Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐԸ ԹԱԼԻՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԱՐԴԻ՞Կ ԵՆ

Հուլիս 03,2007 00:00

\"\"Թիվ 15 ընտրատարածքում առաջադրված է 10 թեկնածու, որից երկուսի անուն-ազգանունը Խաչիկ Մանուկյան է: Նրանցից մեկը ԱԺ նախկին պատգամավոր է, որը եւ հարցազրույց տվեց «Առավոտին»:

– Պարոն Մանուկյան, դուք ընտրված պատգամավոր էիք, ինչո՞ւ հրաժարվեցիք ձեր մանդատից եւ նորից նույն տարածքում առաջադրեցիք ձեր թեկնածությունը:

– Համամասնական եւ մեծամասնական մանդատներից հրաժարվեցի զուտ նրա համար, որպեսզի նորից ցույց տանք, որ առանց կասկածի տակ առնելու կարող ենք անցկացնել ընտրություններ: Մրցակիցս էլ կազմակերպում էր հանրահավաքներ եւ մինչեւ վերջ չէր ընդունում իր պարտությունը: Գրեթե հավասար ձայներ էինք հավաքել, որպեսզի ընտրված եւ չընտրված պատգամավորի հարց չառաջանար եւ խոսակցություններն էլ չշարունակվեին, թե իմ կողմից կեղծիքներ են արվել, Հանրապետական կուսակցության կողմից այդ որոշումը կայացվեց:

– Խոսակցություններ կան, որ մանդատից ձեր հրաժարվելը պայմանավորված է եղել վարչապետ Սերժ Սարգսյանի հրահանգով: Ի՞նչ կասեք:

– Հարցն իր մեջ աբսուրդ է պարունակում: Ինչ է ստացվում, Սերժ Սարգսյանի հրահանգով հրաժարվում եմ մանդատից եւ, միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը կուսակցության խորհրդի որոշում է կայացնում, որ նորից ընտրությունների՞ն մասնակցեմ: Հենց աբսուրդը սա եմ համարում:

– Ձեր պատգամավորության 4 տարիներն այնքան էլ հարթ չանցան, Թալինի տարածքի քաղաքացիները ձեզնից բազմիցս դժգոհել են եւ բողոքի ակցիաներ կազմակերպել, եթե ընտրվեք՝ նրանց հետ ինչպե՞ս եք աշխատելու:

– Իհարկե, չորս տարիների ընթացքում բացթողումներ եղել են, ամենամեծ բացթողումը մեր կողմից կատարված աշխատանքները հանրությանը ոչ պատշաճ ներկայացնելն ու գովազդելն էր: Դրանով հնարավորություն ենք տվել մեր մրցակիցներին՝ ավելորդ խոսակցություններ տարածել կատարված աշխատանքների անել-չանելու մասին: Քարոզարշավի ժամանակ նրանց տարածած ստերը հօդս ցնդեցին:

– Լուրեր են շրջանառվում, որ անակնկալի եք եկել առաջադրված թեկնածուների առատությունից եւ ոմանց հետ նույնիսկ բանակցություններ եք վարել, որպեսզի հօգուտ ձեզ հանեն իրենց թեկնածությունը: Իրո՞ք դա անակնկալ էր ձեզ համար:

– Մտածում էի զուտ բարոյական կողմի մասին, որ պայքարում նույն թեկնածուները կմնան: Չէի ասի՝ անակնկալի եմ եկել, բայց անհասկանալի զգացում ունեցել եմ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ սպասում էին իմ մանդատից հրաժարվելու որոշմանը, որ այդ տարածքում պատգամավոր դառնալու համար դնեին իրենց թեկնածությունը: Գուցե անակնկալ համարեմ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը, քանի որ ինքն արդեն պատգամավոր է եւ անհասկանալի է՝ առանց իր մանդատը վայր դնելու, նույն աշխատանքը կատարելու համար ուզում է նոր մանդատ ստանալ: Պատկերացրեք մի քանի մեծամասնականով պատգամավորներ առանց մանդատը վայր դնելու նորից մասնակցեին ընտրություններին. սա օրենքի բացն է: Ինչ վերաբերում է բանակցություններին, ասեմ, որ ոչ ոքի հետ չեմ բանակցել, ոմանց նույնիսկ դեմքով չեմ էլ ճանաչում, սակայն մեծ ցանկություն ունեմ Խաչիկ Մանուկյանների հետ ծանոթանալ, տեսնեմ ովքեր են այդ մարդիկ, իրենցից ինչ են ներկայացնում եւ ինչը կամ ովքեր ստիպեցին, որ իրենք այդ քայլին գնան: (Հիշեցնենք, որ «այլընտրանքային» Խաչիկ Մանուկյաններից այժմ մնացել է մեկը- Գ. Բ.) Համոզված եմ, որ անկեղծ կպատասխանեն:

– Պարոն Մանուկյան, կարծում եք, որ նրանք իրենց կամքո՞վ չեն առաջադրվել:

– Իհարկե, նրանք դրածո մարդիկ են: Նրանց առաջադրումը Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի ձեռքի գործն է:

– Իսկ ճի՞շտ է, որ արդեն ենթադրում եք ընտրություններում ձեր պարտությունը եւ պատրաստվում եք մոտ օրերս հանել ձեր թեկնածությունը:

– Եթե թեկնածությունը հանելու մասին խոսք լիներ, ոչ այս քայլին կգնայի, ոչ էլ նման մոտեցում կունենայի: Ինչպես կարող եմ թեկնածությունս հանել. նախ հրաժարվեցի մանդատից, հիմա էլ թեկնածությունս հանեմ, նման բան լինել չի կարող:

– Ինչո՞ւ սրվեցին ձեր եւ Մնացական Մնացականյանի հարաբերությունները:

– Քարոզարշավի ընթացքում հարյուրի չափ հանդիպումներ եմ ունեցել եւ ոչ մի տեղ բացասական կամ նախատինքային խոսք ասած չկամ իր մասին: Այլ խնդիր է իրենց արածը: Մենք էլ կարող էինք մարդկանց հավաքեինք, ցույցեր անեինք, բայց կստացվեր, որ թալինցիներին հանելու էինք իրար դեմ եւ այդտեղ բախումն անխուսափելի կլիներ: Ինձ թվում է, դա մակարդակի, գործելաոճի, մտածելակերպի հարց է: Մեր կողմից խնդիր էր դրվել թիվ 15 ընտրատարածքում բարձրացնել ընտրությունների իմիջը, բայց կան մարդիկ, ովքեր այդ ամենից զատ վեր են դասում իրենց անձնական շահը, անկապ մարդկանց որպես թեկնածուներ ընտրական գործընթացների մեջ են ներքաշում: Վերջին հաշվով, վաղ թե ուշ այդ արարքների համար պիտի պատասխան տան ժողովրդի առաջ:

– Ո՞ւմ եք ձեզ մրցակից համարում:

– Բոլորին, բացի Խաչիկ Մանուկյաններից: Բոլորի նկատմամբ էլ հարգալից վերաբերմունք ունեմ եւ տարբերություն չկա՝ մրցակիցս լո՞ւրջ է, թե՞ անլուրջ: Եթե մարդն առաջադրվել է, ուրեմն ունի իր մոտեցումները, ձեւերն ու հնարավորությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել