Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական «հաթաթան»

Հունիս 13,2007 00:00

«Ադրբեջանական կողմը կարեւոր է համարում կարծրացնել դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»:

Այս մասին, ըստ PanARMENIAN.Net-ի, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, մեկնաբանելով Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայացած վերջին հանդիպումը: «Այդ դեպքում Ադրբեջանը կկարողանա օգտագործել իր գերակա դիրքերը տարածաշրջանում,- պարզաբանել է Մամեդովը, հավելելով.- Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում կկոշտացվի ինչպես Հայաստանի, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային կազմակերպությունների եւ համաշխարհային հանրության հանդեպ: Նրանցից պետք է պահանջել կոնկրետ դիրքորոշում»: Մամեդովը նշել է, որ կողմերը որոշել են շարունակել բանակցությունները համանախագահների եւ ԱԳՆ ղեկավարների մակարդակով, սակայն նա չի մեկնաբանել իրադարձությունների հնարավոր ընթացքը մոտ ապագայում: Վերջինիս խոսքերով, «եթե միջազգային հանրությունը կոնկրետ դիրքորոշում չցուցաբերի եւ հանդես չգա առաջարկություններով, կարող է առաջ քաշվել հակամարտության ռազմական լուծման մասին հարցը»: Անհամեմատ ավելի զգույշ եւ հավասարակշիռ են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մեկնաբանությունները: «Նոյյան տապանի» փոխանցմամբ, վերջինս նշել է, որ «Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանակ խնդրեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Պրահյան բանակցային գործընթացի հետագա քայլերը որոշելու համար»: «Ցավոք, չեմ կարող ասել, որ Սանկտ Պետերբուրգում մենք հասանք ինչ-որ բեկումի, այդուամենայնիվ, բանակցությունները պետք է շարունակվեն»,- հայտարարել է ադրբեջանցի նախարարը:

Մամեդյարովն ասել է նաեւ, որ բանակցությունները եղել են շատ ինտենսիվ: «Քննարկվել են հիմնարար սկզբունքների կոնկրետ այն տարրերը, որոնք մեզ այդպես էլ դեռ, ցավոք, չի հաջողվել համաձայնեցնել, եւ որոնց հիման վրա կկառուցվի մեծ համաձայնությունը», ըստ ԱՊԱ-ի, պարզաբանել է Էլմար Մամեդյարովը, հավելելով. «Համենայնդեպս, այն, որ քննարկումները շարունակվեցին երեք ժամ, ընդ որում, մեկ ժամը՝ տետ-ա-տետ, իսկ երկու ժամը՝ արտաքին գործերի նախարարների եւ համանախագահների հետ համատեղ, արդեն վկայում է, որ դրանք բավականին ինտենսիվ էին: Օրակարգում ընդգրկվել էին բազմաթիվ հարցեր, եւ բոլորն էլ քննարկվել են: Յուրաքանչյուր հանդիպում հնարավորություն է տալիս ավելի հստակ պատկերացնել մյուս կողմի դիրքորոշումը»:

Ի ամփոփումն՝ Մամեդյարովն ասել է. «Բանակցությունները կշարունակվեն: Հետագա բանակցությունների ուղղությունը հայտնի է, սակայն հնարավոր է, որ լինեն ինչ-ինչ նյուանսներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել