Լրահոս
Օրվա լրահոսը

Անցկացվեց «Բարեկամության կամուրջ» խորագրով փառատոն

Հունիս 13,2007 00:00

Հայ-վրացական այս միջոցառումը ամենամյա կդառնա

ՀՀ քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի հրավերով հունիսի 9-13-ը Երեւանում «Բարեկամության կամուրջ» խորագրով փառատոնի ընթացքում հանդես կգան Բաթումի «Մերանի» պարային եւ «Լիմպոպո» վոկալ խմբերը: Երեկ «Հայացք» ակումբում Բաթումի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Թամազ Նիկոլաշվիլին ներկայացրեց, թե ինչպիսի շարունակություն կունենա հայ-վրացական այս մշակութային համագործակցությունը: «15 տարի առաջ սկսված քաղաքացիական պատերազմից հետո Վրաստանը դժվարությամբ ոտքի կանգնեց: Անկախ ամեն ինչից, հայերն ու վրացիները միշտ էլ բարեկամ են եղել ու դեռ երկար պիտի շարունակեն իրենց ընկերությունը: Երեկվա համերգին էլ այնպիսի զգացողություն ունեի, կարծես հարազատներս էին դահլիճում նստած: Լավ կլինի, որ այսուհետեւ ոչ միայն երաժշտության, այլեւ արվեստի այլ ժանրերով «փոխանակվենք»,- կարծում է Թ. Նիկոլաշվիլին: Բաթումի մանկական համույթների հետ համագործակցությունը սկսվել է անցյալ տարի, երբ տեղի քաղաքապետարանի մշակույթի վարչության աջակցությամբ այնտեղ կազմակերպվեց «Երեւանի երեխաները Բաթումի երեխաների համար» խորագրով հայկական երգի եւ պարի փառատոն:

Այս տարի բաթումցիները պատասխան այցով են Հայաստան ժամանել: Թ. Նիկոլաշվիլին վստահեցրեց, որ Երեւան այցելած 50 բաթումցիների մեծամասնությունը առաջին անգամ է Երեւանում:

«Անցյալ տարվա միջոցառումը եզակի էր, քանի որ արտերկրում հայկական փառատոն առաջին անգամ էր կազմակերպվում: Իսկ արտերկրից մանկական խմբեր Հայաստան արդեն 4-րդ անգամ ենք հրավիրում»,- նշեց Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի տնօրեն Սերգեյ Մարգարյանը: Անցյալ տարի Բաթումում իր ղեկավարած «Էրեբունի» եւ «Եղեգ» պարային համույթներով հանդես եկած Ազատ Նիկողոսյանն էլ վստահեցրեց. «Սա քաղաքական ակցիա լինել չի կարող, քանի որ գործ ունենք երեխաների եւ արվեստի հետ: Բաթումի հայերն էլ էին ոգեւորվել: Կային այնպիսի մարդիկ, որոնք նույնիսկ Հայաստանում համերգ գնացած չկային, բայց մեր փառատոնին մասնակցեցին»:

Երեկվա ասուլիսին Թ. Նիկոլաշվիլին ներկայացրեց, թե իրենց պետությունն ինչպես է աջակցում մանկական խմբերի գործունեությանը: «Հիմնականում այդ խմբերն իրենց միջոցներով են ֆինանսավորվում: Բայց քաղաքապետարանը օժտված երեխաներին ու խմբերին հատուկ աջակցություն է ցուցաբերում»: Հայաստանի ներկայացուցիչներն էլ շեշտեցին, որ Բաթումում գոյություն ունի նույնիսկ պետական մանկական անսամբլ: «Իսկ մեզ մոտ, եթե պետությունը հովանավորեր, այսպիսի ցածր մակարդակ չէին ունենա մեր պարային խմբերը: Եթե ղեկավարներիս բարձր վարձատրեին, միայն լավ երեխաներին կընտրեինք, ոչ թե 100 կիլոգրամանոց երեխան բեմ կբարձրանար»,- նկատեց Ա. Նիկողոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930