Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀՈԳՆԵԼ ԷՐ ՊՈՊՈՒԼԻԶՄԻՑ»

Հունիս 11,2007 00:00

\"\"Հանրապետական խմբակցության նորընտիր ղեկավար Կարեն Կարապետյանը վստահ է, որ նոր էջ է սկսվել մեր երկրի եւ խորհրդարանի պատմության մեջ:

– Փաստորեն, դուք ղեկավարելու եք ամենամեծ խորհրդարանական խմբակցությունը, 65 մարդու ղեկավարելը երեւի հեշտ գործ չի լինելու:

– Կարծում եմ, ճիշտ եք, ծանր աշխատանք է սպասվում, բայց վստահ եմ՝ հաղթահարելի ծանրություն է: Մտածում եմ հնարավորինս բարձրացնել աշխատանքների ճկունությունը եւ Ազգային ժողովի ակտիվությունը, մասնավորապես՝ Հանրապետական խմբակցության անդամների ակտիվությունը, որպեսզի օրենսդիր աշխատանքները ընթանան բնականոն հունով: Մեր կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց եւ այսօր էլ երկրի նախագահն ասաց (ես կիսում եմ այդ տեսակետը)՝ այո, մենք մի շրջան ապրեցինք՝ պատերազմ եւ հետպատերազմական շրջան, երբ չունեինք օրենսդրական դաշտ, եւ խնդիր էր դրված նաեւ արագության հաշվին ձեւավորել օրենսդրական դաշտը: Եթե այս տարիները կարելի է պայմանականորեն համարել երկրորդ սերնդի բարեփոխումների շրջան, ապա այժմ խնդիրը պետք է լինի օրենքները սահմանադրական բարեփոխումներին համապատասխանեցնելը, մեխանիզմների հստակեցումը եւ որոշ օրենքներում առկա հակասությունների հարթեցումը: Գաղտնիք չէ, որ պրակտիկ կյանքում այդ հակասությունները լուրջ խնդիրների են հանգեցնում: Այս ամբողջ գործընթացը կազմակերպելու եւ կանոնակարգելու համար, իրոք, քրտնաջան աշխատանք է պետք: Որպես ամենամեծ խմբակցության ղեկավար՝ ինքս հոգեբանորեն պատրաստ եմ դրան, կարծում եմ, կա անհրաժեշտ կորիզը, որի հետ կարելի է աշխատել եւ հասնել հաջողությունների:

– Ուզում եք ասել, որ խորհրդարանական ամենամեծ խմբակցության անդամները այլեւս խորհրդարան չե՞ն գալու միայն կոճակ սեղմելու համար եւ այս գումարման խորհրդարանում իշխանական մեծամասնությունը զբաղվելու է նորմալ օրենսդիր աշխատանքո՞վ:

– Ինչո՞ւ եք մոռանում, որ խորհրդարանի աշխատանքը միայն դահլիճի աշխատանքը չէ: Խորհրդարանն ունի իր համապատասխան մարմինները, որոնք զբաղված են կոնկրետ գործով, դրանք հանձնաժողովներն են, եւ ես կարծում եմ, որ հիմնական գործը կատարվում է հենց հանձնաժողովներում: Օրենքների մշակման, բարելավման եւ ստեղծման աշխատանքները պետք է աստիճանաբար տեղափոխել հանձնաժողովների դաշտ եւ լուրջ բանավեճերը կազմակերպել հենց հանձնաժողովներում: Կառավարության եւ պատգամավորների կողմից ներկայացվող օրենսդրական նախաձեռնությունները պետք է հնարավորինս քննարկվեն հանձնաժողովներում, հենց այստեղ պետք է գտնել քաղաքական համաձայնություն այս կամ այն լուրջ օրենքի վերաբերյալ եւ դահլիճ գալ արդեն ընդհանրացված կարծիքով: Ուզում եմ ընդամենը մեկ օրինակ ներկայացնել այլ երկրների խորհրդարանների փորձից: Ես եղել եմ ե՛ւ Ֆրանսիայի, ե՛ւ Բելգիայի, ե՛ւ Հոլանդիայի խորհրդարաններում, եւ կարծում եմ՝ իրենք բավականին լավ փորձ ունեն, որը կարելի է կիրառել նաեւ մեզանում: Մասնավորապես, Ֆրանսիայի խորհրդարանում այսպես է՝ խմբակցության փոխարեն քվեարկում է միայն ղեկավարը: Իսկ սա նշանակում է, որ նախքան քվեարկությունը, տվյալ խնդիրն արդեն լրջորեն քննարկվել է խմբակցությունում, տարաձայնությունները պարզված են, համաձայնությունը կա, եւ այդ համաձայնությունները ձեռք բերելուց հետո հարցը տեղափոխվել է խորհրդարանի դահլիճ: Իսկ խորհրդարանի դահլիճը սովորաբար ականջ շոյելու համար է: Շատերն են փորձում այդ դահլիճը օգտագործել ժողովրդի ականջը շոյելու համար, առիթը բաց չեն թողնում ժողովրդահաճո ելույթների, այսինքն՝ պոպուլիստական ելույթների համար: Բայց հիշենք հենց մեր խորհրդարանի պատմությունից: Մարդիկ, որ երբեք չէին մասնակցում որեւէ հանձնաժողովի նիստերին, քննարկումներին, այսինքն՝ սեւ գործին, օրենքների մշակմանը, գալիս էին Ազգային ժողովի դահլիճ եւ ժողովրդահաճո ելույթներ էին ունենում: Կարծում եմ, այս ամենի հանդեպ իր գնահատականը մեր ժողովուրդը տվեց 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ ընդհանրապես ձայն չտալով կամ գրեթե մերժելով ականջ շոյողներին: Ժողովուրդը հոգնել է այդ ականջ շոյելուց, ուզում է պրակտիկ մարդիկ, եւ ընտրություն կատարեց: Ժողովուրդն ասաց, որ ուզում է նրանց, ովքեր փորձ ունեն, եւ առավելագույն փորձառուներին տվեց ավելի շատ ձայներ: Ժողովուրդը նաեւ երկրորդն ասաց. ասաց, որ ուզում է փոփոխություններ, եւ խորհրդարան բերեց երկու նոր ուժի, դրանք են՝ «Բարգավաճ Հայաստանը» եւ «Ժառանգությունը»: Կարելի է արձանագրել, որ իրավական դաշտում մեկ էջ ծալվեց, նոր փուլ սկսվեց, երբ բարեփոխվեց երկրի գլխավոր օրենքը: Քաղաքական դաշտում եւս մեկ էջ ծալվեց, եւ այլեւս սկսվել է նոր էջ: Ժողովրդի հոգեբանության մեջ էական փոփոխություն տեղի ունեցավ, ժողովուրդը հոգնել է պոպուլիզմից, իրեն պետք են կոնկրետ գործեր՝ իրավիճակը բարելավելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930