Լրահոս
Օրվա լրահոսը

Կխառնի խաղաքարտերը

Հունիս 19,2007 00:00

Ողջունելով թիվ 15 ընտրատարածքում «Ժառանգության» առաջնորդի առաջադրումը՝ այսպիսի կարծիք է հայտնել «Իմպիչմենտի» ներկայացուցիչը:

Մինչ հայաստանյան արտախորհրդարանական ընդդիմությունը փորձում է վերլուծել մայիսի 12-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունները, իշխանության կողմից իրականացված ընտրակեղծիքների ծավալներն ու դրանց ազդեցությունն ընտրությունների վրա, նաեւ առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության համախմբման եւ միասնական այլընտրանքային թեկնածուի առաջադրման խնդիր է բարձրացնում՝ «Ժառանգություն» կուսակցությունը որոշել է Արագածոտնի թիվ 15 ընտրատարածքի ընտրողներին կոնկրետ այլընտրանք առաջադրել: Շաբաթ օրը լրանում էր թիվ 15 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման ժամկետը: Բոլորի համար անակնկալ կերպով այդ ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրեց «Ժառանգության» նախագահ, ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ի գիտություն ընդունելով մայիսի 12-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ «Ժառանգության» եւ ընդդիմադիր մյուս ուժերի քվեների, ինչպես Ր. Հովհաննիսյանն ասաց՝ գողության փաստը, նա հայտարարեց, թե գողացվածը ետ բերելու այս կոնկրետ փորձը ոչ թե կուսակցության, այլ ՀՀ քաղաքացու արժանապատվության եւ ազատ ընտրության, մարդկանց ռեալ այլընտրանք ներկայացնելու հարց է: «Մենք քայլ առ քայլ ետ ենք բերելու մեզնից գողացված ձայնը: Ուզում ենք, որ այս ընտրատարածքի ընտրողները հասկանան, որ սա իրենց համար ազատ ընտրություն կատարելու հնարավորություն է, որը մենք տալիս ենք իրենց»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Բացի Ր. Հովհաննիսյանից, այս ընտրատարածքում առաջադրվել է եւս տասը թեկնածու, որոնցից երեքը Խաչիկ Մանուկյաններ են, մեկը՝ ՀՀԿ թեկնածու, երկուսը՝ անկուսակցականներ: Իր երկու «նմանակների» ի հայտ գալը հանրապետական Խաչիկ Մանուկյանը իր մրցակիցներից մեկի՝ Մնացական Մնացականյանի ձեռքի գործն է համարում, որի նպատակը իրենց ձայները խլելն է: Խ. Մանուկյանն անհեթեթություն համարեց այն դիտարկումները, թե՝ թիվ 15-ում իր դեմ որոգայթ լարողը ՀՀԿ-ն է, թեեւ նրա՝ որպես արդեն ընտրված թեկնածուի ինքնաբացարկը, ըստ որոշ տեղեկությունների՝ հե՛նց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն է: Իսկ Մնացական Մնացականյանն ավելի շատ անհանգստացած էր ոչ այնքան երեք Խաչիկ Մանուկյանների, որքան Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման փաստով: Մ. Մնացականյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում վրդովված հայտարարել էր, թե ինքը Ր. Հովհաննիսյանի փոխարեն չէր առաջադրվի, որ դա անլուրջ քայլ է համարում:

Երեկ հայաստանյան ընդդիմադիր որոշ կուսակցություններ, այդ թվում «Իմպիչմենտ» նախընտրական դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, ՀԺԿ անդամ Գրիգոր Հարությունյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը դրական են գնահատել «Ժառանգություն» կուսակցության նախագահի թեկնածության առաջադրումը: Ն. Փաշինյանը մասնավորապես ասել է, թե Ր. Հովհաննիսյանի առաջադրումը կխառնի իշխանության խաղաթղթերն այդ ընտրատարածքում: Բայց ընդդիմադիր ուժերից որեւէ մեկը չի շտապել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին թիվ 15 ընտրատարածքում սատարելու հայտարարություն անել: Միայն ՀՀՇ-ն է, որ վերապահումով է անդրադարձել Ր. Հովհաննիսյանի այդ որոշմանը: ՀՀՇ գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը մասնավորապես ասել է, թե Ր. Հովհաննիսյանը գործով պետք է ապացուցի, որ ինքն ընդդիմադիր է: Համանման մի արտահայտություն էլ արել է Ս. Սուրենյանցը. «Ր. Հովհաննիսյանին այդ ընտրատարածքում պաշտպանության հարցը կորոշվի այն բանից հետո, երբ նա ներկայացնի իր ծրագիրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել