Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻՆ ԴԱՐՁՐԻՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ

Հուլիս 07,2007 00:00

\"\"Գյումրիի բնակչուհու՝ Նոնայի դատավճիռը Քրեական գործերով վերաքննիչ դատարանը թողեց անփոփոխ: 8 տարվա ազատազրկումը հաստատելուց հետո՝ նրան տարան «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Հայաստանի ազգային անվտանգության մարմինները հավաքագրել են Նոնային (իսկական անուն-ազգանունը չենք հրապարակում նրա խնդրանքով), որը վտանգելով իր կյանքը՝ Թուրքիայից կարեւոր տեղեկություններ է բերել թմրամիջոցների շրջանառության եւ թրաֆիքինգի գործով ներգրավված հայ կանանց մասին: «1999-ին դժբախտություն ունեցա ընդունել այդ առաջարկը եւ «Նոնա» ծածկանվամբ համագործակցել որպես տեղեկատու: Իմ անձնական ղեկավարը դարձավ ԱԱԾ Գյումրիի բաժանմունքի մայոր Արմեն Խաչատրյանը: Քանի որ ես զբաղվում էի մանրածախ առեւտրով, դա ինձ հնարավորություն էր տալիս շփվել բազմաթիվ մարդկանց հետ, իմանալ մեր հայրենակիցների ծավալած հանցավոր գործունեության մասին»,- երեկ «Առավոտի» հետ հեռակա (գրավոր) զրույցի ժամանակ ասաց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալը:

Մասնավորապես, հայտնի է, որ հայաստանցիներից շատերը զբաղված են հարեւան պետություն «աղջիկներ մատակարարելով»: «Տարիների իմ աշխատանքը թե ի՞նչ օգուտ է բերել, այսօր դժվար է ասել: Գնում էի Թուրքիա, գալիս, տալիս էի տեղեկություններ: Մի օր էլ իմացա, որ Թուրքիայում հայտնի Գեղամ Սարգսյան անուն-ազգանունով մեկը մեծ խմբաքանակով թմրանյութ է բերելու Հայաստան: Զանգեցի եւ տեղեկացրի իմ անմիջական ղեկավարին՝ Արմեն Խաչատրյանին»,- շարունակում է Նոնան:

«Ուզում եմ ներկայացնել Գեղամին, որի պատճառով կրում եմ պատիժս: Գեղամը զբաղվում էր աղջիկների վաճառքով, անձնագրերի կեղծմամբ, գողությամբ, նախկինում եղել է ոստիկանության աշխատակից: Նա նաեւ ընդգրկված էր նարկոբիզնեսի մեջ»,- մեր թերթին գրում է Նոնան: Երբ գործակալ կինը նարկոթրաֆիքինգի մասին թարմ տեղեկատվությունը փոխանցում է նաեւ ԱԱԾ աշխատակից Ա. Խաչատրյանին, Գեղամի՝ Թուրքիայից Հայաստան բերած թմրանյութերը իրավապահները առգրավում են, Գեղամին «անփորձանք» ճանապարհում են Թուրքիա, իսկ Նոնային մեղադրում թմրանյութի ներկրման մեջ: «Ես թմրանյութ վաճառելու մտադրություն երբեք չեմ ունեցել»,- հավաստիացնում է Նոնան:

«Արմեն Խաչատրյանի հետ շուրջ 3 տարի աշխատել եմ նախկին ոստիկան Գեղամի ուղղությամբ: Սակայն արդյունքում 10 ամիս է, ինչ ազատազրկված եմ: Իմ եւ ընտանիքիս անվտանգության համար բնական է, որ խուսափում էի մասսայական բացահայտումներ անել: ԱԱԾ-ն փորձում էր փափուկ բարձ դնել գլխիս տակ: Իսկ իրականությունն այն էր, որ Արմեն Խաչատրյանը ու Գեղամը գիտեին, որ ինձ մոտ կա թմրանյութ: Խաչատրյանն իմ տան վարձի հետ կապված մեր տուն եկավ: Ապա ինձ տարան ոստիկանություն, հասկացա, որ օգտագործեցին այլ գործով ու խաբեցին ինձ»,- նշում է Նոնան: Շիրակի մարզի առաջին ատյանի դատաքննության ժամանակ Նոնային ասել են, թե Գեղամը նույնպես ԱԱԾ գործակալ է: Ստացվում է, որ գործակալներն աշխատել են միմյանց դեմ, ինչը, իհարկե, պատահում է, բայց պատճառ չի կարող հանդիսանալ՝ մարդուն ազատազրկելու համար:

«Հիմա անհանգստանում եմ երեխաներիս, նրանց անվտանգության համար: Օրեր առաջ վերջնագիր եմ ուղարկել Արմեն Խաչատրյանին, որ իրենց կատարած գործերի մասին ստիպված եմ հանդես գալ հրապարակավ, թերթերով: Ես չեմ լռելու: Չեմ հավատում անվտանգության սպասավորներին, որոնք տանիք են հանցաշխարհին: Իրար «կռիշ» կանգնելով՝ եռահարկ «ասաբնյակ» են կառուցում ու այնքան ամուր են պարիսպները, որ ով մոտենա՝ կհայտնվի բանտում»,- գրում է դատապարտյալը: Վերջինս մեր գրավոր հարցին, թե չի՞ վախենում, պատասխանեց հարցով. «Մի՞թե վախեցող մարդը դուրս կգար գորշ գայլերի դեմ: Մի՞թե 37 թիվն է, որ մարդկանց հետ վարվեն այնպես, ինչպես ուզում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել