Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունիս 25,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ չորրորդ

ԾԱՆՐ ԽԱՉ

– Չորս տարի լավ էլ դիմացել ես,- ասացի Շաբլովսկուն:

– Ճա՞րս ինչ: Փաստորեն, սովորական սալդատներից ուղիղ էրկու անգամ ավել եմ ծառայել:

– Ինձանից՝ չորս անգամ:

– Բերանով ե՞ս ասում: Չհաշված, որ դիսբատի էրկու տարին ըստեղի տասը տարուց բեթար ա:

– Բա ասում էիր՝ դիսբատում լավ էր:

– Ի՛մ համար էր լավ: Դիսբատի հաշվով իմ բախտը բերեց,- ասաց Շաբլովսկին, հետո մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց.- չնայած հեչ պարզ չի՝ բախտս բերե՞լ ա, թե՝ ընդհակառակը:

– Ո՞նց ընդհակառակը:

– Ուզում եմ ասեմ՝ ոչ մի բան հըլը պարզ չի:

– Էս ամիսուկեսն էլ կգլորես, կգնաս տուն, մի տեղ գործի կընդունվես՝ կաշխատես:

– Կաշխատե՜մ,- հեգնեց Շաբլովսկին.- ո՞ւր պիտի աշխատեմ: Որպես աշխատավոր՝ ես արդեն սպիսատ էղած մարդ եմ: Համ էլ՝ ո՞վ կթողի աշխատեմ:

– Ո՞վ չպիտի թողի:

– Կյանքում ոչ մի բան հենց ընենց չի ըլնում,- հառաչեց Շաբլովսկին:- Ոչ մեկը ոչ մեկին ձրի լավություն չի անում. դաժե կնիկը մարդուն ձրի չի տալի:

– Չեմ հասկանում:

– Դժվար էլ հասկանաս: Դիսբատում էրկու տարի որ աղի պես ապրել եմ, դրա պատասխանն ո՞վ ա տալու:

– Ի՞նչ պատասխան:

– Կարող ա՞ մեր տղերքի ու էդ գողի լավության տակ մնամ:

– Կաշխատես՝ իրանց լավության տակից դուս կգաս:

– Աշխատելը կաշխատեմ, բայց հիմի արդեն մենակ իրանց հետ կարամ աշխատեմ, ավելի ճիշտ՝ իրանց համար:

– Իրանք ի՞նչ են աշխատում:

– Իմ իմանալով՝ էլի գողություն են անում:

– Բա բերդում չե՞ն:

– Մի մասը դուսն են,- հոգոց հանեց Շաբլովսկին.- դուսը միշտ էլ մարդ ըլնում ա:

– Պարտադիր պիտի իրանց հանդիպե՞ս:

– Գետնի տակ էլ ըլնեմ՝ կգտնեն,- հառաչեց Շաբլովսկին:- Համ էլ՝ էդքանից հետո որ իմ ոտով իրանց չներկայանամ, իմ կողմից լրիվ անշնորհքություն կըլնի:

– Հասկանալի ա:

– Ընենց որ, դիսբատում էրկու տարի փաշի պես առավոտից իրիկուն շնթռելը շատ թանկ հաճույք ա:

– Բա ո՞նց պիտի անես:

– Մի բան կանեմ,- դժվարությամբ ժպտաց Շաբլովսկին.- ոնց որ միշտ արել եմ՝ ըտենց էլ կշարունակեմ:

– Միշտ ո՞նց ես արել:

– Հույսս Աստծու վրա եմ դրել:

– Ամեն ինչ լավ կըլնի:

– Որտեղ որ բարակ ա՝ թող կտրվի:

– Դժվարություններդ անցել են,- ասացի ես.- հիմի քո հաջողությունների շրջանն ա սկսվելու:

– Տա՛ Աստված,- ժպտաց Շաբլովսկին.- չուզողը ե՛ս թող ըլնեմ:

– Ամեն ինչ լավ կըլնի:

– Շատ խոսացի,- տեղից վեր կենալով՝ ասաց Շաբլովսկին:- Էս նակոլկեն պրծել ես, չէ՞:

– Հա,- ասացի ես.- վաղը կլվանաս ու վերջ:

– Շատ խորացանք,- ժպտաց Շաբլովսկին:

– Անկեղծացանք,- ասացի ես:

– Անկեղծացա՛,- ժպտաց Շաբլովսկին ու ավելացրեց.- չորս տարի ա՝ ոչ մեկի հետ էսքան խոսացած չկայի: Փաստորեն, սիրտս քու առաջ լրիվ բացեցի:

– Մեկի առաջ պիտի բացեիր:

– Անկախ ինձանից ստացվեց:

– Որ ամեն ինչ ներս ես գցում, ավելի՛ վատ ա:

– Ճիշտ ես ասում,- ասաց Շաբլովսկին.- բայց չափից ավել անկեղծանալն է՛լ մի բան չի:

– Ներս գցելն ավելի՛ վատ ա:

– Ես լսել եմ, որ հիմնականում ներս գցելու պատճառով են ինֆարկտ ստանում:

– Շատ հնարավոր ա,- ասացի ես.- մարդ որ մեկի հետ խոսում ա, սիրտը բացվում ա:

– Էս առաջին անգամն էր,- ժպտաց Շաբլովսկին.- ավելի ճիշտ՝ էս չորս տարվա մեջ էր առաջին անգամը:

– Չորս տարի ոչ մեկի հետ չես կիսվե՞լ,- հարցրի ես.- էս բաների մասին ոչ մեկի հետ չես խոսացե՞լ:

– Ի՞նչ խոսալ,- զարմացավ Շաբլովսկին:- Առաջին վեց ամիսը՝ մալադոյ վախտերս առավոտից իրիկուն էս չաստի գարաժում մազութի մեջ կորած՝ ճորտի պես բանում էի. ո՞ւմ հետ պիտի խոսայի:

– Բա դրանից հետո՞:

– Դրանից հետո էլ երեւի արժանավոր մարդ չի էղել, որ հետը բան խոսայի: Մեկնումեկի հետ էլ որ խոսացել եմ, մենակ էս չաստի ու դիսբատի ներսի հարցերից եմ խոսացել. դրանց հետ հո անձնականիցս չէի՞ խոսա:

– Բա իմ հետ ո՞նց խոսացիր:

– Հատուկ նպատակ չունեի,- ժպտաց Շաբլովսկին.- ինքնիրան ստացվեց: Հիմի չեմ էլ հիշում՝ մեր էս խոսակցությունն ինչից սկսվեց:

– Ժամանակից: Սկզբում ինձ հարցրիր՝ կարող ա՞ ժամանակը կանգ առնի կամ դանդաղանա:

– Մեջս իսկականից կասկած էր մտել,- ծիծաղեց Շաբլովսկին:- Հիմի հասկանում եմ, որ շատ մազալու բան եմ ասել:

– Հա,- ծիծաղեցի ես:

– Բայց երաշխավորո՞ւմ ես,- շարունակեց ծիծաղել Շաբլովսկին:

– Ի՞նչը:

– Որ ժամանակը չի կարա կանգ առնի կամ դանդաղանա:

Շաբլովսկին ծիծաղում էր, բայց դեմքին դեռեւս վախի ու կասկածի նշույլներ կային:

– Հարուր տոկոսով եմ երաշխավորում,- ժպտացի ես:

– Որ ասում ես, հավատում եմ,- ժպտաց Շաբլովսկին.- ինչքան չըլնի՝ բարձրագույն ես ավարտել:

– Ժամանակի հարցում կարաս լրիվ արխային ըլնես,- ծիծաղեցի ես:

– Շատ խոսացինք,- ժպտաց Շաբլովսկին:

– Խոսալը վնաս չի:

– Նայած՝ ինչ ես խոսում:

– Որ անկեղծ ես խոսում, ինչ էլ խոսաս՝ լավ ա:

– Չափից ավել անկեղծանալն է՛լ տղամարդու գործ չի,- ժամացույցին նայելով՝ ասաց Շաբլովսկին ու ավելացրեց.- պարզվում ա՝ որ խոսում ես, ժամանակը լավ էլ արագ ա թռնում:

– Քանի՞սն ա:

– Որ մոտդ մտա՝ տասնմեկն էր. հիմի արդեն էրկուսի կեսն ա:

– Փաստորեն, խոսալն օգուտ ա:

– Կարա՞մ մի բան էլ հարցնեմ:

– Հարցրու:

– Կարա՞մ մեկ-մեկ գամ՝ ըսենց մի քիչ խոսանք:

– Շատ ուրախ կըլնեմ,- ասացի ես:

– Դե հաջող,- տեղից վեր կենալով՝ ասաց Շաբլովսկին:- Մեկ-մեկ կերեւամ:

Շաբլովսկին ասաց՝ «մեկ-մեկ կերեւամ», բայց այլեւս իմ արհեստանոց ոտք չդրեց, եւ երբ մի քանի օր անց կազարմայում ինձ տեսավ, հեռվից ձայն տվեց, եւ երբ մոտեցա, թեւի խաչը ցույց տվեց. հրաշալի ու փառահեղ խաչ էր, եւ Շաբլովսկու դեմքի արտահայտությունից զգացվում էր, որ իսկը իր ուզածն է, եւ հաստատ կարող եմ ասել, որ էդ խաչն իմ արած դաջվածքներից լավագույնն էր, որովհետեւ ո՛չ թե արտանկարել էի, այլ ներշնչանքով ու ստեղծագործաբար էի արել, եւ երբ Շաբլովսկին թեւի խաչը ցույց տվեց ու հարցրեց՝ «հը՞, ո՞նց ա ստացվել», ես հիացած ասացի՝ «էդ իմ ամենահաջող ստեղծագործությունն ա», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «ինձ է՛լ ա դուր գալի» եւ հանկարծակի լրջանալով ավելացրեց՝ «էն օրվա մեր սաղ խոսակցությունը մեր մեջ ա, չէ՞, մնալու», եւ ես անակնկալի գալով հարցրի՝ «ի՞նչ խոսակցություն», եւ ինքն ավելի լրջանալով ասաց՝ «քու արհեստանոցում ինչ որ խոսացել ենք, մեր մեջ ա մնալու, չէ՞», եւ ես ասացի՝ «չեմ էլ հիշում՝ ինչ ենք խոսացել», եւ ինքն ասաց՝ «շատ լավ ա, որ չես հիշում, բայց որ հանկարծ հիշես՝ մեր էդ խոսակցությունը քեզնից չպիտի՛ դուս գա», եւ ես ասացի՝ «որ չասեիր էլ, էդ խոսակցությունը մեր մեջ էր մնալու», եւ ինքն ասաց՝ «ուրախ եմ, որ էդքանը հասկանում ես», եւ ես ասացի՝ «էդքան էլ անհասկացող չեմ», եւ ինքը հարցրեց՝ «նեղացա՞ր», եւ ես ասացի՝ «նեղանալու բան չկա», եւ ինքն ասաց՝ «նակոլկի համար շնորհակալ եմ. շատ լավ ա ստացվել», եւ ես ժպտալով հարցրի՝ «էդ նակոլկի պատմությունն էլ ա, չէ՞, մեր մեջ մնալու», եւ ինքը չհասկացավ ու հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ ես չափազանց լուրջ տոնով ասացի՝ «չեմ ուզում զամպալիտն իմանա, որ սալդատների թեւերին նակոլկա եմ անում», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «ես հո հասարակ սալդատ չե՞մ», եւ ես միանգամայն լուրջ ասացի՝ «ե՛ս եմ հասարակ սալդատ. չեմ ուզում, որ զամպալիտն իմանա», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «հասկացա. ոչ մեկը չի իմանա» եւ ավելացրեց՝ «քեզանից շնորհակալ եմ», եւ ես հարցրի՝ «ինչի՞ համար ես շնորհակալ», եւ ինքն ասաց՝ «էս խաչի ու մեր էն խոսակցության համար», եւ ես ասացի՝ «ոչ մի խոսակցություն չեմ հիշում», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «շնորհակալություն», եւ ես ասացի՝ «չարժի», եւ ինքն ասաց՝ «արժի՛» ու գնաց պառկեց իր մահճակալին, եւ հետագա ամիսուկեսվա ընթացքում իրար հետ խոսելու որեւէ առիթ չունեցանք, որովհետեւ ինքն ամեն կերպ խուսափում էր ինձանից եւ երբ հեռվից ինձ տեսնում էր, ճանապարհը կտրուկ փոխում էր, եւ երբ կազարմայում անկախ մեզանից իրար դեմ էինք դուրս գալիս, ինքը քթի տակ մրթմրթալով՝ բարեւիս մի կերպ ու չուզենալով էր պատասխանում, եթե, իհարկե, պատասխանում էր, եւ եթե նույնիսկ պատասխանում էր, գլուխը չէր բարձրացնում ու վրաս չէր էլ նայում, եւ ինձ համար միանգամայն պարզ էր, որ ինքը չարաչար էր փոշմանել արհեստանոցումս չափից ավելի անկեղծանալու համար, եւ, ճիշտն ասած, ես է՛լ էի անհարմար զգում, որ Շաբլովսկու պես առյուծն իր կյանքն ու իր կյանքի ամենայն մանրամասներն էր անարժանիս պատմել ու մատուցել, եւ երկուսս էլ հավասարապես հասկանում ու գիտակցում էինք, որ էդ ու էդքանն ինձ, այնուամենայնիվ, չէր հասնում, ու ես իրենից ո՛չ պակաս խորությամբ էդ բանը հասկանալով ու գիտակցելով՝ նաեւ հասկանում ու գիտակցում էի, որ եղածն արդեն եղել է, ու այլեւս հնարավոր չէ որեւէ բան փոխել ու շտկել, ու չնայած հասկանում էի, որ եղածի համար բացարձակապես որեւէ մեղք չունեմ, այդուհանդերձ, ամեն իրեն տեսնելիս՝ մեղքի զգացումս անմիջապես մեջս զարթնում էր, ու ամեն իրեն տեսնելիս՝ էնքան էի մեղքի զգացումով լցվում, որ երեւի էդ հոգեվիճակս իրեն է՛լ էր փոխանցվում, ու երեւի իրեն է՛լ էր թվում, թե՝ կատարվածի ու տեղի ունեցածի հիմնական մեղավորը հենց ե՛ս եմ, եւ չնայած իմ երաշխավորածը մեկին մեկ տեղի էր ունեցել, այսինքն՝ ժամանակը ոչ կանգ էր առել, ոչ էլ, փաստորեն, դանդաղել էր, բայց ժամանակի պակասելու հետ Շաբլովսկու ինքնավստահությունն էր կտրուկ ու ակնհայտորեն ավելացել, եւ ինքն օրեցօր իմ ու իր միջեւ տարածությունն ավելի ու ավելի էր մեծացնում ու ընդգծում, եւ չնայած արդեն գիտեի, որ իր մշտական ինքնավստահությունը կյանքից ու բոլորից պաշտպանվելու իր հիմնական ու թերեւս միակ միջոցն ու ձեւն է, այդուհանդերձ, ինձ միանգամայն նվաստացած էի զգում, մանավանդ որ՝ ինքն ինքնավստահ ու դիք-դիք կազարմայում իր անթեւ մատրոսկայով ֆռֆռում եւ դաջածս խաչն էր աջուձախ ի ցույց դնում, եւ բոլորն ու հատկապես մալադոյներն իմ դաջած էդ փառահեղ խաչով էին հիացած, եւ բոլորին ու հատկապես մալադոյներին երեւի թվում էր, թե Շաբլովսկին իր մորից էդ խաչով է ծնվել, ու երեւի իրեն է՛լ էր էդպես թվում, եւ, փաստորեն, էդ խաչի ծագման մասին միայն ե՛ս գիտեի եւ շարունակաբար իմանալով՝ ինձ ավելի ու ավելի նվաստացած էի զգում, բայց, այդուհանդերձ, Շաբլովսկու զորացրման պահին՝ առավոտ գիշերով Խկկ-ում ցցված էի, որ, այնուամենայնիվ, իրեն հաջողություն ու բարի ճանապարհ մաղթեմ, եւ էդ օրն ինքն ու իր պրիզիվի Ուզբեկն էին զորացրվում, որովհետեւ երկուսի ուղղությունն էլ Տաշքենդն էր, եւ առավոտ գիշերով Խկկ-ում ցցված էի, ու չնայած էդ առավոտ գրեթե բոլորն էին Խկկ-ում հավաքվել, որ Շաբլովսկու հեռանալը սեփական աչքերով տեսնեն, բայց իմը մի քիչ ուրիշ էր, եւ Շաբլովսկին է՛լ էր դա զգում ու չնայած արդեն զորացրվում էր, դեռեւս իր դերի մեջ էր եւ իր դերի մեջ մնալով՝ ինքը նախ իր պրիզիվից դեռեւս մնացած դեմբելների հետ ողջագուրվեց, հետո մյուս կանգնածներին ընդհանուր ու հեռվանց հաջողություն մաղթեց, այնուհետեւ ինձ մոտենալով՝ բռունցքով ուժեղ խփեց ուսիս ու բառ անգամ չասաց. ընդամենը քթի տակ քմծիծաղ տվեց, ու էդ պահին, ավելի ճիշտ՝ էդ պահից վայրկյաններ անց, երբ իրենց տաքսին իրեն ու Ուզբեկին կորցրեց առավոտվա մոխրագույն մշուշի մեջ, ես «Եռանկյունի» ֆիլմը հիշեցի, ավելի ճիշտ՝ էդ ֆիլմի է՛ն պահը, երբ Ֆրունզիկն ինքնաթիռ նստելուց ու անհայտություն ճանապարհվելուց առաջ բոլորի հետ մեկ առ մեկ ողջագուրվեց՝ բացի ջութակահար Հովիկից, որի առաջ սիրտը բացել ու, փաստորեն, գաղտնազերծել էր գասպարավարի լողի իր իսկ հորինած լեգենդը, եւ, եթե հիշում եք, հրաժեշտի էդ դրամատիկ պահին Ֆրունզիկը ջութակահար Հովիկին ո՛չ թե մարդավարի հրաժեշտ տվեց, այլ ընդամենը քմծիծաղ տվեց ու տղայի թշին շատ թեթեւ ու արհամարհական մի թաթալոշ տալով՝ կուկուռուզնիկով ճանապարհվեց անհայտություն, եւ, հիմա որ հիշում եմ, Շաբլովսկին էլ ի՛մ հանդեպ նույնն արեց՝ ընդամենն է՛ն տարբերությամբ, որ քմծիծաղ տալով՝ բռունցքով շատ ուժեղ խփեց ուսիս ու Ֆրունզի պես ճանապարհվեց անհայտություն, եւ իր անհայտությունը միանգամայն հստակ անուն ուներ՝ Տաշքենդ:

Ես էս բաները հիմա հիշում ու գրի եմ առնում Փարիզ-Երեւան ինքնաթիռի մեջ բազմած, ու շատ հնարավոր է, որ մի քիչ ձգձգեցի ու երկարացրի Շաբլովսկուն վերաբերող էս ամենը, ու չնայած արդեն չեմ հիշում՝ ինչու վերադարձա ու անդրադարձա Շաբլովսկուն, եւ չնայած մի քանի անգամ էս թղթերս շուռումուռ տվի ու ոչ մի կերպ չգտա էն պահը, որտեղից սկսած՝ սկսել եմ անդրադառնալ Շաբլովսկուն, այդուհանդերձ, էս անդրադարձս անտեղի չեմ համարում, որովհետեւ մեր ու հատկապես Շաբլովսկու բանակային դանդաղընթաց ժամանակին անդրադառնալով՝ ես արդեն ավելի քան երեք ժամով կրճատեցի Փարիզ-Երեւան չվերթի ժամանակը, այսինքն՝ հինգ ժամից երեքն արդեն Շաբլովսկիախառը գլորված է, եւ իմ դեպքում սա միանգամայն ուրախալի իրողություն է, որովհետեւ տարիքիս առաջացման ու ճնշմանս հետ կապված՝ սկսել եմ շատ ծանր տանել ինքնաթիռային էս տեւական թռիչքները, եւ ահա Շաբլովսկուն ու իր ամենավերջին ամիսուկեսին անդրադառնալով՝ ինքս էլ չզգացի՝ էս երեք ժամը ոնց անցավ, ու հիմա ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել՝ ինչու եւ ինչ առիթով էսքան մանրակրկիտ անդրադարձա Շաբլովսկուն ու իր դանդաղընթաց ժամանակին. ընդամենն է՛ն եմ հիշում, որ երբ մեր էս ինքնաթիռը տեղից պոկվեց, ստյուարդեսան ուղեւորներիս հրամցրեց անցած շաբաթվա ողջ իշխանամետ մամուլը, ու ես ագահաբար վրա տվի էդ թերթերին, որովհետեւ արդեն մի շաբաթ է՝ Հայաստանից որեւէ տեղեկություն չունենք, ու թերթերից մեկի մեջ աչքովս ընկավ «Արմավիայի» օդաչուներից մեկի սենսացիոն հայտարարությունն այն մասին, որ ամիսներ առաջ Սոչիում վթարի ենթարկված ինքնաթիռի վթարի բուն պատճառն էդ նույն ինքնաթիռում գտնվող գողականների ռազբորկեքն ու կրակոցներն են եղել, եւ քանի որ մեր էս Փարիզ-Երեւան ինքնաթիռն է՛լ է նույն «Արմավիայի» նույն տեսակի ինքնաթիռ, ես անմիջապես մի կողմ դրի թերթերն ու անցա էս վեպիս, եւ էս պահի դրությամբ արդեն, փաստորեն, հինգ ժամից երեքը գրողի ծոցն եմ ուղարկել, բայց ահա թարսի պես Շաբլովսկու թեման պրծավ, ու հիմա արդեն մտածում եմ՝ ինչպես մնացած երկու ժամը գրողի ծոցն ուղարկեմ, ու էլի աչքս անցած շաբաթվա թերթերին է, բայց ինձ տիրապետելով՝ ձեռքս թերթերից հեռու եմ պահում, չնայած ամենատհաճն արդեն կարդացել եմ, եւ չնայած Սոչիի էդ վթարի օրն առաջինը երեւի հենց ի՛մ մտքով էին գողականների ռազբորկեքն ու կրակոցներն անցել, այդուհանդերձ, էս պահին արդեն սկսում եմ էդ վարկածին չհավատալ ո՛չ թե էն պատճառով, որ իշխանամետ թերթերն են էդ մասին գրել, այլ է՛ն պատճառով, որ էդ սենսացիոն հայտարարությունն արած օդաչուն մի շաբաթ առաջ գործից ազատվել է, ու ես վստահ չեմ, թե ինքն էս հայտարարությունը կաներ, եթե իրեն աշխատանքից մի շաբաթ առաջ ազատած չլինեին, որովհետեւ աշխատանքից ազատված մարդը հոգեբանորեն միանգամայն այլ մարդ է, քան՝ ինքը սովորաբար կա, եւ չնայած ինձ երբեւէ աշխատանքից չեն ազատել, բայց ահա փորձում եմ մտնել աշխատանքից ազատվածների հոգեբանության մեջ, որովհետեւ մարդն ու մանավանդ գրողը պարտավոր է երբեմն-երբեմն ուրիշների հոգեվիճակի մեջ մտնել, ու հիմա էդ ազատված օդաչուի հոգեվիճակի մեջ մտնելով՝ արդեն նաեւ մտածում եմ, որ եթե ժամանակ առ ժամանակ մարդկանց աշխատանքից չազատեին, մենք մեր էս կյանքից համարյա անտեղյակ կմնայինք, եւ հիմա հաճելիորեն մտածում եմ, որ հենց էս պահին, փաստորեն, աշխատանքի մեջ եմ, եւ ոչ ոք չի կարող ինձ իմ էս աշխատանքից ու Պետյայի էս ճեփճերմակ թղթերից կտրել, բայց, ահա, հենց էս մտքիս վրա մոտեցավ ստյուարդեսան, ճաշ եւ զանազան ուտեստներ դեմ արեց եւ, փաստորեն, ինձ իմ գործից կտրեց:

Ճաշս ու մնացած ողջ ուտելեղենն արագ-արագ ոչնչացրի ու հիմա արդեն է՛ն մտքին եմ, որ, այնուամենայնիվ, մի անգամ աշխատանքից ազատվել ու հեռացվել եմ, եւ չնայած իմ ազատվելն իմ իսկ կամքով է եղել, այդուհանդերձ, հոգեկանիս վրա լավ էլ ազդել է, եւ էս ասածս վերաբերում է բանաստեղծությունից ու պոեզիայից իմ ազատվելուն ու հեռացվելուն, եւ չնայած իմ էդ ազատվելն ու հեռացվելը բացառիկ դեպք է, բայցեւ սովորական է է՛ն առումով, որ ես պոեզիայից ու բանաստեղծությունից ազատվել եմ ա՛յլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, եւ ստյուարդեսայի բերած ուտեստները ոչնչացնելուց հետո՝ հիմա վերստին մտածում եմ, որ էս նոր աշխատանքիցս արդեն երբեւէ չեմ ազատվի ու չեմ հեռացվի, բայց հիմա նաեւ հակառակ միտքն է գլխիս մեջ ծագում ու էդ հակառակ միտքը հետեւյալն է՝ բա որ հանկարծ նույն «Արմավիայի» մեր էս ինքնաթիռն է՞լ Սոչիի էն ինքնաթիռի բախտին արժանանա, եւ ահա էս ահավոր բանը մտածելով՝ սկսում եմ անհանգիստ շուրջբոլորս զննել, ու մեր էս ինքնաթիռի մեջ կարծես թե կասկածելի գողականներ չկան, ու մեր էս ինքնաթիռը համարյա կիսադատարկ է Փարիզից Երեւան սլանում, ու էս մի քանի ուղեւորներս էլ աչքիս միանգամայն նորմալ մարդիկ ենք, եւ հիմա շարունակում եմ կարծել, որ, այնուամենայնիվ, գողականների ռազբորկայի վարկածն էդ ազատված օդաչուի բստրածն է, եւ երեւի նախկին վարկածներն ավելի խելքին մոտ էին, այսինքն՝ դիսպետչերի, վատ եղանակի, ինքնաթիռի անսարքության ու բենզինի անբավարար քանակության վարկածներն են իրական ու խելքին մոտ թվում, եւ ինքնաթիռի պատուհանից նայելով ու համոզվելով, որ հրաշալի եղանակ է, մի պահ խաղաղվում ու հանգստանում եմ, բայց խաղաղվելս ու հանգստանալս ընդամենը մի քանի ակնթարթ են տեւում, որովհետեւ պատուհանից դուրս նայելով ու համոզվելով, որ դրսում հրաշալի եղանակ է, հանկարծ նաեւ նկատում եմ, որ մեր ինքնաթիռի իմ կողմի ձախ թեւն ինչ-որ կասկածելի դղրդում է, եւ միանգամայն կասկածելի ինչ-որ չխկչխկոցներ են ականջիս հասնում, եւ հիմա որ լսողությունս ավելի եմ լարում, էս չխկչխկոցներն ավելի ու ավելի են լսելի դառնում, ու հիմա եմ միայն սկսում հասկանալ, թե ինչու է մեր էս ինքնաթիռը կիսադատարկ. այսինքն, Սոչիի դեպքից հետո մարդիկ բնականաբար սկսել են վախենալ «Արմավիայի» էս ինքնաթիռներից, եւ հիմա արդեն ինձ համար լրիվ պարզ է՝ ինչու են հատկապես «Արմավիայի» էս ինքնաթիռների տոմսերի գներն էսքան կտրուկ ընկել, եւ ինձ համար արդեն լրիվ պարզ է՝ ինչու է մեր անթոլոգիայի հրատարակիչ Հուրին մեզ համար «Արմավիայի» հենց էս ինքնաթիռն ընտրել, ու, էս ամենից էլ բացի, էսօր հա՛մ ուրբաթ է, հա՛մ էլ՝ հոկտեմբերի տասներեքը, ու ես գիտեմ, որ երբ տասներեքն ու ուրբաթը համընկնում են, դա ամենավատն է, ու էդպիսի համընկնումներ տարվա մեջ շատ քիչ են լինում, եւ առաջ՝ երբ կինս ու երեխեքս էդ մասին ասում էին, ձեռ էի առնում, ու որ մեծս Երեւանում հետդարձիս տոմսի վրա հետդարձիս ամսաթիվը տեսավ, մտքում հաշվեց ու գույնը միանգամից գցեց, եւ քանի որ ոչինչ հնարավոր չէր փոխել, մերոնք սկսեցին ինձ ու հատկապես իրենք իրենց հանգստացնել, ու էդ օրն էլ իրենց մի կուշտ ձեռ առա, ու հիմա՝ որ ինքնաթիռի պատուհանից եւս մեկ անգամ դուրս նայեցի, դղրդոցն ու չխկչխկոցն առավել չարագուշակ դարձան, բայց երկինքը չտեսնված մաքուր է, եւ դա միանգամայն ռեալ հույս է, եւ հույսս ավելի շատացավ, երբ տեսա, որ դիմացս նստած երիտասարդ ամուսիններն իրենց գրկի երեխայով հանդերձ՝ միանգամայն հանգիստ են, եւ իրենց էդ հանգստությունն ահա-ահա ինձ էր փոխանցվում, բայց Մարինեն հետեւիցս ուսիս թփթփացրեց ու ասաց՝ «պատուհանից դո՛ւրս նայի», եւ ես ասացի՝ «նայել եմ», եւ ինքը հարցրեց՝ «նկատե՞լ ես», եւ ես հարցրի՝ «դղրդո՞ցը», եւ ինքը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ դղրդոց», եւ ես ասացի՝ «սամալյոտի էս թեւը շատ ուժեղ դղրդում ա», եւ Մարինեն լուսամուտից նայեց ու ինձ ասաց՝ «հեչ էլ չի դղրդում. ուղղակի մի թեթեւ թրթռում ա», եւ ես ասացի՝ «համ էլ չխկչխկում ա», եւ ինքն ասաց՝ «ոչ մի չխկչխկոց էլ չկա. երեւի ականջներդ են ձեն տալի», եւ ես զարմացած հարցրի՝ «դու չխկչխկոց չես լսո՞ւմ», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «ականջներիցդ ա», եւ ես ասացի՝ «Աստված տա՝ ականջներիցս ըլնի», եւ ինքը հարցրեց՝ «ուրիշ բան չես տեսնո՞ւմ», եւ ես պատուհանից նայեցի ու վախեցած հարցրի՝ «ուրի՞շ ինչ կա», եւ Մարինեն ասաց՝ «ցա՛ծ նայի. ի՞նչ ես էդ թեւից կպել», եւ ես ցած նայեցի ու ամպերից բացի ոչինչ չտեսնելով ասացի՝ «ամպեր են», եւ ինքը ծիծաղեց ու ասաց «ծովը չես տեսնո՞ւմ», եւ ես սարսափած հարցրի՝ «ի՞նչ ծով», եւ ինքն ասաց՝ «երեւի Միջերկրականն ա», եւ ես նորից ցած նայելով ու ամպերից բացի ոչինչ չտեսնելով ասացի՝ «ամպեր են. ոչ մի ծով էլ չկա», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «ամպերի արանքներից որ ուշադիր նայես՝ կտեսնես», եւ չնայած Մարինեն կարճատես է, իսկ ես՝ հեռատես, ամպերի արանքներով ուշադիր նայեցի ու էլի ծով չտեսա, եւ ինքը հարցրեց՝ «հը՞. էլի չտեսա՞ր», եւ ես ասացի՝ «ոչ մի ծով էլ չկա. աչքիդ ա էրեւում», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «գրազ գա՞նք», եւ ես կեղծ ծիծաղեցի ու ասացի՝ «որ գրազ գանք, ո՞նց ես ապացուցելու, որ ծով ա», եւ ինքը դարձյալ ծիծաղեց ու ասաց՝ «շատ հասարակ. կարանք էկիպաժից որեւէ մեկին հարցնենք, կամ էլ, ուզո՞ւմ ես՝ ստյուարդեսային հարցնենք», եւ ես ասացի՝ «որ ըտենց հաստատ ես ասում, հավատում եմ», եւ ինքն ասաց՝ «կարաս չկասկածես. ես որ մի բան հաստատ չեմ իմանում, չեմ ասում», եւ ես ասացի՝ «Սոչիի էն սամալյոտը ծովի մեջ էր ընկել», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «կարող ա՞ վախենում ես», եւ ես ասացի՝ «պատկերացնում եմ՝ ինչքան ահավոր ա էղել», եւ ինքն ասաց՝ «ի՞նչ տարբերություն՝ ծովի վրա ընկնի, թե՝ ցամաքի. էրկուսն էլ ահավոր են», եւ ես ասացի՝ «էդ թեման փակենք», եւ ինքն ասաց՝ «էդ թեման դո՛ւ բացեցիր», եւ ես ասացի՝ «ծովի մասին դո՛ւ ասեցիր», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «ծովն ի՞նչ կապ ունի, ասում էիր՝ թեւը չխկչխկում ա», եւ ես ասացի՝ «որ չխկչխկում ա, ասեմ՝ չի չխկչխկո՞ւմ», եւ ինքը ծիծաղեց ու ասաց՝ «որ ծով ա, ասեմ՝ ծով չի՞»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել