Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԼՈՏԻ» ՇԱՀՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հուլիս 10,2007 00:00

«ՍՊՍ Սիգարոնի» շահումային երկրորդ մեքենան ուղեւորվեց Ախուրյան

«ՍՊՍ Սիգարոն» ընկերության կազմակերպած «Բլոտ» եւ «Բլոտ» սլիմս ծխախոտների միջոցով շահումների ակցիայի շրջանակներում «Նիվա» մակնիշի մեքենան այս անգամ շահեց Ախուրյանի շրջանի Գետք գյուղի բնակիչ Արտաշես Աղուզումցյանը: Հիշեցնենք, որ «Բլոտ» ծխախոտը հայկական շուկա է մուտք գործել ընդամենը 6 ամիս առաջ եւ Ա. Աղուզումցյանն արդեն 2-րդ երջանիկն է, որ մեքենա է շահում: Վերջինս երեկ մեզ հետ զրույցում պատմում էր, որ լսելով այս ակցիայի մասին՝ ինքն ու հայրը որոշել էին անպայման «Նիվան» շահել. «Ամեն առավոտ 5 տուփ «Բլոտ» էի առնում, 3-ը՝ ինձ, 2-ը՝ հորս: Հայրս ամեն օր ասում էր, որ մենք մեքենա ենք շահելու: Շատ էր հավատում, եւ տեսնում եք՝ շահեցինք: Ընդամենը մեկ ամիս հետո, 2-ով հավաքեցինք «4 տուզ» կոմբինացիան, եւ ես եկա Երեւան շահումս ստանալու: Մեր գյուղում շատերն էին շահում, ասենք՝ թեյնիկ, արդուկ, բայց մենք պայքարում էինք հենց մեքենա շահելու համար: Մեր գյուղի ճանապարհների համար էլ հարմար է, տղայիս ծննդյան օրը ինձ մեծ նվեր եղավ: Տանեմ ինքն էլ կուրախանա»: Ընկերության ղեկավարությունն Ա. Աղուզումցյանին մեծ ուրախությամբ դիմավորեց, շամպայնով շնորհավորեց ու հանձնեց մեքենայի բանալիները, մի քանի ֆիրմային մեքենաներով էլ շահողին ճանապարհեցին մինչեւ Գետք:

Նշենք, որ այս ակցիայի շրջանակներում արդեն եղել են ընդհանուր առմամբ 150 միլիոն դրամի շահումներ, որոնց մեջ ներառված են 22 հազար բջջային հեռախոսի լիցքավորման քարտ, մոտ 3 հազար թեյնիկ, արդուկ ու DVD, 30 հեռուստացույց, 25 սառնարան, 20 լվացքի մեքենա եւ 30 համակարգիչ, ինչպես նաեւ 2 «Նիվա» մեքենա: Այս ամենը քաղաքացիները կարող են շահել «Բլոտ» ծխախոտի տուփի մեջ նշված խաղաթղթերի միջոցով՝ հավաքելով բլոտի կանոններին համապատասխան կոմբինացիաներ:

Ընկերության ղեկավարությունը հավաստիացնում է, որ շահումային ակցիան շարունակական է եւ «Նիվաներ» շահելու են անընդհատ: «ՍՊՍ Սիգարոն» ընկերության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Նվեր Սարգսյանի խոսքերով՝ «Բլոտ» ծխախոտը նախատեսված է միայն հայաստանյան շուկայի համար, չնայած իրենց ընկերության արտադրանքի 75%-ը արտահանվում է: Պարոն Սարգսյանն ասում էր նաեւ, որ իրենց ընկերությունն ու բլոտի ֆեդերացիան հունիսի 29-ից հուլիսի 2-ը մայրաքաղաքում կազմակերպել էին բլոտի առաջնություն, որին մասնակցել էր Երեւանի եւ մարզերի 268 թիմ, նրանք առաջնությանը մասնակցելու համար պետք է ներկայացնեին 300 «Բլոտի» դատարկ տուփ. «Այսպիսի առաջնություն էինք կազմակերպել նաեւ մինչեւ «Բլոտ» սլիմսի շուկա մտնելը, այն ժամանակ էլ մասնակիցները պետք է ներկայացնեին 200 «Բլոտ» ապրանքային նշանով ծխախոտի դատարկ տուփ: Այս առաջնությանը մասնակցում էր նաեւ 14 կին, հիմնականում տղամարդկանց հետ զույգ կազմելով: Մրցանակային ֆոնդը 500 հազար դրամ էր, 1-ին տեղի համար նախատեսված էր 200 հազար դրամ, կային նաեւ խրախուսական դրամական պարգեւներ՝ 25 հազարական դրամով: Եզրափակիչում էին Երեւանի եւ Վանաձորի թիմերը, թեժ պայքարում հաղթեցին եւ առաջին պատվավոր տեղը գրավեցին վանաձորցիներ Արտաշ Թեմրազյանն ու Արշալույս Համբարձումյանը: Մենք նախատեսել ենք այս առաջնությունը դարձնել շարունակական ու քանի որ մասնակիցների թիվն անընդհատ կրկնապատկվելու է («Որովհետեւ ծխախոտը դեռ նոր է եւ շատերը չգիտեն դրա շուկա դուրս գալու մասին»,- բացատրում է Ն. Սարգսյանը), ուստի մրցանակային ֆոնդն էլ պետք է ավելանա: Հաջորդ առաջնության ֆոնդը նախատեսում ենք հասցնել մինչեւ 1 միլիոն դրամի»:

«ՍՊՍ Սիգարոնը» վերջերս հայկական շուկա է դուրս բերել նաեւ «M & D» ապրանքանշանով ծխախոտը, որը պատրաստված է եվրոպական առաջատար ֆիրմաներից գնված բարձրակարգ ծխախոտափնջից: Ի դեպ, այս ապրանքանշանն էլ է շահումով: «Շահողներն անմիջապես՝ հենց ծխախոտի տուփի մեջ կարող են գտնել 1000-ից 50 000 դրամ: Ծխախոտները երեք տեսակի են, ըստ թնդության աստիճանի՝ կարմիր, կապույտ եւ դեղին. սլիմս, սլիմս լայթ եւ սլիմս սուպեր լայթ»,- ներկայացրեց Նվեր Սարգսյանը:

Հիշեցնենք, որ «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը հիմնադրվել է 1999-ին եւ իր արտադրանքը արտահանում է ավելի քան 30 երկիր: Ինչպես հավաստիացնում է ընկերության ղեկավարությունը՝ այս տարիների ընթացքում մոտ 10 անգամ արտադրանքի աճ են ունեցել: Ընկերության ռազմավարական ուղիներից է նոր շուկաներ գրավելը, այնտեղ ամրապնդվելն ու նոր տեսականիների ավելացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել