Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԳԻԿ ԱՎԵՏՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է ՕԵԿ ԱՆԴԱՄ

Հուլիս 07,2007 00:00

Թեեւ «Օրինաց երկիրը» նրան չի պաշտպանում Շենգավիթի համայնքապետի՝ հուլիսի 22-ին կայանալիք ընտրություններում

Այսօր, ժամը 18-ին, ավարտվում է ժամկետը, երբ թեկնածուները կարող են հայտ ներկայացնել՝ առաջադրվելու Շենգավիթի համայնքապետի պաշտոնի համար: Երեկ դեռ որեւէ մեկը չէր առաջադրվել, թեեւ հնարավոր թեկնածուները եկել էին ընտրատարածքային ընտրական հանձնաժողով եւ վերցրել դիմումի ձեւերը: Մասնավորապես, առաջադրման համար անհրաժեշտ ձեւաթղթերը հանձնաժողովից վերցրել են Սարգիս Հովհաննիսյանը (Կադիլակ Սերոժ), ԱԺ պատգամավոր Գրիգոր Մարգարյանի (Բելաջիոյի Գրիշ) եղբայրը՝ Սերյոժա Մարգարյանը, եւ Գագիկ Ավետյանը: Փաստաթղթեր են վերցրել նաեւ Գագիկ Հովհաննիսյանը եւ Մուշեղ Մովսիսյանը, որոնց մասին մեզ ոչինչ հայտնի չէ. լուրեր կան միայն, որ Մուշեղ Մովսիսյանը Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից է:

Երեկ զրուցեցինք Գագիկ Ավետյանի հետ, որը նախորդ գումարման խորհրդարանում ՕԵԿ խմբակցության անդամ էր: Իսկ մայիսի 12-ից առաջ հայտնվեց ՕԵԿ ցուցակի ոչ անցողիկ տեղում՝ 32-րդ հորիզոնականում, եւ իր դիմումի համաձայն՝ դուրս եկավ ցուցակից:

Մեր հարցին, թե ինչո՞ւ որոշեց առաջադրվել Շենգավիթի համայնքապետի թեկնածու՝ պրն Ավետյանը պատասխանեց. «Ես որոշել եմ շարունակել իմ քաղաքական կարիերան»: Հետաքրքրվեցինք, թե ունի՞ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի փորձ. «Ո՛չ, ճիշտն ասած, նման փորձ չունեմ: Բայց ինձ չի թվում, որ շա՜տ բարձրակարգ մտածելակերպ պիտի ունենաս, որ կարողանաս նման աշխատանք տանել: Եթե մարդ պատգամավոր է եղել ու կուսակցական ավելի լուրջ աշխատանքներ տարել՝ չասեմ՝ հեշտությամբ կյուրացնի այս աշխատանքը, բայց ամեն դեպքում՝ ինձ թվում է, ընտրվելու դեպքում ինձ կհաջողվի լինել լավ թաղապետ»:

Մեր հարցին, թե առաջադրվելն ի՞ր որոշումն էր, թե՞ կուսակցության՝ ասաց. «Ո՛չ, դա իմ անձնական որոշումն էր: Ես գտնում եմ, որ ինձ սպառելու կամ իրացնելու տեղ ունեմ»: Գագիկ Ավետյանն առաջադրվելու է քաղաքացիական նախաձեռնությամբ, սակայն մամուլում հրապարակում էր եղել, թե ՕԵԿ-ը պաշտպանելու է նրան. «Չեմ կարող ասել՝ կուսակցությունը կպաշտպանի՞, թե՞ ոչ: Դա արդեն իրենց որոշելու խնդիրն է: Բայց պետք է ասեմ, որ ես կուսակցությունից դուրս չեմ եկել»: Ավելի ուշ մենք ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանից ճշտեցինք, որ կուսակցությունը քննարկել է Շենգավիթի ընտրություններում Գագիկ Ավետյանի առաջադրվելու հարցը եւ որոշում չի կայացրել նրան պաշտպանելու մասին. «Դա նրա նախաձեռնությունն ու իրավունքն է»,- ասաց տիկին Բիշարյանը, որն իրենց դիրքորոշումն այսպես ներկայացրեց՝ ո՛չ պաշտպանելու են, ո՛չ էլ չեն պաշտպանելու:

Մինչդեռ իշխանությունն այս ընտրություններում արդեն իսկ որոշել է իր նախընտրելի թեկնածուին՝ Սարգիս Հովհաննիսյանին (Կադիլակ Սերոժ): Մեր հարցին, թե այս պայմաններում որքանո՞վ է իրական համարում իր ընտրվելու հավանականությունը՝ Գագիկ Ավետյանը պատասխանեց. «Ես մի սիրած խոսք ունեմ եւ ժամանակ առ ժամանակ դա ասում եմ՝ մենք որոշում ենք, Աստված՝ տնօրինում: Բացի այդ՝ Ազգային ժողովի ընտրությունները ցույց տվեցին, թե արված բոլոր կանխատեսումները՝ ով քանի տոկոս ձայնով կմտնի խորհրդարան, ի դերեւ ելան: Ու տեսաք, թե վերջնահաշվարկում ինչ ստացվեց եւ ինչպիսի Ազգային ժողով ունեցանք: Գիտե՞ք, չի բացառվում, որ այս անգամ լինի այնպես, ինչպես մարդիկ են ասում, բայց ես չեմ կարծում, թե դա նշանակում է, որ պիտի հագնես պարտվողի շապիկը եւ ասես, թե ամեն ինչ կանխորոշված է: Այդ դեպքում արդեն առաջադրվելու ու պայքարելու իմաստ էլ չէր լինի: Եվ գտնում եմ, որ ինչ էլ լինի՝ միշտ պիտի գտնվեն մարդիկ, որոնք պիտի ձեռնոց նետեն ու պայքարեն. իմ կրեդոն սա է»:

2006-ի մարտին Գագիկ Ավետյանի տուն էին ներխուժել ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները եւ խուզարկել նրա բնակարանը՝ փնտրելով պատգամավորի նախկին բիզնեսի (ավտոպահեստամասերի ներկրում) հետքերը: Ստուգումներ էին անցկացվել նաեւ նրա հարեւանների եւ ազգականների օբյեկտներում: Այն ժամանակ նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե այդ ամենը պատասխանն է իր հայտարարությունների ու մասնավորապես՝ պետական կարիքների համար անշարժ գույքի օտարման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումների սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկող դիմումի տակ դրված իր ստորագրությունը ետ չվերցնելուն: Մեր հարցին, թե նախադեպն աչքի առջեւ ունենալով՝ չի՞ զգուշանում, որ կարող է վերստին թարմացվի այդ քրեական գործը՝ Գագիկ Ավետյանը պատասխանեց. «Այդ գործը փակված է: Չգիտեմ, եթե պետք է թարմացնեն ու մի քանի հարյուր հազար դրամի ինչ-որ պատմությունը նորից ջրի երես հանեն…. չեմ գտնում, թե իշխանությունները կգնան նման քայլի: Այլապես դա ուղղակի աբսուրդի թատրոնի կվերածի այս ամենը: Դա նաեւ ցույց կտա, որ ինձնից շա՜տ վախենում են, ինչն, իմ կարծիքով՝ այնքան էլ այդպես չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել