Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետիչը նորից Սեւան է տանում

Հունիս 27,2007 00:00

Նրա կարծիքով, այդ կերպ հնարավոր է ձերբազատվել ընտրական դեպրեսիայից, իսկ կոմունիստ Ռուբեն Թովմասյանը հայտարարում է, որ կոմունիստները մշտամնա են:

Երեկ «Հայելի» ակումբում բանավիճեցին Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ու Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, թեման 2007-ի խորհրդարանական ընտրություններն էին ու հետագա զարգացումները: Ռ. Թովմասյանն ասաց, որ ինքը դեռ 2006 թվին էր հայտարարել, թե ընտրություններն ընթանալու են անարդար եւ ոչ թափանցիկ: «Դրանք անցել են փողի, կեղծիքի ու կաշառքի միջոցով: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը այս ընտրությունները չի ընդունում եւ համարում է, որ դրանք ոչ թե ընտրություններ, այլ գեղանկարչություն էին: Նման ընտրություններ եղել են 17 տարի շարունակ եւ դեռ էլի կլինեն»,- գուժեց ընկեր Թովմասյանը: Իր ղեկավարած կուսակցության՝ ՀԿԿ-ի մասին էլ ասաց. «Կոմկուսը շատ ամուր է, որովհետեւ խորը արմատներ ունի ժողովրդի մեջ: Նրանք, ովքեր մտածում են, թե Կոմկուսն այլեւս չի լինելու՝ երազախաբ կլինեն, որովհետեւ մենք միշտ էլ լինելու ենք»: Տ. Կարապետյանն էլ նրա խոսքի վրա ասաց. «Մեծ տարիքում երազախաբ լինելը վատ չէ»:

Հարցին՝ ինչպե՞ս է, որ 10 տարի գոյություն ունեցող ԺԿ-ն խորհրդարանական ընտրություններին հավաքել է ընդամենը 2,07%, իսկ 90-ամյա Կոմկուսը՝ 0,08% ձայն, ընկեր Թովմասյանը պատասխանեց. «Կոմկուսը չի կարող համեմատվել ԺԿ-ի հետ, չնայած կարծում եմ, որ Կարապետիչի հետ էլ արդար չեն եղել»: Ինչ վերաբերում է խորհրդարանին, Թովմասյանի ձեւակերպմամբ, ԱԺ-ն այժմ բաժանվել է արեւմտյան ուժերի, արեւմտյան մեծահարուստների, կասկածելի մարդկանց եւ Եվրոպայի միջեւ: «Խորհրդային տարիներին ընտրությունները փայլուն էին անցնում, իսկ հիմա դարձել է ալան-թալանի «յարմրկա»: Դրսի մարդը կարող է գալ 5 մլն 800 000 շաբաշ տալ կուսակցություններին եւ ընտրություններ պատվիրել: Այս համակարգը «ռակով» հիվանդ է: Օրինակ, եթե Տիգրան Կարապետյանն էլ դրա պահանջներին համահունչ չքայլի, ես չգիտեմ ինչ կլինի իր վերջը: Իսկ մեր՝ կոմունիստների վերջը փայլուն է լինելու»,- ասելիքը լավատեսական նոտայով ամփոփեց Ռ. Թովմասյանը:

Դառնալով նախագահական ընտրություններին, Տ. Կարապետյանն էլ ասաց, որ ինքը երբեք չի պաշտպանի Կոմկուսի թեկնածուին: Ռ. Թովմասյանը դժվարացավ պատասխանել՝ կպաշտպանի՞ Կարապետիչին, թե՞ ոչ, իսկ կոմունիստները թեկնածու կառաջադրե՞ն նախագահական ընտրություններին՝ պարզ կլինի աշնանը կայանալիք իրենց համագումարին: Երկու բանախոսներն էլ շեշտեցին, որ ընտրություններին մեծ գումարներն էին դեր խաղում: Ռ. Թովմասյանն էլ մասնավորապես նշեց. «Կեղծիքների մեջ ընդգրկված է կառավարական ամբողջ ապարատը, սկսած մանկապարտեզից, վերջացրած ամենավերին ատյաններով…Ժողովուրդը վերցնում է ընտրակաշառքները, որովհետեւ անտանելի թշվառ վիճակում է: Չի կարելի միայն Երեւանի պսպղուն խանութներով չափել ողջ կենսամակարդակը: Այն երեւում է ոչ թե Մաշտոցի պողոտայից, այլ հեռավոր գյուղերից»: Կարապետիչի խոսքով. «Այժմ գնում ենք դեպի չինովնիկական կոմունիստական համակարգ: Խորհրդարանում կա այն՝ ինչ ցանկանում էինք: Մի փիտրած «Օրինաց երկիր», որը կվերջանա, եթե Արթուր Բաղդասարյանը դուրս գա կուսակցությունից: Սակայն նա դուրս չի գա, որովհետեւ այդ ուժը հզորություն չունենալով է պետք ներկայիս խորհրդարանին»: Տիգրան Կարապետիչը նաեւ հավելեց, որ պատրաստվում է «ընտրություններ ապրած» ժողովրդին հանել դեպրեսիայից՝ իրեն հայտնի մեթոդով՝ Սեւան տանելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել