Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու մրցանակաբաշխություն

Հունիս 22,2007 00:00

Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանի հավաստիացմամբ, ամենադժվարը գրականության հաղթողին ընտրելն է:

Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրը Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանն էր, թեման՝ ամենամյա «Վահան Թեքեյան» եւ «Հայկաշեն Ուզունյան» մրցանակաբաշխությունները: Ռ. Միրզախանյանը լրագրողներին հայտնեց, որ այս տարի «Վահան Թեքեյան» մրցանակներ են սահմանված գեղարվեստական գրականության, երաժշտության, գեղանկարչության, քանդակագործության, ռադիոյի ու հեռուստատեսության ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաեւ «Ազգ» օրաթերթում լավագույն հրապարակման, մանուկների համար գրված ստեղծագործությունների, սոցիալ-քաղաքական երգիծանքի համար: Խոսելով մրցույթի պայմանների մասին, նա ասաց, որ մասնակցության համար կարող են ներկայացվել միայն 2006թ. ստեղծված աշխատանքները, իսկ մրցանակներին հավակնելու իրավունք ունեն ոչ միայն Հայաստանի, այլեւ Սփյուռքի ստեղծագործողներն ու ստեղծագործական միությունները: Գործերի ընդունման ժամկետը 2007թ. հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ն է: «Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության ու մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամների աշխատանքները մրցույթի չեն կարող դրվել: Մրցանակի արժանացած յուրաքանչյուր անհատը կամ խումբը կստանա 1000 դոլար եւ դիպլոմ»,- հայտնեց պրն Միրզախանյանը: Նա կարծում է, որ ամենադժվարը գրականության բնագավառի հաղթողին որոշելն է. «Ամենաշատ հայտերն այստեղ են լինում, բայց կարեւորը ոչ թե քանակն է, այլ որակը»:

Ինչ վերաբերում է «Հայկաշեն Ուզունյանին», Թեքեյան միությունը այն շնորհում է 2 տարին մեկ անգամ՝ գրականության ու հայագիտության բնագավառներում ներկայացված լավագույն 4 աշխատանքներին:

Ռուբեն Միրզախանյանը պատմեց իրենց միության այս տարվա պլանների մասին. «Աշունը մեզ համար բեղմնավոր է լինելու՝ հատկապես թատրոնի ասպարեզում: Սպասում ենք բազմաթիվ հյուրերի: Մասնավորապես, հոկտեմբերին Երեւան կժամանի Թեքեյան մշակութային միության Մհեր Մկրտչյանի անվան հայկական թատերախումբը, որը գործում է Նյու Յորքում եւ ունի պրոֆեսիոնալ անձնակազմ: Երեւանում այն հանդես կգա 3 բեմադրություններով»: Հոկտեմբերի սկզբին միության ԱՄՆ-ի եւ Կանադայի մասնաճյուղերի նախաձեռնությամբ կնշվի Թեքեյան միության 60-ամյակը, ինչի կապակցությամբ, բացի մի շարք միջոցառումներից, գեղարվեստական ձեռնարկ կտպագրվի: «Օրերս էլ Կանադայից երիտասարդ թեքեյանականներ կժամանեն հայրենիք: Նրանք ցանկություն են հայտնել մասնակցել Երեւանի Թեքեյան կրթահամալիրի վերանորոգման աշխատանքներին»,- հավելեց պրն Միրզախանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել