Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկու» հակառակ կողմը

Հուլիս 07,2007 00:00

ԼՂ-ում նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, դրանում, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանի ԱԳ նախարարությունը կրկնում է, որ Ադրբեջանի գրավյալ տարածքներում չճանաչված անջատական վարչակարգը ոչ այլ ինչ է, քան ապօրինի կառույց, որն ստեղծվել է Հայաստանի կողմից իրագործված ադրբեջանական բնակչության էթնիկ զտումների հիման վրա»: Ադրբեջանի ԱԳՆ-ի հրապարակած փաստաթղթում նշվում է նաեւ, թե «այսպես կոչված՝ ընտրություններն անցկացվում են Հայաստանի զավթողական քաղաքականությունը քողարկելու նպատակով եւ միտված են Ադրբեջանի տարածքների շարունակվող օկուպացման ամրապնդմանը»: Հայտարարության հեղինակների կարծիքով, նման ընտրությունների անցկացումը լրջորեն խախտում է Ադրբեջանի սահմանադրության դրույթները, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, քանի որ անցկացվում է «առանց տարածաշրջանի բնիկ ադրբեջանցի բնակչության մասնակցության», ուստի՝ այն իրավական հետեւանք ունենալ չի կարող: «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ցանկացած ընտրություն կարող է ճանաչվել արդար եւ ազատ, եթե այնտեղից արտաքսված ադրբեջանական բնակչությունը լիիրավ կերպով մասնակցի դրանց, եւ տարածաշրջանում ստեղծվի ժողովրդավարական մթնոլորտ: Այդպիսի ընտրությունների անցկացումը հնարավոր է տարածաշրջանից հայկական օկուպացիոն ուժերի դուրս բերումից, ԼՂ-ի հայկական եւ ադրբեջանական համայնքների միջեւ երկխոսությունն ու համագործակցությունը վերսկսելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումից հետո: Այդ քայլերը թույլ կտան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության մոդելի մշակման համար»,- նշվում է հայտարարությունում: Ի ամփոփումն, «Ադրբեջանական Հանրապետությունը հայկական կողմին կոչ է անում դադարեցնել ապօրինի եւ անհեռանկար քայլերի ապակառուցողական պրակտիկան եւ դրսեւորել բարի կամք ու կառուցողական դիրքորոշում բանակցային գործընթացում՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա հակամարտության շուտափույթ եւ ընդունելի լուծում գտնելու նպատակով»:

Իսկ մինչ ադրբեջանցիները խոսում են «Ղարաբաղի ինքնավարության մոդելի մշակման» մասին, պարզվում է, որ «ղարաբաղյան խնդրի կարգավորման շրջանակային համաձայնագիրն արդեն պատրաստ է ստորագրման, եւ մնում է միայն, որ կողմերը քաղաքական կամք ցուցաբերեն»: Այդ մասին Կիեւում ընթացող ԵԱՀԿ ԽՎ 16-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գորան Լենմարկերը: Ըստ նրա, այդ համաձայնագրում «արտացոլված են ղարաբաղյան հակամարտության կողմերին հուզող բոլոր պահերը»: Լենմարկերը, ի դեպ, դարձյալ տուրք է տվել պատկերավորումներին՝ ասելով, թե ԼՂ խնդրի կարգավորման առումով ներկայումս առկա է «ոսկե հնարավորություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել