Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵԴՐԱԿ ԶԱՏԻԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է ՄԻԱՅՆ «ՔԻԼԼԵՐԸ»

Հուլիս 07,2007 00:00

\"\"Իսկ նա կարող է ցանկացած մեկի անունը տալ՝ որպես կազմակերպչի

Երեկ հայաստանյան լրատվամիջոցներից մի քանիսը մեջբերումներ էին արել նույն օրը մամուլում հրապարակված այն հոդվածից, ըստ որի՝ հունիսի 29-ի կեսգիշերին ՀՀ ոստիկանության աշխատակիցները, պայթեցնելով ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբոր եւ եղբորորդու տների դարպասները, ներխուժել են նրանց տներ եւ ձերբակալել պատգամավորի եղբորը՝ Սիմոն Հակոբյանին, եւ վերջինիս կրտսեր որդուն՝ Վարդան Հակոբյանին, նաեւ հայտնաբերել են մեծ քանակությամբ զինամթերք: Նույն հրապարակման համաձայն, Ս. Հակոբյանի ավագ որդին՝ Ստեփան Հակոբյանը, դիմել է փախուստի: Թերթի տեղեկություններով, Ս. Հակոբյանի որդին՝ Վ. Հակոբյանը, դեռեւս ձերբակալված է: Ընդ որում, հրապարակման համաձայն, «Վ. Հակոբյանին հանել են տան բակի պատի հետեւից եւ այն բանից հետո, երբ շները պատից չեն հեռացել: Ոստիկանները քանդել են պատը եւ հատուկ սարքված երկու պատի արանքից հանել են պատգամավորի եղբորորդուն»:

Հիշյալ տեղեկությունների իսկությանը ՀՀ ոստիկանության մեր աղբյուրները վերապահումներով անդրադարձան: Նրանք հաստատեցին, որ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով ձերբակալված Արսեն Առուշանյանի որոշ ցուցմունքներից ելնելով՝ ՀՀ ոստիկանությունը խուզարկություն է կատարել եւ ոստիկանություն բերման է ենթարկել Սիմոն Հակոբյանին եւ նրա որդուն՝ Վարդան Հակոբյանին, որի անունը շոշափվում էր Ս. Զատիկյանի սպանության հետ հե՛նց հանցագործության հաջորդ օրերից ի վեր: Մեր աղբյուրները հերքեցին ինչ-որ պատեր պայթեցնելու կամ գաղտնարան պատերի արանքից Վ. Հակոբյանին ի հայտ բերելու մասին տեղեկությունները՝ հավելելով նաեւ, որ այսօրվա դրությամբ, բացի Ա. Առուշանյանից, այս գործով որեւէ այլ մեկը ձերբակալված չէ, թեեւ մի քանի հոգու ոստիկանությունը փնտրում է: Ի դեպ, Հակոբյանների տան խուզարկություններին, որոնք իրականացվել են ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատի եւ կարմիր բերետավորների մասնակցությամբ, անձամբ ներկա են եղել ՀՀ միանգամից երկու փոխոստիկանապետեր՝ Հովհաննես Հունանյանը, Արմեն Երիցյանն ու ԿՀԴՊՎ գլխավոր վարչության՝ «6-ի» պետ Աշոտ Գիզիրյանը:

Ըստ մեր հավաստի տեղեկությունների, Ս. Զատիկյանի սպանությունն իրականացրած Արսեն Առուշանյանի ձերբակալությունից մի քանի օր առաջ այս գործը քննող Երեւանի դատախազության քննիչներից մեկին հանդիպել է Ս. Զատիկյանի կրտսեր եղբայրը՝ Անդրանիկ Զատիկյանը, եւ իր մոտ եղած զենքը դեմ տալով քննիչի գլխին՝ հայտարարել է, թե իրավապահներն իր եղբոր սպանությունը կոծկել են, նաեւ պահանջել է քրգործի նյութերի պատճենները տալ իրեն, տրամադրել օպերատիվ աշխատանքների մասին բոլոր տվյալները՝ սպառնալով, թե հակառակ դեպքում քննիչի վերջը վատ կլինի: Մեր աղբյուրների ասելով, քննիչը կատարվածի մասին տեղյակ է պահել վերադաս մարմիններին: ՀՀ գլխավոր դատախազն էլ իր հերթին դրա մասին տեղյակ է պահել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, որի հրահանգով էլ տեղի են ունեցել այս գործի շուրջ հետագա զարգացումները, այդ թվում՝ Սիմոն Հակոբյանի եւ նրա որդու տների խուզարկությունները: Մեր տեղեկություններով, իրավապահները որոշել էին Ա. Զատիկյանի նկատմամբ քրգործ հարուցել, բայց հետո ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների միջնորդությամբ դա կասեցվել էր:

Ինչ վերաբերում է պատգամավոր Հ. Հակոբյանին, ապա վերջինս դեռ անցյալ տարի, երբ Ս. Զատիկյանի սպանության կազմակերպման համատեքստում շրջանառվում էր իր եղբոր եւ նրա որդիների անունները, մի քանի անգամ արդեն հայտարարել է, թե ինքը ցավում է իր երբեմնի ընկերոջ՝ Վահան Զատիկյանի ընտանիքի ողբերգության համար, եւ որ եթե անգամ իր հարազատներն են դրանում մեղավոր, ապա նրանք պետք է դրա համար պատասխան տան: Երեկ մեզ չհաջողվեց խոսել Հ. Հակոբյանի հետ: Փոխարենը նրան մոտ կանգնած մեր աղբյուրները եւս հավաստեցին, որ ո՛չ Սիմոն Հակոբյանը, ո՛չ Վարդան Հակոբյանը ձերբակալված չեն: Ավելին, նրանց համոզմամբ, այդ մարդիկ որեւէ կապ չունեն Ս. Զատիկյանի սպանության հետ: Նրանց ասելով, այդ վարկածը քննարկվել էր դեռ սպանությանը հաջորդած օրերին, երբ ձերբակալվել էր Սիմոն Հակոբյանի որդիներից մեկը՝ Ստեփան Հակոբյանը, բայց որեւէ ապացույց նրա մասնակցության վերաբերյալ այդպես էլ չէր գտնվել: Խոսելով Ս. Զատիկյանի սպանությունը պատգամավորի հարազատների հետ կապելու շարժառիթների մասին՝ մեր աղբյուրը հավաստեց, թե դա արվում է ՀՀ ոստիկանության որոշակի շրջանակների կողմից: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանի՝ սպանությունն արագ բացահայտելու հրահանգին, ապա մեր աղբյուրները դա ողջունեցին՝ ասելով, որ այդ հանցագործությունը բացահայտելու փորձեր էլի են արվել, բայց արդյունքում, չգիտես ինչու եւ ում ձեռամբ, քննությունը փակուղի է մտել: «Եթե որեւէ մեկը որոշի բացահայտել այդ սպանությունը, վստահ եմ, որ դրա տակ շատ բան թաքնված կլինի, եւ կարող է պարզվել նաեւ, որ Հակոբյանները դրա հետ իսկի կապ չունեն»,- հայտարարեց մեր զրուցակիցը: Ըստ նրա, ձերբակալված Ա. Առուշանյանը կարող է շատ մարդու անուն տալ՝ կախված նաեւ ոստիկանության եւ իշխանական շրջանակների տրամադրություններից, բայց կարեւորը դա նաեւ փաստերով ապացուցելն է:

Հիշեցնենք, որ Ս. Զատիկյանի սպանության բացահայտման ընթացքում քննությունը, ի թիվս այլ վարկածների, քննարկում էր ԱԺ մեկ այլ պատգամավորի հնարավոր առնչությունը, բայց այդ վարկածը քննությամբ, ասում են, հերքվել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել