Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՒՅՆԻՍԿ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆՆ Է ՍԽԱԼԱԿԱՆ

Հունիս 19,2007 00:00

«Առավոտը» երեկ փորձեց հստակեցնել, թե հատկապես ի՞նչ սխալներ կամ մեղքեր նկատի ուներ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, երբ խորհրդարան գնալուց առաջ իր արդեն նախկին աշխատակազմին հրաժեշտ տալով՝ ներողություն խնդրեց իր արածի եւ չարածի համար, իսկ վարչապետ Սերժ Սարգսյանը տեղից ուղղեց, թե նրան ոչ ոք աշխատանքից չի հեռացրել եւ նույնիսկ Քրիստոսն անսխալական չէ:

Պատասխանելով մեր հարցին՝ այդ ո՞ր արածի կամ չարածի համար էր ինքը ներողություն խնդրում իր արդեն նախկին կոլեկտիվից, բնապահպանության նախկին նախարարն ասաց, որ ինքը ոչ թե իր նախկին աշխատակազմից էր ներողություն խնդրում, այլ ուզում էր մարդկանց արժանի խոսք ասել եւ արժանի վերաբերմունք դրսեւորել. «Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը իր աշխատանքի տեղում բացարձակապես անսխալական է։ Պաշտոնյան իր աշխատանքը կատարելիս շատ դեպքերում, ունենալով իշխանության իրավունք, կարող է այնպիսի գործողություններ է կատարում, որ պետք է ներողություն խնդրի, բացթողումներ միշտ էլ լինում են, ոչ մի մարդ անսխալական չի կարող լինել, եւ ես գտնում եմ, որ բացթողումներ կան: Ես ներողություն խնդրեցի, որովհետեւ, եթե մարդկանց հետ աշխատել ես, այդ մարդիկ արժանի են հոգատար խոսքի, հոգատար վերաբերմունքի, որովհետեւ կոլեկտիվ աշխատանքի արդյունքում է, որ մեր նախարարության աշխատանքի դերակատարությունը բարձրացել է: Ես չեմ ուզում չափից դուրս համեստ լինել եւ ուզում եմ ասել, որ այն փայտի նախարարությունից դարձել է հստակ ձեւավորված եւ աշխատող բնապահպանության նախարարություն»:

ԱԺ նորաստեղծ տնտեսական հարցերի հանձնաժողովում, որը ղեկավարելու է Վարդան Այվազյանը, աշխատելու են հիմնականում գործարար պատգամավորներ, այդ թվում՝ «Ջերմուկ-Գրուպի» հիմնադիր Աշոտ Արսենյանը, Հերմինե Նաղդալյանը, Մելիք Գասպարյանը, Խաչիկ Սուքիասյանը, Գոհար Ենոքյանը, Վերսանդիկ Հակոբյանը եւ այլք: Ըստ մեր տեղեկությունների, հանձնաժողովի նախագահի տեղակալի պարտականությունները կկատարի ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել