Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դժգոհ են թե՛ Հերոյանից, թե՛ Ղահրամանյանից

Հունիս 25,2007 00:00

Չնայած մարզպետները փոխվել են, բայց արմավիրցիների խնդիրները նույնն են մնացել

«Ներկայիս մարզպետն էլ մի բան չէ, նախկինն էլ: Հերոյանն էնքանով էր լավ, որ իրանից «չէ» բառը մենք էսքան ժամանակ չենք լսել, ինչ հարցով մոտենում էինք՝ ասում էր՝ կլինի, ճիշտ է, իր խոստումը չէր կատարում, այդպես էլ մեզ ոչ մի բանով չէր օգնում, բայց գոնե հույս էր տալիս: Հիմիկվա մարզպետն էդ խոստումն էլ չի տալիս: Ինչ խնդիր էլ որ բարձրացնում ենք՝ մերժում է»,- Արմավիրի մարզի բնակիչներն այսպես են ներկայացնում իրենց մարզի նախկին ու ներկա մարզպետներին: Հիշեցնենք, որ 6 ամիս առաջ՝ 2006-ի դեկտեմբերին, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խիստ հանկարծակի պաշտոնանկ էր արել Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանին եւ նրա փոխարեն նշանակել Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Աշոտ Ղահրամանյանին, որի մասին մարզի բնակիչներից ոչ ոք «Առավոտի» հետ զրույցում որեւէ գովեստի խոսք չասաց: «Նա մեր գյուղի համար դեռ մատը մատին չի տվել, նրա մասին ի՞նչ կարող ենք ասել»,- այսպես էին արտահայտվում Ա. Ղահրամանյանի մասին Մայիսյան գյուղի բնակիչները: Վերջիններս մարզպետի մասին խոսելիս խուսափում էին իրենց անունները հրապարակել՝ պատճառաբանելով, որ «մարզպետարանից տղաներիս հետեւից կընկնեն, ընտանիքիս մի վատություն կանեն, ինձ գործազուրկ կդարձնեն» եւ այլն:

Երբ դիմեցինք պարոն Ղահրամանյանին՝ գյուղացիների բողոքների առնչությամբ պարզաբանումներ ստանալու, նա մերժեց՝ հորդորելով իր հետ շփվել միայն գրավոր. «Ես շատ զբաղված եմ, աշխատանքային հանձնաժողովի հետ հարցեր եմ քննարկում, ժամանակ չունեմ, հարցերն ինձ ուղարկեք ֆաքսով»: Նա միայն բանավոր փոխանցեց, որ մարզպետարանը գյուղացիների խնդիրները լուծելու համար ամեն ինչ անում է. «Եկեք տեսեք ինչքան ծրագրեր են սեղանիս դրված, սա է իմ պատասխանը»:

Արմավիրցիներին երբեք «չէ» չասող Ալբերտ Հերոյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ինքը բոլորի համար չէր կարող լավ մարզպետ լինել. «Միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր ինձնից գոհ եղած չեն լինի: Բայց ես այս կասեմ՝ եթե ինձանից ինչ-որ մեկը նեղացել է, ուրեմն կույր է եղել ու իմ արածները չի նկատել, ես կոնկրետ Մայիսյան գյուղի բնակիչների հետ շատ լավ եմ եղել, բոլորին նորմալ ընդունել եմ»:

Նշենք, որ մայիսյանցիները պարոն Հերոյանից դժգոհում էին հատկապես նրա համար, որ իրենց ոռոգման ջրի խնդիրը տարիներ շարունակ չի լուծել, անընդհատ հարցը ձգձգել է: Այս առնչությամբ Ա. Հերոյանի պարզաբանումը՝ «Այդ գյուղում երբեք կարգ ու կանոն չի եղել, բոլոր գյուղացիներն ուզում էին իրենց հողամասերը ցերեկով ջրեն, պարզ է, որ բոլորին ջուրը չէր բավարարի: Բայց դուք իրենց հարցնեիք՝ քանի՞ անգամ են ջրի գումար վճարել, որ հիմա էլ այդպես են խոսում»:

Ներկայումս Արմավիրի մարզում կանոնավոր ջրամատակարարում չի իրականացվում շուրջ 5-6 հազար հեկտար հողատարածքների վրա: Տասը տարուց ավելի է՝ չի ոռոգվում նաեւ մարզի Մայիսյան գյուղի 180 հեկտար վարելահողը: Նշված հողակտորը շուրջ 200 գյուղացու ապրուստի միջոց է, որոնք զրկված են հող մշակելու հնարավորությունից: Նրանցից շատերն արդեն օրվա հացի խնդիրը չկարողանալով հոգալ՝ մեկնել են արտերկիր աշխատանք փնտրելու:

Մարզում ոռոգման ջրի խնդիր ունեն նաեւ Ակնալիճ, Արշալույս, Հայթաղ, Լեռնամերձ, Նորակերտ, Բաղրամյան, Մերձավան, Դալարիկ, Լեռնագոգ, Մրգաշատ, Նորավան, Արմավիր համայնքները: Մյասնիկյանում էլ չի ոռոգվում շուրջ 250 հա հողակտոր: Գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանի խոսքերով՝ գյուղը սնվում է Ախուրյանի ջրամբարից, սակայն քանի որ գյուղը ջրամբարի վերջնամասում է՝ իրենց ջուրը չի հասնում:

«Առավոտի» հետ զրույցում Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը նշեց, որ իրենք մարզպետարանից հույսները կտրել են եւ սպասում են «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսական աջակցությանը: Այդ ծրագրով նախատեսված է գյուղում խորքային հորեր փորել եւ ջրի խնդիրը լուծել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել