Լրահոս
Օրվա լրահոսը

Խտրականություն՝ ընտրողների միջեւ

Հունիս 07,2007 00:00

ԱՄՆ-ում ապրող հայաստանցի փաստաբանները դիմել են ՀՀ օմբուդսմենին

ՀՀ Սահմանադրական դատարանում երեկ շարունակվեց ընդդիմադիր 4 ուժերի դիմումների քննությունը՝ կապված մայիսի 12-ի ընտրությունների արդյունքների վիճարկման հետ: Դիմումատուներ՝ «Իմպիչմենտ» դաշինքը, «Հանրապետություն», «Նոր ժամանակներ» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները ներկայացրին իրենց բացատրություններն ու ապացույցները, որոնց Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու հարակից պատասխանողներն իրենց արդարացումները ներկայացրին: Մինչ նիստը կընթանար, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Ամերիկայում գտնվող փաստաբաններ Տիգրան Ջանոյանն ու Կարո Կարապետյանը, որոնք խնդրում են նրան՝ իրենց անունից դիմել Սահմանադրական դատարան:

Տ. Ջանոյանն ու Կ. Կարապետյանը տեղեկացնում են, որ մայիսի 12-ին Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված, իրենք՝ ՀՀ քաղաքացիները, Սահմանադրության 30-րդ հոդվածի համաձայն, գրավոր պահանջ են ներկայացրել Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսին, կազմակերպելու քվեարկություններ Կալիֆոռնիայում եւ հարակից նահանգներում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրելու իրավունքը ապահովելու համար: Քվեարկությունների օրը քաղաքացիները ներկայացել են Լոս Անջելեսի հայաստանյան հյուպատոսություն՝ քվեարկություն կատարելու։ «Նշված օրը հյուպատոսարանը չի աշխատել եւ շենքի մուտքի մոտ փակցված հայտարարությունից տեղեկացել ենք, որ ԱԺ ընտրությունների հետ կապված որեւէ քվեարկություն չի կազմակերպվելու՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 1-ին հոդվածի 5-րդ կետի համաձայն։ Մեր կողմից արձանագրվեց ընտրելու իրավունքից զրկված լինելու փաստը եւ այդ առթիվ արեցինք հայտարարություն»,- գրում են հայաստանցի փաստաբանները:

Ըստ նրանց, Հայաստանի իշխանությունը ներկայացնող պաշտոնատար անձինք հակասահմանադրական հիմնավորումներով եւ մեկնաբանումներով զրկել են իրենց՝ Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաեւ մեզ նման Հայաստանից դուրս ապրող հարյուր- հազարավոր ՀՀ քաղաքացիների՝ ընտրելու իրավունքից. «Միաժամանակ այդ պաշտոնատար անձինք Հայաստանում իրականացրին իշխանության բարձրագույն՝ օրենսդիր մարմնի ձեւավորման գործընթաց՝ Սահմանադրությամբ հռչակված ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի անտեսմամբ»։

Ըստ ՀՀ օմբուդսմենին դիմած փաստաբանների, պաշտոնյաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի մասին տարբերակված մոտեցմամբ ճանաչել են «բնակիչներ», որոնք հնարավորություն ստացան մասնակցելու քվեարկությանը, իսկ մյուս, առավել ստվար մասին՝ Հայաստանից դուրս գտնվող հարյուր-հազարավոր ՀՀ քաղաքացիներին զրկեցին քվեարկությանը մասնակցելու հնարավորությունից։

ՀՀ քաղաքացիները Արմեն Հարությունյանից պահանջում են հանդես գալ երկրի Սահմանադրական դատարանում՝ «վերականգնելու Հայաստանից դուրս գտնվող մեր եւ հարյուր-հազարավոր մյուս ՀՀ քաղաքացիներիս ընտրելու իրավունքը»։ Այն է՝ ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի 1-ին հոդվածի 5-րդ կետը եւ դրա հիման վրա ստեղծված նորմատիվ ակտերը՝ Սահմանադրությանը հակասող եւ առոչինչ, 2007թ. մայիսի 12-ի քվեարկությունների արդյունքում Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ստեղծված ՀՀ Ազգային ժողովը որպես ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքով չձեւավորված եւ առոչինչ: Փաստաբանները պահանջում են նաեւ բարձրացնել այն պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը, որոնց ուղղակի գործողությունների ու դիտավորությունների արդյունքում հարյուր-հազարավոր ՀՀ քաղաքացիներ զրկվել են ընտրելու եւ երկրի կառավարմանը մասնակցելու սահմանադրական իրավունքից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել