Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ՇԱՐՔՈ՞ՒՄ

Հուլիս 03,2007 00:00

ԵԽԽՎ առանձին պատվիրակներ անցած շաբաթ Ստրասբուրգում գտնվող հայերից հետաքրքրվում էին, թե ի՞նչ է կատարվում «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության հետ: Եվ ըստ ամենայնի՝ առաջիկայում այս կառույցն էլ կանդրադառնա «Ազատության» վերահեռարձակումը Հայաստանում փաստացի արգելող այս նախագծին: Ու թեեւ մեր խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի գնահատականներն, ընդհանուր առմամբ, դրական էին, հիմքեր ունենք կանխատեսելու, որ «Ազատության» հետ կատարվողը դարձյալ առիթ է տալու Հայաստանի համար բացասական գնահատականների:

Ի դեպ, մայիսի 29-ին ԵԽԽՎ 20 պատվիրակներ, որոնց թվում են Եվրոպական Լիբերալ-դեմոկրատների խմբի ղեկավար Մաթիաս Յորշին, Սոցիալիստների խմբի անդամ Անդրեաս Գրոսսը եւ այլք, ստորագրել են գրավոր մի հռչակագիր, որը վերաբերում է «Հեռուստառադիո Կարակաս» մասնավոր ընկերության հեռարձակման արտոնագիրը չերկարացնելուն: Այս փաստաթղթում նշված է, թե մայիսի 27-ին կամայական որոշում է ընդունվել այդ հեռուստառադիոընկերության արտոնագիրը չերկարեցնել, եւ սա հանգեցնելու է փաստացի փակմանն այդ ընկերության, որն ունի շուրջ երեք հազար աշխատակից: ԵԽԽՎ 20 պատվիրակները նշում են, թե այս լրատվամիջոցի փակումը կզրկի հասարակությանը բազմակողմանի տեղեկատվություն ստանալու հնարավորությունից. «Վենեսուելայի կառավարության գործողությունները «Հեռուստառադիո Կարակասի» նկատմամբ արտահայտման ազատության լուրջ խախտում են»: Եվ փաստաթղթի հեղինակներն անհետաձգելի կարեւորության առարկա են համարում այն, որ Վենեսուելայի կառավարությանը հիշեցնեն «իր պարտավորությունը՝ հարգել արտահայտման ազատությունը, տեսակետների եւ մամուլի ազատությունը»: Ըստ ամենայնի՝ նման մի հիշեցում էլ կանեն Հայաստանի կառավարությանը: Թեեւ «Ա1+»-ի նախադեպը հաշվի առնելով՝ կարելի է նաեւ կանխատեսել, որ մեր իշխանություններն իրենց կողմից չվերահսկվող լրատվամիջոց չունենալն ավելի են կարեւորում, քան միջազգային կառույցների արձագանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել