 օր առաջ էլ կհայտարարվի հավաքականի վերջնական կազմը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել