Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԳԼՈՒԽ ՋԱՐԴԵԼ

Հուլիս 12,2007 00:00

\"\"Ավտոկայանին հարակից Նորագյուղ թաղամասի բնակիչներից շատերը պատրաստ են պատերազմել քաղաքապետարանի ուղարկած բուլդոզերների դեմ:

 

Կոզեռնի, Բուզանդի եւ Կոնդ թաղամասերի ցուցարարներին հնարավոր է շուտով միանան նաեւ Նորագյուղի բնակիչները: Այս թաղամասը եւս քաղաքապետարանը մտադիր է հայտարարել իրացման գոտի եւ այդ տարածքում կառուցել միջազգային մշակութային բիզնես-կենտրոն: Այդ ծրագիրը թեեւ դեռ նախագծային փուլում է, բայց նորագյուղցիներն արդեն ահը սրտներում սպասում են բուլդոզերների:

«Մեզ չեն կարող քշել այստեղից: Բոլորս միասին դուրս կգանք ու փողոցը կփակենք: Գիտեն թե կարա՞ն այդքան հեշտ գան ու քանդեն: Թե ռիսկ ունեն՝ թող գան, էստեղ բոլորը ապարանցիներ են, քարերով գլուխները կջարդենք: Դե թող փորձեն մտնեն մեր թաղ, էրեխեքին կնստացնենք պատերի տակ, ի՞նչ պիտի անեն, բուլդոզերներով հո՞ չեն հելնի էրեխեքի վրա»,- «Առավոտի» հետ զրույցում քաղաքապետարանի մշակած նոր նախագծից բողոքեցին բնակիչները:

Նկատենք, որ Նորագյուղում կան ծայրահեղ աղքատ խրճիթանման տներ եւ բավականին շքեղ առանձնատներ՝ կողք կողքի: Խրճիթների տերերը երկու ձեռքով կողմ են նախագծի իրականացմանը եւ հույսով սպասում են քաղաքապետարանի առատ փոխհատուցմանը: Նախագիծը հարուցել է հատկապես առանձնատների տերերի զայրույթը: Ու թեեւ քաղաքապետարանը խոստանում է բիզնես-կենտրոնում տարածքի վտարված բնակիչների համար երկու բնակելի շենք կառուցել, առանձնատներում ապրողները մեզ հետ զրույցում հավաստիացնում էին, որ անգամ գայթակղիչ փոխհատուցման դեպքում չեն համաձայնի տեղափոխվել: «Մենք ամբողջ կյանքում մեծ ընտանիքով ապրել ենք առանձնատներում, ես երբեք բազմաբնակարան շենքում չեմ ապրի, ուզում է էլիտար լինի, ուզում է՝ ոչ: Ես թույլ չեմ տա իմ ձեռքերով կառուցած տունը քանդել»,- դժգոհեց բնակիչներից մեկը:

Նորագյուղի բնակչուհի Ալմաստ Գաբրիելյանի խոսքերով՝ «Երկար տարիներ ու մեծ գումար է պահանջվել, որ տարածքը քարերից ու աղբից մաքրեմ, տեղը տուն կառուցեմ: Վերջապես տան կառուցումն ավարտին եմ հասցրել, հազիվ վայելում ենք մեր բնակարանը: Ես կվարտիրա չեմ ուզում, երկհարկանի տուն ունեմ, հողամաս եմ մշակում, ինչի՞ս է պետք իրենց էլիտար կվարտիրան: Հիմա ինչ-որ մեկը որոշել է գա ու քանդի՞ իմ տունը: Ով որ բարաքներում է ապրում, կարող է համաձայնվի, որ իր տունը քանդեն, բայց ոչ ես»: Նորագյուղի բնակչուհի Աննա Մարտիրոսյանն էլ մտահոգություն հայտնեց, որ քաղաքապետարանը իր գնահատողներին կբերի ու տարածքները օբյեկտիվ չեն գնահատի, կառաջարկեն այնքան գումար, որքան քաղաքապետարանի սրտով կլինի. «Ես 110 քմ տարածք ունեմ, 400 մետր էլ մշակելու հող, գիտեմ, երբ օրը գա՝ դրա դիմաց չնչին գումար կտան: Մինչեւ 1 քմ-ի դիմաց 1500 ԱՄՆ դոլար չտան, այն էլ՝ կանխիկ, այստեղից դուրս եկողը չեմ»:

Քաղաքապետարանի նախագծով՝ Իսակովի պողոտան՝ «Զվարթնոց» օդանավակայանից մինչեւ Կենտրոն, պետք է դառնա մայրաքաղաքի հանդիսավոր մուտքը: Ըստ նորագյուղցիների, քաղաքապետարանն ուզում է իրենց թաղամասը բիզնես-կենտրոն դարձնել՝ արտասահմանցիների աչքը երեւանցիների սոցիալական խնդիրների դեմ փակելու համար: Բնակիչ Սուսաննա Արշակյանի խոսքերով. «Ամաչում են Նորագյուղը արտասահմանցիներին ցույց տան: Ուզում են դրսից եկածներին ցույց տան, իբր մեզ մոտ ամեն ինչ լավ է, սիրուն թաղամասեր ունենք, ուրեմն թող օդանավակայան տանող ճամփեն փոխեն: Մենք ստեղից դուրս եկողը չենք»:

Ի տարբերություն առանձնատների բնակիչների, ավելի համեստ ու աղքատիկ տներում բնակվողները հավաստիացնում էին, որ Նորագյուղը բիզնես եւ մշակութային կենտրոն դարձնելը քաղաքապետարանի արած երբեմնի ամենալավ գործը կլինի. «Վերջապես կարգին տուն կունենանք, հիմա մենք զուգարան գնալու համար խալխի ննջարանով ենք անցնում, սկի 3 մետր բակային տարածք չունենք, որ ուզենանք շտապօգնություն կամ հրշեջ մեքենա կանչել՝ չենք կարող, այնքան նեղ փողոցներ են՝ մեքենա չի մտնի»:

Նորագյուղը բիզնես-կենտրոն դարձնելու առնչությամբ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ դա նախատեսված է Երեւանի կառուցապատման եւ գոտեւորման նախագծով, որը, պարոն Դանիելյանի խոսքերով՝ «ապագայի ծրագիր է» եւ հնարավոր է առաջիկա 5-10 տարիների ընթացքում իրականացվի. «Այդ թաղամասում գույքագրման եւ սեփականաշնորհման խնդիր կա, մինչեւ այդ հարցերը չլուծվեն՝ ոչ մի շինարարություն չի սկսվելու: Նորագյուղ թաղամասում կան տներ, որոնք տարրական կենցաղային պայմաններ չունեն եւ քաղաքաշինական նորմերին չեն համապատասխանում: Նմանատիպ տները քանդելու ենթակա են: Ես չեմ կարծում, թե 21-րդ դարում որեւէ մեկը կցանկանա ապրել առաջնային կենցաղային պայմաններ չունեցող տներում»: Իսկ թե ի՞նչ ճակատագիր է սպասվում այդ թաղամասում կառուցված բարեկարգ եւ ժամանակակից կենցաղային պայմաններով առանձնատներին, դրանք է՞լ են խրճիթների հետ քանդվելու՝ մեր հարցին պարոն Դանիելյանը պատասխանեց. «Եթե դրանք իրենցից ճարտարապետական նշանակություն չեն ներկայացնում կամ ճարտարապետական հուշարձաններ չեն, կամ եթե քաղաքաշինական նորմերին չեն համապատասխանում, ապա՝ այո՛, կքանդվեն, բայց դրանք մանրամասն կուսումնասիրվեն եւ կհետազոտվեն՝ սեյսմակայո՞ւն են, թե՞ ոչ, պիտանի՞ են բնակվելու, թե՞ ոչ: Եթե սեյսմակայուն չեն, ապա պիտի քանդվեն, դրանք վերանորոգման էլ ենթակա չեն»: Գլխավոր ճարտարապետը վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են՝ նորագյուղցիներին չնեղացնելու համար. «Այնպես կանենք, որ բնակիչը գոհ լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել