Լրահոս
Օրվա լրահոսը

Բակի հաշվին՝ ավտոտնակ

Հուլիս 10,2007 00:00

Արդեն մեկ տարուց ավելի է՝ Պուշկինի 52 հասցեի բնակիչները քուն ու դադար չունեն

Գիշեր-ցերեկ շենքի բակում ընթացող շինարարական աշխատանքների հետեւանքով բնակիչները ոչ մի օր հանգիստ չեն ապրում: Նրանց ներկայացմամբ. «Մեր դիմացի շենքի 2-րդ եւ 3-րդ հարկերի սեփականատերերը ընդհանուր բակի հաշվին մոտ 6 մետրի չափով ընդարձակում են իրենց բնակարանները: Բավական չէ, որ շինարարության աղմուկը մեզ խանգարում ու անհանգստություն է պատճառում, դեռ կառուցապատողներն էլ շինարարական աղբն ու կոտրտված ծառերի ճյուղերը հենց մեր շենքի բակում են թափում: Ամիսներ շարունակ այդ աղբն էդպես էլ մնում է: Կառուցապատողին չենք կարողանում գտնել, թաղապետարանից էլ ասում են, թե իրենք պատասխանատու չեն, շինարարություն իրականացնողն ինքն է պարտավոր աղբը բակից մաքրել»:

Թիվ 52 շենքի բնակիչներից մեկի խոսքերով էլ. «Եթե մեզանից մեկը ցանկանա բակի հաշվին իր բնակարանն ընդարձակել՝ հաստատ թույլ չեն տա, կասեն, որ բակն ընդհանուրի սեփականությունն է: Մենք վստահ ենք, որ իրականացվող շինարարությունն ապօրինի է»: Մի քանի օր առաջ էլ 52 շենքի երկրորդ մասնաշենքի բակում առաջին հարկի բնակարաններից մեկի՝ ազգությամբ պարսիկ սեփականատերը ավտոտնակի շինարարություն է սկսել: Շենքի բնակիչների ներկայացմամբ. «Չկարողանալով շենքի բակում որեւէ ավտոտնակ կամ հարմար կայանման տեղ գտնել իր մեքենայի համար, որոշեց սեփական ավտոտնակ կառուցել: Մի օր առավոտյան բանվորների հետ եկավ, բակը ցանկապատեց, ու սկսեցին պատ շարել: Փորձեցինք բանվորներից ճշտել, թե ում թույլտվությամբ են շինարարություն անում, նրանք էլ պատասխանեցին, թե՝ էս գործն անողը ծանոթ էլ ունի, փող էլ, իզուր չբողոքեք»:

Այս առնչությամբ թաղապետարանի լրատվական ծառայությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ թաղապետարանի խորհրդակցության ժամանակ քննարկվել է նաեւ Պուշկինի 52 շենքի բակում իրականացվող կառույցի հարցը: Պարզվել է, որ շինարարությունն իրականացվում է ապօրինի կարգով՝ առանց քաղաքապետարանի համապատասխան թույլտվության: Ըստ նույն աղբյուրի, երեկվանից 52 շենքի բակում շինարարական աշխատանքները կասեցվել են, իսկ կառուցապատողը պարտավորվել է կառույցը քանդել:

Ինչ վերաբերում է նույն շենքի մյուս մուտքի 2 բնակիչների՝ բնակարանների ընդարձակման նպատակով բակի հաշվին կատարվող շինարարությանը, ապա լրատվական ծառայությունից հայտնեցին. «Սեփականատերերի կողմից բնակարաններն ընդարձակելն օրինական է եւ կա համապատասխան թույլտվություն: Անօրինականը նրանց աշխատանքների արդյունքում շենքի բակում մնացած աղբն է: Սակայն ԲՇՏ-ն (ԺԷԿ) մեր հանձնարարականով 2 օրվա ընթացքում բակը կմաքրի շինարարական աղբից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել