Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան եզրակացությունը սա է

Հունիս 26,2007 00:00

Եվրոպացի մասնագետները եզրակացրել են

Մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության վարչական շենքում տեղակայված Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատասենյակներից մեկի պատուհանից վայր ընկնելու արդյունքում մահացած Լեւոն Գուլյանի մահվան պատճառների վերաբերյալ եվրոպացի երկու փորձագետների եզրակացությունը դեռեւս չի հրապարակվում: Փաստաթուղթն, ըստ Լ. Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբանների, տակավին թարգմանության փուլում է: Այդուհանդերձ, երեկ մեզ հաջողվեց դատախազության մեր աղբյուրների միջոցով ձեռք բերել 24 էջանոց այդ փաստաթղթի ամենակարեւոր հատվածը՝ փորձաքննության ամփոփումն ու եզրակացությունը:

Այն շատ քիչ բանով է տարբերվում մայիսի 13-ին ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական-գիտագործնական կենտրոնի մասնագետների կողմից դիահերձարանում կատարված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից: Հիշեցնենք, որ, ըստ այդ եզրակացության, «վերջինիս մահը պայմանավորված է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով, որոնք էլ հետեւանք են համակցված՝ գանգուղեղային բաց, կրծքավանդակի եւ ողնաշարի փակ, բութ վնասվածքներով: Լ. Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված վնասվածքներն իրենց բնույթով եւ տեղակայմամբ բնորոշ են բարձրությունից (շուրջ 7 մետր) վայր ընկնելուն, անկման ընթացքում այլ արգելքներին, իսկ հետագայում նաեւ բութ կարծր մակերես ունեցող ծածկույթին, այդ թվում՝ ասֆալտապատ գրունտին համահարվածվելուն: Լ. Գուլյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հետմահու վնասվածքներ չեն հայտնաբերվել»:

Եվրոպացի փորձագետների կողմից էլեկտրոնային փոստով ուղարկված եզրակացության բովանդակությունը հետեւյալն է. «30-ամյա տղամարդու դիահերձման ժամանակ հայտնաբերվել են հետեւյալ վնասվածքները. գլխի ձախակողմյան սալջարդ վերքեր եւ քերծվածքներ, գանգաթաղի եւ գանգի հիմի կոտրվածքներ, տարածուն սուբարախնոիդալ արնազեղում եւ արնազեղում ձախ աչքի շուրջը: Առկա են սալջարդեր գլխի աջ քունքային եւ աջ ստորին ծնոտի շրջաններում, քթի ձախ կողմի քերծվածքներ:

Կան ձախ անրակի շրջանի եւ երկու բազուկների սալջարդեր, նաեւ կրծքավանդակի լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ կողերի եւ ողնաշարի կոտրվածքներ, թոքարմատի պատռում, սրտի աջ փորոքի սուբենդոկարդիալ արնազեղում, որովայնի աջ կեսի սալջարդեր, լյարդի պատռվածք եւ երիկամաթաղանթի արնահոսություն: Առկա են արմունկների հետին մակերեսների եւ ձախ բազկի քերծվածքներ, նաեւ ձեռնաթաթի դաստակների, ինչպես նաեւ ոտքերի քերծվածքներ եւ սալջարդեր: Չկան պաշտպանվողին բնորոշ տիպիկ վնասվածքներ: Ներքին հետազոտմամբ, հիվանդության նշաններ ի հայտ չեն բերվել»:

Ըստ եվրոպացիների եզրակացության, «մահվան պատճառը գլխի եւ կրծքավանդակի բութ հարվածից ստացված զանգվածային վնասվածքն է: Վնասվածքները թարմ էին, ստացվել էին կենդանության ժամանակ եւ առաջացել էին տրավմա առաջացնող ուժեղ բութ հարվածից ու կարող էին առաջացած լինել, ինչպես հայտարարվել էր, բարձրությունից՝ հնարավոր է՝ 2007թ. մայիսի 12-ին 2-րդ հարկից, ընկնելու արդյունքում: Վնասվածքների դասավորությունն ու դեպքի վայրում մարմնի դիրքը թույլ են տալիս ենթադրելու, որ մահացածը սկզբում հարվածել է գետնին գլխով եւ մարմնի վերին մասով, եւ, որ հնարավոր է, ներքեւ ընկնելուց հարվածել է դեպքի վայրում շենքի պատուհանի տակ եղած խողովակներին: Չեն եղել ոչ մի վնասվածքներ, որոնք հնարավոր չլիներ բացատրել բարձրությունից վայր ընկնելով: Մյուս կողմից, չի կարելի բացառել, որ մի քանի փոքր (մանր) վնասվածքներ եւ հարվածներ պատճառվել են ընկնելուց առաջ մեկ այլ ուժի հետեւանքով (օրինակ՝ հարվածից կամ հրելուց):

Հյուսվածքների օրինակների հիտոպատոլոգիան կկատարվի եւ կուղարկվի դրանց պատրաստ լինելուն պես»:

Իհարկե, մեր աղբյուրների ասելով, եվրոպացի փորձագետների ներկայացրած եզրակացությունն այդպես էլ չի տվել մասնավորապես տուժողի հարազատներին եւ նրանց շահերի ներկայացուցիչներին հետաքրքրող մի քանի էական հարցերի պատասխանները, օրինակ՝ արդյոք Լ. Գուլյանի ստացած բոլոր հիշյալ վնասվածքները կարո՞ղ էին բացառապես ընկնելու արդյունք լինել: Եզրակացությունից հետո եւս բաց մնացած հարցերի պատասխանները, թերեւս, պետք է ակնկալել այլեւս Գուլյանի մահվան փաստի առիթով հարուցված քրգործի նախաքննությունը վարող մարմնից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել