Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ

Հունիս 07,2007 00:00

ՕԵԿ մամուլի ծառայությունը երեկ երեկոյան հաղորդեց, թե քանի որ իրենց կուսակցությունը ՍԴ-ում վիճարկում է ընտրությունների արդյունքները՝ «ՕԵԿ պատգամավորական խմբակցությունը չի մասնակցի չորրորդ գումարման ԱԺ անդրանիկ նիստին՝ մինչեւ ՍԴ-ի կողմից համապատասխան որոշման ընդունումը»:

Իսկ երեկ առավոտյան «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին հղել հետեւյալ նամակը. «Տակավին տեղի չի ունեցել 4-րդ գումարման ԱԺ առաջին նիստը. մինչեւ այս պահը «Ժառանգությունը» պատշաճ ծանուցում չի ստացել այդ նիստի հրավիրման եւ այլ մանրամասների մասին, ինչպես վայել է իրավական պետությանը: Ավելին՝ Սահմանադրական դատարանն այժմ քննում է ԱԺ ընտրությունների վավերականության հարցը, որը պետք է իր վերջնական պատասխանը ստանա մինչեւ ս.թ. հունիսի 10-ը: Ելնելով այս փաստարկումներից՝ «Ժառանգությունը» Ձեզ տեղյակ է պահում մինչեւ վերոթվարկյալ խնդիրների լուծումը ԱԺ նիստերին իր ներկայության անհնարինության մասին»: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Տիգրան Թորոսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եւ նրան ուղարկել նամակ, որտեղ պարզաբանել է. «Նախ՝ պարոն Հովհաննիսյանի նամակը հասցեատիրոջը չի ուղղված, որովհետեւ 3-րդ գումարման ԱԺ նախագահը որեւէ առնչություն չունի 4-րդ գումարման ԱԺ խնդիրների հետ, ապա՝ Հայաստանի Հանրապետությունում չկա նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանին խմբակցություններին հրավիրելու կամ ծանուցելու ավանդույթ: Սահմանադրությունն ու «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում են, թե երբ է տեղի ունենալու այդ նստաշրջանը: Ակնհայտորեն, որեւէ հանգամանքով պայմանավորված չէ ԱԺ առաջին նստաշրջանը հրավիրելու հարցը, այդ թվում՝ նաեւ ՍԴ-ում քննարկվող հարցերով: Հետեւաբար Սահմանադրության եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 34-րդ հոդվածի պահանջն է նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանը սահմանված ժամկետում գումարելը եւ պատգամավորներին դրանց մասնակցությունը: Բերված բացատրությունները չեն կարող որեւէ մեկի համար հիմք հանդիսանալ 4-րդ գումարման ԱԺ նստաշրջանի աշխատանքներին չմասնակցելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել