Լրահոս
Օրվա լրահոսը

«ՋԵՐՄՈՒԿԸ» ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՐԵՆԴ»

Հունիս 11,2007 00:00

\"\"«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ հիմնադիր, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը վստահ է, որ «Ջերմուկի» շուրջ ծագած աղմուկը հատուկ կազմակերպված ակցիա է:

– «Ջերմուկի» շուրջ ծագած միջազգային աղմուկի պատճառով ձեր արտադրանքի անունը վերջին շրջանում ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է: Ի վերջո, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է այսքան մեծ աղմուկ «Ջերմուկի» շուրջ:

– Այն, ինչ կատարվում է, որեւէ կերպ չի տեղավորվում օբյեկտիվության, ազնիվ մրցակցության եւ տրամաբանության սահմաններում: Պարզապես տարիների ընթացքում «Ջերմուկ» հանքային ջրի միջազգային հեղինակության բարձրացման եւ ամրապնդման՝ մեր երկարատեւ ջանքերն արդյունք են տվել, եւ մենք կարողացել ենք հասնել այն աստիճանին, որ սկսել ենք անհանգստացնել հանքային ջրերի համաշխարհային շուկաների առաջատարներին: Իրականությունը սա է, իսկ մնացյալը վերաբերում է մեր դեմ կազմակերպված պայքարի տեխնոլոգիաներին, որոնք միշտ չէ, որ արդյունավետ են լինում: Գաղտնիք չէ, որ «Ջերմուկ» հանքային ջուրն իր օգտակար հատկությունների եւ հիանալի համային տվյալների արդյունքում եզակի է իր տեսակի մեջ: Կիրառելով ժամանակակից սարքավորումներ եւ հանքային ջրերի շշալցման նորագույն տեխնոլոգիաներ՝ մեզ հաջողվել է ամենաբարձր որակի հասցնել արդեն շշալցված հանքային ջուրը: Այդ ամենի արդյունքում մեծացել են իրացման ծավալները ոչ միայն Հայաստանի շուկայում, այլեւ արտերկրում: Բնականաբար, դա չէր կարող չանհանգստացնել շուկայի ավանդական եւ հզոր մրցակիցներին, որոնք միշտ չէ, որ կիրառում են ազնիվ մրցակցային տեխնոլոգիաներ:

– Ուզում եք ասել՝ «Ջերմուկի» շուրջ բարձրացած աղմուկը հատուկ նպատակներով կազմակերպված ակցիա՞ է:

– Վստահաբար կարող եմ ասել՝ այո, ընդ որում՝ դա կազմակերպված է ոչ միայն «Ջերմուկի», այլեւ Հայաստանի բոլոր հանքային ջրերի դեմ: Ինչպես գիտեք, ՌԴ-ի պես հսկա շուկայից վրացական «Բորժոմի» հանքային ջուրն արգելելու որոշումից հետո հայկական հանքային ջրերի՝ հատկապես «Ջերմուկի» հանդեպ ակտիվ ուշադրություն են սկսել ցուցաբերել ռուսական շուկայում: Անցած տարվա համեմատ՝ մեր արտահանման ծավալները Ռուսաստան գրեթե տասնապատկվել են: Մեր «Ջերմուկը» միաժամանակ ներկայացված է այլ շուկաներում, եւ այս իրողությունը որոշ ուժեր նկատում են որպես լուրջ սպառնալիք, քանի որ «Ջերմուկը» հավակնում է դառնալ միջազգային բրենդ, իսկ ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի: Բնական է, որ 100 տոկոսանոց հայկական ծագում ունեցող բրենդի միջազգայնացումը չի կարող հարթ ճանապարհով ընթանալ: Մենք, սակայն, չենք պատրաստվում տեղի տալ, այլ ընթանալու ենք մեր ճանապարհով եւ անելու ենք հնարավորը՝ բոլոր խոչընդոտները հաղթահարելու եւ «Ջերմուկի» հաղթարշավը շարունակելու համար:

– Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում ԱՄՆ-ի հայտնի կազմակերպության կողմից արված հայտարարությունը, որին հետեւեցին մի շարք երկրներ:

– Այդ հայտարարությունն ամբողջությամբ աբսուրդ է, ես սա հենց այնպես չեմ ասում, մենք վստահաբար ենք այդպիսի գնահատականներ տալիս, որովհետեւ առիթ ենք ունեցել դրանով մանրամասն զբաղվելու: Մեր ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ Վաշինգթոնում այդ հայտարարությունը տարածած կազմակերպության ղեկավարների ու աշխատակիցների հետ: Բոլոր կարգի հանդիպումները պարզապես հաստատել են մեր նախնական տեսակետներն ու պատկերացումները: Ինչպե՞ս կարելի է լուրջ վերաբերվել այն իրավիճակին, երբ սկսած 2000 թվականից՝ 7 տարի շարունակ «Ջերմուկ» հանքային ջուրը պարբերաբար եւ կանոնավոր կերպով ներմուծվել է ԱՄՆ՝ տարեցտարի ընդլայնելով իրացման ծավալները, եւ հանկարծ մեկ օրում պարզվում է, որ այն չի համապատասխանում այդ երկրի ստանդարտներին: Եթե կար անհամապատասխանություն, ապա դա կարող էր արձանագրվել տարիներ առաջ կամ գոնե տվյալ երկիր ներմուծման պահին, սահմանի վրա: Սակայն նման բան տեղի չի ունեցել, այլ հանգիստ սպասել են մեր զարգացմանն ու հաջողություններին, եւ երբ մենք հասել ենք «անթույլատրելիության» սահմանին, փորձ են արել նման կոպիտ ձեւով կասեցնել մեր ներկայությունը շուկայում: Ինչպե՞ս լուրջ վերաբերվել այն բանին, որ այն երկրները, որտեղ առհասարակ պատմության ընթացքում «Ջերմուկ» հանքային ջուր չի ներմուծվել, հայտարարություններ են տարածում այն արգելելու վերաբերյալ՝ առանց նույնիսկ սեփական հետազոտություններ եւ եզրակացություններ անելու: Պարզապես ակնհայտ է այս ամենի կազմակերպված բնույթը:

– Հայաստանյան հանքային ջուր արտահանողներն ունե՞ն հատուկ ստանդարտներ:

– Հայաստանում գոյություն ունի մեկ միասնական ստանդարտ, որով առաջնորդվում են բոլոր անվանումներով հանքային ջուր արտահանող ընկերությունները: Այդ ստանդարտը մշակվել է ոչ թե առանձին արտադրողների, այլ պետության կողմից; Այդ ստանդարտների մշակման համար հիմք են ծառայել տասնյակ տարիներ կատարված գիտական հետազոտությունները, կլինիկական փորձարկումները եւ այլն: Ի դեպ, «Ջերմուկի» ուսումնասիրությունները գիտական մակարդակով սկսվել են իրականացվել դեռ 20-րդ դարի սկզբներին, իսկ դրանք տվել են այնպիսի հրաշալի արդյունքներ, որ ժամանակին Խորհրդային Միությունը որոշում էր կայացրել ամայի տարածության մեջ, ծովի մակերեւույթից շուրջ 2000 մետր բարձրության վրա, հիմնել նոր կուրորտային քաղաք, որը հետո դարձավ միութենական կուրորտ:

– Սակայն որոշ հայեր եւս խոսում են ընդդեմ «Ջերմուկի», մասնավորապես՝ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը վերջերս հայտարարեց, որ «Ջերմուկը» միջազգային ստանդարտներին չի համապատասխանում:

– Արմեն Դարբինյանը մի քանի տարի վարչապետ է աշխատել, նաեւ եղել է էկոնոմիկայի նախարար, եթե այդ ամենը ճիշտ էր, ինչո՞ւ ինքը պատասխանատու պաշտոններում աշխատելիս չի զբաղվել այդ կարեւոր հարցերով: Եվ հետո, կարծեմ, ժամանակին նրա հայրը ինքն էր զբաղվում «Ջերմուկի» շշալցմամբ, եւ երբ իրեն դա արգելեցին, հիմա որդին փորձում է խոսել «Ջերմուկի» դեմ. ենթադրությունները թողնում եմ ձեզ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել