Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիներին խաբել են

Հունիս 28,2007 00:00

Զինվորների համար կարտոֆիլ վաճառելը շիրակցիների վրա թանկ է նստել

Ամեն տարվա պես, 2005-ի հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը զինծառայողներին կարտոֆիլով ու բանջարեղենով ապահովելու նպատակով, ՀՀ «Գնումների մասին» օրենքի համաձայն, հայտարարել էր մրցույթ: Այն շահել էր Նաիրիի շրջանի Բյուրեղավան գյուղի բնակչուհի Արեւիկ Հարությունյանը: Նա մրցույթը շահելուց հետո իր «ամուսնու»՝ Սամվել Մարգարյանի հետ գնացել էր Շիրակի մարզի Շիրակ գյուղ եւ բնակիչներից զինվորների համար կարտոֆիլ էր գնել՝ ընդհանուր առմամբ 5 մլն 500 հազար դրամի, բայց այդպես էլ մինչ օրս գյուղացիներին այդ գումարը չի վճարել: Կարտոֆիլը գնելուց առաջ Ս. Մարգարյանը գյուղացիներին, վստահության համար, դրամի փոխարեն կտրոններ է բաժանել:

Ինչպես «Առավոտին» պատմեց Շիրակի տուժած բնակիչներից մեկը՝ Սամվել Չուտիկյանը, մրցույթը շահած կինը ամեն մի տնտեսությանը չնչին գումար մուծելով՝ կտրոնները գյուղացիների ձեռքերից հետ է վերցրել՝ պատճառաբանելով, որ նախարարությունից առանց դրանց գումար պոկել հնարավոր չէ. «Ասում էր՝ տվեք, որ գնամ փողերը բերեմ, բայց էդ գալն էր, որ պտի գար: Բոլորն էլ գիտեն, որ գյուղացու քրտինքն ուտել հնարավոր չէ, էն էլ էս խեղճ ու կրակ, կարիքների մեջ խեղդված գյուղի, որտեղ տարին տասներկու ամիս կամ կարկուտ է, կամ էլ երաշտ»:

Շիրակցիները, տեսնելով, որ Ս. Մարգարյանն այդպես էլ կարտոֆիլի գումարները չի վճարում՝ դիմել են պաշտպանության նախարարություն եւ պարզել, որ նախարարությունը պարտաճանաչորեն վճարումները կատարել է: Պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը շիրակցիներին մխիթարել էր, որ միայն իրենք չէ, որ խաբվել են այդ կնոջից: Պարոն Մելքոնյանի՝ շիրակցիներին ուղղված 18. 05.2006թ. գրության մեջ բառացիորեն նշված է. «2005-ի նոյեմբերին ՀՀ Արմավիրի մարզի մի շարք բնակիչների կողմից եւս բողոքներ են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարին եւ թիկունքի գծով տեղակալին՝ այն մասին, որ Արեւիկ Հարությունյանը, ինչպես նաեւ նրա կողմից լիազորված անձ Սամվել Մարգարյանը (Նաիրիի շրջան, գ. Բուժական) նրանցից մթերել են վերը նշված բանջարեղենը, սակայն գումարը չեն վճարել, չնայած որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մթերած կարտոֆիլի եւ բանջարեղենի դիմաց վճարումները կատարել էր ժամանակին ու ամբողջությամբ»: Նախարարի տեղակալը նաեւ հայտնել է, որ նախարարության անցկացրած ծառայողական քննության արդյունքում պարզվել է՝ Արեւիկ Հարությունյանն ու Սամվել Մարգարյանը անհայտ պատճառներով բացակայում են:

Ու թեեւ փաստի առիթով զինվորական դատախազությունում Սամվել Մարգարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, սակայն շիրակցիները դժգոհում են, որ դատախազությունը «գործը մեռցնում է»՝ մեկ տարի շարունակ իրենց «չլչլելով», տանել-բերելով ու ոչինչ չանելով. «Կարող էին «ռոզիսկ» տալ ու նրանց երկուսին էլ գտնել, բայց չեն անում»:

Այս առնչությամբ ակնկալում ենք նաեւ զինվորական դատախազության պարզաբանումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել