Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացի, տե՞ր ես»

Հունիս 18,2007 00:00

«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն իր այս հարցի պատասխանը տալու է՝ նաեւ միշտ մասնակցելով կառավարության նիստերին:

ԱԺ կանոնակարգի 5-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորն իրավունք ունի ներկա գտնվել կառավարության դռնբաց նիստերին: Սակայն մինչ 2007-ի հունիսի 14-ը չէր եղել նախադեպ, որ ընդդիմադիր որեւէ պատգամավոր իրացնի այս իրավունքը: Այդ նախադեպը ստեղծած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից, որը երեկ «Տեսակետ» ակումբի հյուրն էր, «Առավոտը» փորձեց պարզել այս իրադարձության մանրամասները՝ նախապես տեղեկացրե՞լ է իր մտադրության մասին, լո՞ւռ է ներկա եղել, թե՞ կարծիքներ է հայտնել քննարկվող հարցերի շուրջ: Ի պատասխան՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նախ հայտնեց. «Պիտի ջանանք յուրաքանչյուր հինգշաբթի ժամը 11-ին ներկայանալ կառավարության նիստերին, ավելի լավ պատկերացում ունենալ գործադիր իշխանության օրակարգի, կառավարման համակարգի մասին: Երբ խոսում ենք իշխանության ճյուղերի համակշռման-հակակշռման տեսության մասին՝ պիտի փորձենք նաեւ մեր համեստ ներկայությամբ այդ նոր մշակույթի առաջին ծիլերն առաջարկել»: Եվ պատմեց, որ նախապես չի դիմել, եւ ընդ որում՝ ներս է մտել ուշացած. «Նախարար Մանուկ Թոփուզյանն ընդմիջմանը մոտեցավ, խնդրեց, որ իրեն ի սկզբանե տեղյակ պահենք մասնակցության մասին, ես էլ ասացի, որ ներկա ենք գտնվելու բոլոր նիստերին, դրա համար՝ ինքը թող մեզ ներկա նշի: Եվ երբ խոսում էինք կառավարության անդամների ու նոր վարչապետի հետ՝ նաեւ խնդրեցի, որ կառավարությունը հարգի օրենքը եւ ԱԺ ներկայացնի իր նիստերի օրակարգը՝ նախօրո՛ք, ինչն այս անգամ տեղի չէր ունեցել»: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքից պարզ դարձավ, որ նա մտադիր է կառավարության հաջորդ նիստերին այլեւս միայն ներկա չլինել. «Ամեն դեպքում, ընդմիջումներին մեր տեսակետները կհայտնենք: Սա կարեւոր է ոչ միայն պետական կառավարման նոր իրականություն իրականացնելու կամ մշակելու, այլ նաեւ մեզ համար, քանի որ առաջին անգամ ենք մտնում ԱԺ՝ նոր ենք սովորում եղանակները, մոտեցումները, կանոնակարգի անցքերը»:

Նոր իրականություն ստեղծելու փորձերից մեկն էլ թերեւս հետեւյալն է: Պարզվեց, որ այս խմբակցությունը նաեւ նշանաբաններ է սահմանել օրենսդրական իր նախաձեռնությունների համար: ԱԺ սեպտեմբերից մեկնարկող նստաշրջանում նրանք, ասենք, «Ազատ խոսք, ազատ մարդ, ազատ երկիր» նշանաբանով ներկայացնելու են փոփոխություններ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «ՀՌԱՀ կանոնակարգ», «Ընտրական օրենսգիրք», «Կուսակցությունների մասին» օրենքներում: Իսկ «Օրինականության հաստատում եւ պայքար կոռուպցիայի դեմ» կարգախոսով էլ փորձելու են փոփոխել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմինների մասին», «Փաստաբանական գործունեության մասին» օրենքները, եւ նոր օրենքի նախագիծ առաջարկել հասարակական եւ պետական կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ: Սոցիալական արդարության հաստատման նշանաբանով էլ փորձելու են փոփոխել նվազագույն վարձատրության, ինչպես նաեւ կենցաղապահովման նվազագույն զամբյուղի հաստատման վերաբերյալ օրենքները:

Լավ սկիզբ է: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ նախորդ ԱԺ-ում ընդդիմադիրներից քչերն էին զբաղվում օրենքների մշակմամբ: Իր ընդդիմադիր գործընկերների մասին Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ ասաց. «Սխալ մարտավարության, սխալ արժեքների ընդգրկման պատճառով ՀՀ ժողովրդի նվազագույնը 30 տոկոսի ձայները փոշիացան»: Եվ հորդորեց. «Ընդդիմությունն ինքը պիտի կարողանա շատ կոշտ, շատ ինքնաքննադատ վերլուծություն կատարել վերջին շրջանի՝ հատկապես վերջին ամիսների ընդդիմադիր մոտեցումների վերաբերյալ, որ կարողանա մինչ նախագահական ընտրություններ այդ սխալներն ընդունած, այդ բացերը փակած ներկայացնել ընդդիմադիր նոր հայտ: Ես դա անհրաժեշտ եմ համարում Հայաստանի ապագայի համար: Բայց դա տեղի չի կարող ունենալ, եթե որեւէ մեկը որեւէ ուրիշի դատավորը դառնա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել