Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻԳԱՐԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՐՏԱՃԱՆԱ՞Չ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ ԵՆ

Հուլիս 05,2007 00:00

Նրանք արդեն «սկսե՞լ են իրենցից»

Վարչապետ Սերժ Սարգսյանը հունիսի 26-ի ԱԺ նիստում ներկայացնելով կառավարության գործունեության հինգ տարվա ծրագիրը՝ հայտարարեց, որ իր գլխավորած կառավարությունը բոլորին բերելու է օրենքի դաշտ, որ օրենքի առաջ արտոնյալներ չեն լինելու, եւ որ բարեփոխումները պատրաստ են սկսել իրենք իրենցից. «Կոռուպցիայի, ստվերային տնտեսության հաղթահարումը ենթադրում է նաեւ հոգեբանական բարդույթի հաղթահարում: Հարկերից խուսափելը եւ կաշառակերությունը պետք է դիտվեն անպատվաբեր եւ հասարակության կողմից դատապարտելի երեւույթներ: Մեր շարքերում չպետք է հանդուրժենք ներողամիտ մոտեցում եւ պետք է սկսենք մեզանից: Մենք չպետք է մեզ ընկեր, բարեկամ, կուսակից համարենք այն մարդկանց, ովքեր խուսափելու են հարկերի վճարումից եւ հանդուրժելու են այս արատավոր երեւույթը»: Վարչապետի այս հայտարարությունները լսում էին բոլոր օլիգարխ-պատգամավորները: Եվ քանի որ հայտնի են հատկապես խոշոր գործարարների արտոնությունները՝ հարկերից խուսափելու հետ կապված, եւ որ հենց խոշորները առանձնապես խոշոր հարկատուներ չեն, իսկ հարկային մարմիններն իրենց այս «մուռը» սովորաբար հանում են մանրերից եւ զբաղված են մանր գործարարներին քամելով, «Առավոտը» փորձեց հստակեցնել, թե վարչապետի այս համարձակ հայտարարությունները ինչպե՞ս են ընդունել գործարար պատգամավորները, հոգեբանորեն պատրա՞ստ են ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի հաղթահարմանը սեփական մասով մասնակցել:

«Մուլտի-Գրուպի» հիմնադիր եւ սեփականատեր, ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը պատասխանելով մեր հարցին՝ ինքը կո՞ղմ է աշխատել օրենքի դաշտում, ասաց, որ ինքը կողմ է, որ օրենքը գործի. «Խոշոր մեծահարուստ լինի, թե գործարար՝ բոլորի համար պետք է օրենքը գործի, իսկ բոլորս էլ այսօր ուզում ենք երկրի զարգացումը, ամրապնդումը, ժողովրդի բարելավումը, բարգավաճումը, այնպես որ, դա նկատելի կլինի աշխատանքի ընթացքում»:

«Գրեյթ-վելլի» սեփականատեր, ԱԺ քյավառցի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին եւս հարցրինք՝ ինքը ինչպե՞ս ընդունեց վարչապետի տրամադրվածությունը՝ բոլորին բերել օրենքի դաշտ, պատրա՞ստ է բարդույթներ հաղթահարել եւ վճարել հարկերը: Տիգրան Արզաքանցյանն ասաց. «Ես շատ ուրախացա այդ հարցի համար, որովհետեւ ես կուզենայի շատ կազմակերպություններ մեր նման պարտաճանաչ լինեն, միշտ հարկերը ժամանակին մուծեն»: Մեր հարցին՝ ինքը 300 խոշոր հարկատուների մեջ որերո՞րդն է, պարոն Արզաքանցյանը պատասխանեց. «Չգիտեմ, ես մեր համարը չգիտեմ, բայց գիտեմ, որ մենք ժամանակին բոլոր հարկերը տալիս ենք եւ մենք աշխատում ենք սպիտակ, ամեն ինչով, լրիվ, երեխեքի արեւ»:

Ռուբեն Հայրապետյանը նույնպես նկատեց, որ ինքը եւս շատ ուրախ է, որ բոլորը օրենքի առջեւ պետք է հավասար լինեն եւ ազնվորեն աշխատեն ու գործեն հարկային դաշտում, չխուսափեն հարկերից:

«Վեդի-Ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանը երեխեքի արեւով չերդվեց, բայց ինքն էլ վստահեցրեց, որ ազնիվ հարկատու է: Մեր հարցին՝ ինքը պարտաճանաչ հարկատու է դառնալու վարչապետի հայտարարությունից հետո՞, ասաց, որ վարչապետի խոսքը իրեն շատ է ուրախացրել. «Ինձ շատ ուրախացրեց, ես կողմնակից եմ, որ օրենքի առջեւ բոլորը պատասխանատու լինեն եւ բոլորն էլ իրենց հարկային պարտականությունները կատարեն»:

Գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էլ ասաց, որ նորմալ եւ հավասար հարկային դաշտում գործելը իր տարիների երազանքը եւ ցանկությունն է: Իսկ որքանո՞վ է դա իրականանալի: Ըստ պատգամավորի, իրականանալի է, քանի որ «2007 թվականը նպաստավոր է, բիզնեսը ՀՀ-ում արդեն 15-16 տարեկան է, իսկ դա նշանակում է, որ ինչքան մեր փորձառությունը շատ լինի, այնքան հնարավոր է: Բարեփոխումների առաջին եւ երկրորդ փուլերն արդեն մենք անցել ենք, եւ մեր երկրում հարկային օրենսդրությունն արդեն կայացած է, հարկային ամբողջ համակարգը կայացած է, եւ այստեղ պետք է ունենալ միայն քաղաքական կամք եւ այդ կամքի արդյունքում շատ հեշտությամբ հնարավոր է այդ ամենը իրականացնել»:

Լսելով գործարարներին՝ ակամա մտածում ես՝ եթե իրոք նրանք բոլորը գործում են մաքուր հարկային դաշտում, տեսնես այդ ովքե՞ր հարկերը չեն մուծում: Երեւի արեւածաղկի սերմ վաճառող տատիկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել