Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք սիրում են ծեծվե՞լ

Հունիս 11,2007 00:00

Որոշ հայ կանայք նորմալ են համարում, որ ամուսիններն իրենց ծեծում են

«Հարցումների ենթարկված կանանց 22%-ը կարծում է, որ ամուսինն իրավունք ունի իր կնոջը ծեծելու: Կանայք ավելի շատ ծեծի են ենթարկվում այն պատճառով, որ կերակուրը մոռացել են գազօջախին, երեխաներին անուշադրության են մատնել, ամուսիններին հակաճառել են կամ սեռական ցանկությունը մերժել են»,- երեկ այս մասին հայտարարվեց «Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտություն-2005» (ՀԺԱՀ) ծրագրի ներկայացման ժամանակ: Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը, առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը եւ ՄԱԿ-ի Միջազգային զարգացման սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Աննա Հերշին ներկայացրին այդ ծրագրի շրջանակներում կանանց եւ տղամարդկանց շրջանում անցկացրած հարցման արդյունքները: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բարձրագույն կրթություն ունեցող կանայք ավելի քիչ երեխաներ են ունենում, քան կրթություն չունեցողները: Ըստ ՀԺԱՀ ծրագրի փորձագետ Մարիամ Արծրունու, իդեալական կլիներ, եթե կանայք ունենային միջինը 3 երեխա, սակայն շատերն ունենում են ընդամենը 1, ավելի հազվադեպ՝ 2 երեխա. «Նշենք նաեւ, որ գյուղական բնակավայրերում այս թիվն ավելի շատ է»: Փորձագետների խոսքերով, տղամարդիկ ավելի շատ են ցանկանում 3 եւ ավելի երեխաներ ունենալ: Կանանց 75%-ն այլեւս չի ցանկանում երեխա ունենալ: Կանանց գրեթե կեսը չի օգտագործում որեւէ մեթոդ հղիությունից պաշտպանվելու համար, նրանց ընդամենը 8%-ն է պահպանակ գործածում, 28%-ն էլ սեռական կապի ընդհատման միջոցով է խուսափում հղիությունից:

ՀԺԱՀ-ի նախորդ ուսումնասիրության արդյունքների հետ համեմատած՝ 10%-ով նվազել է աբորտների թիվը: Պարզվում է՝ 15-49 տարեկան կանանց 66%-ը գումարի բացակայության պատճառով չի այցելում բժշկի, 58%-ը մտավախություն ունի, որ կստանա վատ սպասարկում, իսկ ըստ ՀԺԱՀ-ի փորձագետների, ամենամտահոգիչ փաստն այն է, որ հարցվածների 17%-ը չի դիմում բժշկի, որ նույնիսկ տրանսպորտից օգտվելու գումար չունի: Պարզվում է, շատ մայրեր չեն ցանկանում, որ իրենց երեխաները պատվաստումներ ստանան: Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Զարա Մկրտչյանի կարծիքով, սա էլ խիստ մտահոգիչ փաստ է: Ըստ փորձագետ Մարիամ Արծրունու, երեխաների 13%-ը թերաճ է, թերսնված է 3%-ը. «Զարգացած երկրներում այս թիվը չի գերազանցում 2-3%-ը»:

Հարցումների համաձայն, 40-49 տարեկան կանանց 72%-ը գեր է եղել: Ըստ փորձագետների, սա բացատրվում է կանանց նստակյաց կյանքով եւ տղամարդկանց կողմից ուշադրության բացակայությամբ, քանի որ արդեն այդ տարիքում նրանք մտածում են, որ ոչ ոքի համար հետաքրքիր չեն:

Զարա Մկրտչյանն էլ նշեց, որ նախորդ տարիների համեմատությամբ՝ բարձրացել է տեղեկացվածությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով: Ըստ նրա, գովելի է, որ հարցմանը մասնակցած չամուսնացած տղամարդկանց 88%-ը վերջին սեռական ակտի ժամանակ օգտագործել է պահպանակ: Հարցումներն անց էին կացվել 6707 տնային տնտեսությունների՝ 15-49 տարեկան 6566 կանանց եւ 1447 տղամարդկանց շրջանում: Միջոցառմանը ներկա ՀԺԱՀ-ի փորձագետները հավաստիացնում են, որ ուսումնասիրությունների ժամանակ հատկապես դժվարություն է առաջացել սոցիալապես ապահովված մարդկանց տուն մտնելը եւ նրանցից տեղեկատվություն ստանալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել