Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ

Հունիս 25,2007 00:00

\"\"Երեւանի պետական համալսարանում երեկ տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգաիների (SS) կարիերայի առաջին տոնավաճառը:

Միջոցառման իրականացման ուղղությամբ համագործակցել էին 4 կրթական հաստատություններ՝ ԵՊՀ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (ՄՄՀՀ) ծրագիրը եւ ՏՏ ձեռնարկությունների միությունը: Միջոցառմանը ներկա էր ՏՏ հայաստանյան 30 ընկերություն:

«Կարիերայի տոնավաճառը ոչ միայն կօգնի պոտենցիալ գործառուների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միջեւ կապերի հաստատմանը, այլեւ կամրապնդի այդ ընկերությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտություններ առաջարկող կրթական հաստատությունների փոխհարաբերությունները, կընդլայնի մասնակից կրթական հաստատության կարիերայի կենտրոնի դերը: Նպատակը երիտասարդ մասնագետներին, ուսանողներին եւ շրջանավարտներին աշխատանքով ապահովելն է, զբաղվածության խնդիրների լուծումը, ինչպես նաեւ ապագա գործատու եւ աշխատակից կապի բարելավումը: Այսօր փորձ է արվել մոտեցնել ապագա աշխատակցին գործատուի հետ: Ամեն տարի միջոցառման կազմակերպան վայրը՝ բուհը, կփոխվի»,- ասաց ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Քրիստինե Վարդանյանը:

ՀՀ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը նշեց. «Գործընկերային այս ծրագիրը կարեւոր ստուգատես է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք արդեն գործում են Հայաստանում՝ կրթության համակարգի համար նոր եզրեր բացելու նպատակով»: Ըստ Ա. Ավետիսյանի, համալսարանական կրթությունը պիտի ապացուցի, որ այսօր աշխարհում բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը իսկապես կարող է համապատասխան որակավորմամբ մասնագետներ պատրաստել՝ աջակցելով տնտեսական ոլորտի զարգացմանը եւ օգտվելով այդ ոլորտի հնարավորություններից: ՄՄՀՀ ծրագրի տնօրեն Հեյլի Ալեքսանդրը նշեց. «Ուրախ ենք, որ մասնակցում ենք այս միջոցառման իրականացմանը: Այն փոխկապակցված է Հայաստանի տնտեսության մնացած բոլոր ճյուղերի հետ: Մեր ծրագրի նպատակն է՝ Հայաստանում ապահովել տեխնիկական հմտություններով օժտված աշխատողներ եւ օգնել այդ մասնագետներին գտնել իրենց տեղը աշխատաշուկայում: Դրա իրականացման համար անհրաժեշտ է ստեղծել ամուր կապեր համալսարանների, շրջանավարտների եւ ՏՏ ոլորտի ընկերությունների միջեւ»:

Երեկ ուսանողները մոտենում էին տարբեր կազմակերպությունների սեղաններին եւ թողնում իրենց տվյալները: Յուրաքանչյուր կազմակերպության տրամադրվել էր տաղավար, որտեղ ընկերությունները ներկայացնում էին թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930