Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրանը» կտեղափոխվի Ազատության հրապարակ

Հուլիս 05,2007 00:00

Փառատոնի օրերին այստեղ տեղադրված հսկայական էկրանին անվճար ֆիլմեր կցուցադրվեն

«Երեւան» հյուրանոցում երեկ ասուլիս էին հրավիրել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչներ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը եւ Սուսաննա Հարությունյանը: Նրանք տեղեկացրին, որ «Ոսկե ծիրանի» բացման հանդիսությունը այս տարի կկայանա հուլիսի 9-ին, ժամը 22-ին, բայց ոչ թե նախորդ տարվա պես «Մոսկվա» կինոթատրոնում, այլ Ազատության հրապարակում: Փառատոնը կբացվի Պաոլո եւ Վիտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» (Իտալիա) հանրահայտ ֆիլմի բացօթյա ցուցադրությամբ: «Արդեն 4-րդ տարին է՝ քաղաքի կեսը ինձ հետ չի խոսում, Միքայելին չեն բարեւում, Սուսաննայի հետ էլ կռվում են, որ չեն կարողանում փակման ու բացման արարողություններին ներկա լինել: Էգոիստական փակում ու բացումից խուսափելու համար՝ որոշեցինք այս տարի Ազատության հրապարակում 1500 աթոռ տեղադրել: Թող մյուսներն էլ, թեկուզ կանգնած, հնարավորություն ունենան ներկա գտնվել արարողությանը»,- ասաց փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը: «Առավոտի» հարցին ի պատասխան էլ նա տեղեկացրեց, որ փառատոնի բացումն ու փակումը ավելի հանդիսավոր ու նշանակալի դարձնելու համար աշխատել է բեմադրիչների ու պրոդյուսերների մի խումբ, որի կազմում են Արմեն Մազմանյանը, Լուսինե Մարտիրոսյանը, Վիգեն Չալդրանյանը, Վարդան Հակոբյանը եւ Նիկա Բաբայանը: Հ. Խաչատրյանը հավաստիացրեց, որ փառատոնային օրերը հագեցած են լինելու. ֆիլմերից բացի, կկազմակերպվեն քննարկումներ, վարպետության դասեր, հանդիպումներ կինոաշխարհի երեւելիների հետ. «Կլինեն հանդիպումներ նաեւ ֆոնդերի տնօրենների հետ, որպեսզի ամեն հայ արվեստագետ սովորի ինքնուրույն փող գտնել իր այս կամ այն նախագծի համար՝ առանց կախման մեջ լինելու տեղական ղեկավարից ու ստուդիայի տնօրենի ճաշակից»:

«Ոսկե ծիրանն» այս տարի նորամուծություններ ունի: 2 մլն դրամ է տրվելու գեղարվեստական ֆիլմերի, 1 մլն դրամ՝ միջազգային վավերագրականի մրցույթներում հաղթողներին: 1 մլն դրամ է նաեւ «Հայկական համայնապատկերի» գլխավոր մրցանակը: Իսկ մեկ մրցանակ շնորհվելու է պատահականության սկզբունքով: «Դա «Հայաստանի կենաց ծառ» մրցանակն է: Փառատոնի բացման արարողության ժամանակ բեմում տեղադրված ծիրանի ծառի վրա կախված կլինեն մրցութային բոլոր ֆիլմերի անունները: Փակման ժամանակ ծառից կվերցվի պատահական մի անուն, որին էլ բաժին կհասնի 500 000 դրամ արժողությամբ մրցանակը»,- հայտնեց Հ. Խաչատրյանը:

Այս տարի եւս նախատեսված են արտամրցութային բազմաթիվ ծրագրեր: Կլինի հետահայաց ցուցադրությունների շարք, որտեղ ընդգրկված են Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի, Լեոս Կարաքասի եւ Լի Չան Դոնի լավագույն ֆիլմերը: Ի դեպ, ամեն երեկո Ազատության հրապարակում տեղադրված հսկայական էկրանի շնորհիվ անվճար ֆիլմեր կցուցադրվեն: Ս. Հարությունյանն էլ կարեւորեց «Ռեժիսորներ առանց սահմանի» ծրագիրը: Նա ասաց, որ այն երիտասարդների համար ֆիլմարտադրության ոլորտում գումարներ հայթայթելու ճանապարհ կբացի: «Տպագրվելու է նաեւ կինոնախագծերի գիրք, որն էլ ուղարկվելու է աշխարհի այն պրոդյուսերներին, ովքեր հետաքրքրված են մեր տարածաշրջանով»,- հավելեց տիկ. Հարությունյանը:

Փառատոնի օրերին «Մոսկվայի տանը» կիրականացվի ռուսական եւ ֆրանսիական կինոյի ծրագիր: Հանդիպումներ կլինեն Անդրեյ Զվյագինցեւի, Գեորգի Փարաջանովի, Անդրեյ Պլախովի եւ այլոց հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել