Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԿՏԻՎ ԼԻՆԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ ԽՑԿՎԵԼԸ ՉԷ»

Հունիս 12,2007 00:00

\"\"Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը քաղաքական այս կամ այն ուժի «կերակրամանից» պատառ փախցնող իր վրձնակիցներին «նկարչիստներ» է որակում:

Այսօր Հովհ. Թումանյանի անվան տուն-թանգարանում կբացվի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի հերթական ցուցահանդեսը: Թե թվով որերո՞րդը՝ նկարիչը չհիշեց, ասաց, որ Հայաստանում ու արտերկրում ունեցել է 60-ից ավելի ցուցահանդես: Նաեւ տեղեկացրեց՝ այս միջոցառումը խորհրդանշական է նրանով, որ 15 տարի առաջ նույն օրը ինքը ցուցադրվել է ազատագրված Շուշիում. «Ես առաջինն էի, որ նման ակցիա արեցի, փառք Աստծո, ինձնից հետո այլ արվեստագետներ եւս ցուցահանդեսներ կազմակերպեցին այդ հրաշալի քաղաքում»: Ընդ որում, Նիկոլը ոտքով էր հասել Շուշի՝ ուխտագնացության նման: Եվ հասնելուն պես էլ մկրտվել է տեղի Սբ. Ղազանչեցոց եկեղեցում:

Իսկ մինչ Շուշվա ցուցահանդեսը, 1990-ին էլ Անկախության բանակի մարտիկների հետ Նոյեմբերյանում, որտեղ հայ-ադրբեջանական սահմանին թեժ մարտեր էին գնում, աբստրակտ ցուցահանդես էր կազմակերպել: «Ինչպես այն ժամանակ, այսօր էլ համոզված եմ, որ ամենահեռուն տանող զենքը մշակույթն է: Դրա համար էլ այդ տարիներին զուգահեռել էի զենքն ու վրձինը»,- հիշեց Ն. Աղաբաբյանը:

Անդրադառնալով այսօրվա ցուցահանդեսին, նկարիչը հայտնեց, որ Թումանյանի տուն-թանգարանում կներկայացվի շուրջ 50 աշխատանք, որոնցից 2-ը մեծադիր կտավներ են: Մեկում պատկերված է Շուշիի սբ. Ղազանչեցոց եկեղեցին, մյուսում՝ եկեղեցի տանող ճանապարհը: Իսկ ինչո՞ւ է ցուցահանդեսը Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում, դրա համար հեղինակը յուրօրինակ բացատրություն ունի. «Սկսենք նրանից, որ այս թանգարանը նախեւառաջ հրաշալի ցուցասրահ է: Երկրորդ՝ այն Թումանյանի եւ բոլոր լոռեցիներիս տունն է: Երրորդ՝ երբ նախորդ անգամ պիտի ցուցահանդեսս բացվեր այս թանգարանում, երազումս Թումանյանի օրհնությունը ստացա»: Ն. Աղաբաբյանը ասաց, որ իր որոշ նկարներ աբստրակցիա են հիշեցնում, բայց այդպիսին չեն. «Ծառերի արմատներ են, ճյուղեր, մի խոսքով՝ բնություն: Ես ընդհանրապես սիրում եմ բնության մեջ աշխատել: Այն, ինչ ուզում ես լիարժեք ու խոսուն պատկերել, եթե բնության հետ ներդաշնակ ես աշխատում՝ ավելին ես ասում»:

Գեղանկարիչը կարծում է, որ նկարչությունը կոչված է լրացնելու բարու, գեղեցիկի, հոգեւորի պակասը աշխարհում. «Արվեստի մարդիկ իրավունք չունեն պասիվ լինել: Իսկ ակտիվ լինելն էլ չի նշանակում, թե պիտի խցկվես քաղաքական դաշտ ու այստեղից այնտեղից պատառ փախցնես, ինչպես անում են մեր շատ նկարչիստներ: Ցավալի է, որ վերջին շրջանում շատ արվեստագետներ հայտնվում են նրանց կողքին, որոնք էլ երկիր ավերողներն են: Ծախու, ծռմռվող այդ արարածներից լուրջ մշակույթ չպետք է ակնկալես»: Ն. Աղաբաբյանից հետաքրքրվեցինք՝ իր նկարչությունը ո՞ր իզմի մեջ է: «Մարդիզմի», – ժպտաց նկարիչը: «Իզմերն ու անվանումները պայմանական բաներ են, արվեստը նախեւառաջ մարդեղ պիտի լինի ու մարդու համար, որ շրջապատին դրական էներգիա հաղորդի, ոչ թե խլի: Որքան մշակույթի ուժը հզոր է, նույնքան էլ մշակութային դաշտում առկա ավերումներն են մեծ: Եթե մշակույթի մարդն է նյութի համար ամեն ինչ ուրանում, Աստված մենակ է մնում, զրկվում է երկրի վրա իր զինվորներից»,- ափսոսում է Ն. Աղաբաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել