Լրահոս
Օրվա լրահոսը

Քիչ կերեք, քիչ խմեք, քիչ ծխեք

Հուլիս 07,2007 00:00

Ալկոհոլի չարաշահումը, ծխախոտամոլությունը եւ ճարպակալումը հանգեցնում են հիպերտոնիայի:

Մայրաքաղաքի բնակիչների 30 տոկոսը տառապում է զարկերակային գերճնշում հիվանդությամբ: Ամառային այս սեզոնի, ինչպես նաեւ ուշ աշնան եւ ուշ գարնան եղանակային տատանումները մշտապես գերլարված վիճակում են պահում բարձր ճնշում ունեցողներին: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց «Շտապօգնություն» ՊՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանը, վերջին 6 տարվա ընթացքում շտապօգնության կանչերի թիվը զգալի ավելացել է եւ 2007- ի առաջին եռամսյակի վերլուծության համաձայն, 11%-ով ավելի կանչ է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդ որում, կանչերի գերակշիռ մասը սրտանոթային հիվանդությունների համար է: Թե ինչու է մեր երկրում զարկերակային բարձր ճնշմամբ տառապողների թիվը տարեցտարի ավելանում, ըստ մասնագետների, հիմնականում պայմանավորված է հայերի՝ մի քանի վատ «սովորություններով»՝ շատ ուտելով ու ճարպակալելով, շատ ծխելով եւ ալկոհոլը չարաշահելով: Բացի այդ, հիպերտոնիայով հիվանդանալուն նպաստում են նաեւ կերակրի աղի չափից ավելի գործածումը եւ սթրեսները: Ինչպես ցույց են տվել Հայկական բժշկական ասոցիացիայի՝ 748 ՀՀ քաղաքացիների շրջանում կատարած հարցման արդյունքները, բարձր ճնշմամբ տառապողների 30 տոկոսից ավելին եղել է ծխող: Հիպերտոնիկները, հատկապես՝ տղամարդիկ, հիմնականում թուլություն ունեն ալկոհոլի նկատմամբ, իսկ ալկոհոլի չարաշահումից, բժիշկների դիտարկմամբ՝ առաջանում են ոչ միայն սրտային անբավարարություն ու զարկերակային գերճնշում, այլեւ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներ: Ըստ հարցման արդյունքների, հարցվածների 56.7 (424 մարդ) տոկոսը մարմնի ավելցուկային քաշ է ունեցել, ընդ որում, նրանցից 158-ը՝ ճարպակալում: Եթե ալկոհոլային խմիչքների չարաշահմամբ աչքի են ընկնում հիմնականում հայ տղամարդիկ, ապա գիրացումն ու ճարպակալումը բնորոշ են հատկապես կանանց: Այդ մասին են վկայում նաեւ վիճակագրական տվյալները:

Ծխախոտամոլության, ալկոհոլը չարաշահելու եւ չափից շատ ուտելու արդյունքում՝ բժիշկներին մտահոգում է այն, որ զարկերակային գերճնշմամբ տարեցտարի սկսում են տառապել երիտասարդները: Եթե նախկինում դա տատիկ-պապիկների հիվանդություն էր, հիմա արդեն դրանով տառապում են անգամ 18 տարեկանները:

Ըստ գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանի, մայրաքաղաքում զարկերակային ճնշման բարձրացում ունեն ավելի շատ կանայք, քան տղամարդիկ: Նկատենք, որ այս տվյալները վերաբերում են միայն մայրաքաղաքի բնակչությանը, քանի որ ամբողջ հանրապետության մասշտաբով երբեւէ հիպերտոնիկ հիվանդների հետ կապված ուսումնասիրություն չի կատարվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել